Վերլուծական

Քաղաքական առեւտուր՝ մեծ պետությունների միջեւ


Օրերս տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե Սիրիայի Մամբիջ քաղաքում կարող են բախումներ լինել թուրքական եւ ամերիկյան զինուժի միջեւ: Վերլուծաբան, թուրքագետ Տարոն Հովհաննիսյանը, սակայն, կարծում է, որ այս պահին նման սցենարի հավանականությունը բարձր չէ:

Որքան էլ կողմերը Սիրիայի տարածքում ունենան հակասություններ, իրենք կփորձեն այդ հակասությունները լուծել պայմանավորվածությունների միջոցով, ինչպես Ռուսաստանն ու Թուրքիան եւ Թուրքիան ու Իրանն են պայմանավորվում Սիրիայի տարածքում՝ նկատել է վերլուծաբանը: Հետեւաբար, ըստ նրա, ուղիղ առճակատում այդ ուժերի միջեւ չի լինի:

Թուրքիայի մերձավորարեւելյան քաղաքականությանն այսօր անդրադարձել է նաեւ թուրքագետ Սոնա Սուքիասյանը: Վերլուծաբանները մտահոգություն են հայտնել, որ Թուրքիան կարող է իր սպառնալիքները կյանքի կոչել եւ չբավարարվել Աֆրինով, ինչի դեպքում վտանգի մեջ կհայտնվի որոշ քաղաքների բավականին հոծ թվով հայ բնակչությունը, այդ թվում՝ Ղամշլիի:

 

Թեպետ պնդել հնարավոր չէ, սակայն, հավանաբար Սիրիայի Հալեպ քաղաքից հյուսիս ընկած Թել Ռիֆաթ քաղաքի շուրջ Թուրքիան եւ Ռուսաստանը համաձայնության են եկել, որ այն վերահսկի սիրիական կողմը: Այս կարծիքին է վերլուծաբան, թուրքագետ Տարոն Հովհաննիսյանը: Անդրադառնալով Թուրքիայի մերձավորարեւելյան քաղաքականությանը՝ նա նկատեց, որ Թուրքիան այլեւս վերահսկում է Աֆրինի հիմնական մասը, այդ թվում՝ նաեւ Աֆրին կենտրոնը: Թուրքագետը դիտարկմամբ՝ այդ տարածքում Թուրքիան սկսել է իրականացնել սիրիայի բնակչության թրքացման քաղաքականություն՝ ներմուծելով Թուրքիայի կրթական համակարգը:

«Նախ ժողովրդագրական պատկերը կփոխեն. քրդերն այդտեղ այլեւս չեն լինի մեծամասնություն: Մյուս կողմից, կրթական համակարգը իրենց հսկողության տակ վերցնելով, կձեւավորեն մի սերունդ, որը, եթե անգամ ինչ-որ մի օր հրաշքով Սիրիայի ամբողջականությունը վերականգնվի, ինչի հավանականությունն այս պահին շատ փոքր է, իրենք կունենան այդտեղ բնակչություն, որն ավելի հավատարիմ կլինի Էրդողանին կամ այդ պահի Թուրքիայի իշխանությանը, քան ցանկացած սիրիական կառավարության»:

Թուրքագետ Սոնա Սուքիասյանն էլ նկատեց, որ Թուրքիան կրթական ոլորտից բացի իր այդ քաղաքականությունը տանում է նաեւ այլ միջոցներ որդեգրելով, որպեսզի ամբողջությամբ իր ազդեցությունը տարածի Սիրիայի բավականին խոշոր տարածքներում:

«Տեսնում ենք նաեւ, որ Թուրքիան փորձում է իր դիրքերն ամրապնդել՝ օգտագործելով իսլամի գործոնը»:

Վերլուծաբանները հատկապես մտահոգիչ են համարում թուրքական ամենատարբեր մակարդակներից հնչող հայտարարությունները, թե Սիրիայի տարածքում գործողությունները չեն դադարելու միայն Աֆրինով եւ դրանք շարունակվելու են նաեւ Մամբիջում ու մինչեւ Իրաքի սահման:

«Մենք գիտենք, որ այդ հատվածներում կան նաեւ քաղաքներ, որոնք բնակեցված են հայերով:  Այդ թվում՝ նաեւ Ղամշլի քաղաքը: Բնականաբար այստեղ վտանգ է ստեղծվում հայերի համար: Այստեղ հայկական կողմը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, որովհետեւ ինչքան էլ այնտեղից գաղել եւ բնակություն են հաստատել Հայաստանի տարածքում կամ եվրոպական երկրներում, այնտեղ դեռեւս կա հոծ բնակչություն, որն, իրոք, սպառնալիքի տակ կարող է հայտնվել»:

Տարոն Հովհաննիսյանը, սակայն, կարծում է, որ թուրքական կողմը Մանբիջի հարցում չի գնա որեւէ գործողության, քանի դեռ ամերիկյան կողմի հետ չի կարողացել բանակցությունների միջոցով ինչ-որ արդյունքի հասնել:

Այսինքն, Թուրքիայի հետագա գործողությունները կախված են ԱՄՆ-ի դիրքորոշումից՝ կարծիք հայտնեց վերլուծաբանը՝ շեշտելով, որ Սիրիայի տարածքում հստակ ընթանում է քաղաքական առեւտուր հիմնական խաղացող մեծ պետությունների միջեւ, որի արդյունքները որեւէ մեկը չի կարող ասել:

Այդ առումով, ըստ վերլուծաբանների,  այստեղ ոչինչ չի փոխի նաեւ Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ վաղը կայանալիք հանդիպումը:

Կարդացեք նաև

Back to top button