

2018-ին սպասվող տոնակատարություններին ընդառաջ՝ Գրենոբլի «Հայկական մշակույթի տունը» հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ կազմակերպելով համահայկական ֆլեշմոբ «Արի պարի քոչարի»՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100 և Էրեբունի-Երևանի 2800 ամյակներին:
«Բաց մի թողեք աշխարհին ներկայանալու նման հնարավորությունը»,- ֆրանսիական Գրենոբլ քաղաքից կոչ են անում նախաձեռնության հեղինակները:
Մանրամասների շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է Գլենոբլի մշակույթի տան Հայաստանի հետ կապերի պատասխանատու Սիրանուշ Խաչատրյանի հետ:
2018թ. մայիսի 26-ին աշխարհի տարբեր անկյուններում բնակվող բոլոր հայերով պարել հաղթական քոչարին՝ ի պատիվ մեր բոլոր հաղթանակների և ի նշան մեր միասնականության: «Արի պարի քոչարի» համահայկական նախագծի նպատակն այսպես է ձևակերպում Գրենոբլի մշակույթի տան Հայաստանի հետ կապերի պատասխանատու Սիրանուշ Խաչատրյանը.
Պարի ընտրության հարցում ընդհանրապես չեն երկմտել, իհարկե քոչարի, որովհետև այն յուրաքամչյուր հայի երակներում է: Գրենոբլի «Հայկական մշակույթի տան» ներկայացուցիչն ասում է՝ հայկակակ քոչարիի շուրջ մեծ սիրով կմիավորվեն նաև ֆրանսիացիները:
Եվ, թերևս, գլխավոր հարցը՝ ինչպես միանալ ֆլեշմոբին: Սիրանուշ Խաչատրյանը պարզաբանում է. «Նախագծի ձևաչափին համապատասխանելու համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր մասնակիցները պարեն աշխարհի տարբեր անկյուններում, բայց միևնույն օրը՝ մայիսի 26-ին»:
Նկարահանեք ձեր պարը ցանկացած տեսախցիկով կամ հեռախոսով և հնարավորինս մեծ պլանով:Վերբեռնելով ձեր տեսանյութը youtube կամ facebook սոցիալական ցանցերում անպայման վերնագրի մեջ ավելացրեք #aripariqochari հեշթեգը: Ըստ նախաձեռնության հեղինակների, այն կօգնի որոնման համակարգերին տեսանյութը դարձնել արագ հասանելի:

Տեսանյութի նկարագրության մեջ նշեք, թե որ երկրում, քաղաքում կամ գյուղում է այն նկարահանվել և կայքում առկա քարտեզի վրա ձեր տեսանյութը կտեսնեք մյուս բոլոր տեսանյութերի կողքին:
«Արի պարի քոչարի նախագիծը առաջին համահայկական ֆլեշմոբն է իր տեսակի մեջ, որին կարող է մասնակցել մեզնից յուրաքանչյուրը՝ մայիսի 26-ին, թեկուզ և սեփական բնակարանում պարելով հաղթական քոչարին՝ ի նշան միասնության:
«Արի պարի քոչարի» կայքէջի հասցեն հետևյալ հղումով՝ http://www.aripariqochari.com/




