

Ինչ է լինելու ապրիլին՝ այն ժամանակ, երբ նոր Սահմանադրությամբ եւ նոր կառավարման համակարգի համաձայն լուծված են լինելու բոլոր հարցերը:
Սա հարց է, որը հուզում է շատերին, բայց պատասխաններն այս պահին անգամ չգիտեն ընդդիմադիրները:
Թեեւ ՀՀ 4-րդ նախագահը նոր է ընտրվել՝ ընդամենը 1 օր է, բայց շատերի մոտ առաջացել է նաեւ նոր հարց՝ արդյո՞ք երբեւէ Արմեն Սարգսյանի մոտ կառաջանա կուսակցական եւ վարչապետ դառնալու ցանկություն:
Նոր Սահմանադրությամբ կարեւորագույն փուլերից մեկը երեկ հաղթահարեցինք՝ խորհրդարանն ընտրեց երկրի նախագահի: Առաջիկայում նոր վարչապետ ունենալու հարցը պետք է լուծվի: Այս հարցում հանրապետական խմբակցության պատգամավորները համառ են՝ ժամանակից շուտ բացահայտումներ չեն անում, անգամ պնդում են՝ խնդիրը կուսակցությունում դեռ չի քննարկվել:
Լցոնումների, ընտակեղծիքների եւ ընտրակառաքների մասին լուրերն այս անգամ չխառնեցին հասարակությանը: Ընտրություններից հետո ավանդական բողոքի ալիքը՝ չկա: Դրան, ըստ էության, դեռ պատրաստ չէ նաեւ խորհրդարանական ընդդիմությունը:
Բոլոր փոփոխությունները պետք է լինեն ներդաշնակ՝ համոզված է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Երկրի նախագահի փոփոխությունից հետո կուսակցության համար փորձություններով լի ժամանակաշրջան չի ակնկալում:
Նախագահի այս ընտրություններում խորհրդարանական ընդդիմության բարձրացրած թեթեւակի աղմուկին ըմբռնումով է մոտենում գեներալ Սեյրան Սարոյանը: Կարծում է՝ բոլոր քայլերը հստակ հաշվարկված են եւ խորհրդարանական ընդդիմության աղմուկը շարունակություն չի ունենա:

Այս դեպքում անկուսակցական նախագահն ու կուսակցական վարչապետն ինչպես են հետագայում հասկանալու միմյանց ու կիսելու պատասխանատվությունը: Հարցի բանաձեւը գիտի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին երկրի ղեկավարի լիազորությունները կհանձնվեն ապրիլի 9-ին՝ ուղիղ այն օրը, երբ ավարտվելու են նախորդ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները:




