Վերլուծական

Արցախ այցելելու մարդկանց մտադրությունը կանխելու Ադրբեջանի հերթական քարոզչական խաղը

Չկան համապատասխան միջազգային իրավական նորմեր, որոնք կարող են խոչընդոտել Եվրոպայի որևէ քաղաքացու այցը Արցախ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Դա նրանց իրավունքն է։

Եվրամիության Խորհուրդը հստակ հայտարարել է, որ ԵՄ ներկայացուցիչները պետք է անվերապահ մուտք ունենան Արցախ, ասում է  Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյան խոսելով Ադրբեջանի կողմից իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին:

Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետն էլ տեղեկացնում է, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է և Գասպար Կարապետյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չէ:

«Անհեթեթություն». հակիճ այսպես է գնահատում Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանն իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու  Ադրբեջանի գլխավոր դատախազության քայլը: Նրա կարծիքով՝ Բաքվի այս գործելաոճը Ադրբեջանի հասարակության մոտ զորավոր երկրի կերպար, իսկ դրսում՝ նաև վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ ՝ հետապնդում:

Բայց այդ գործելաոճը որևէ արդյունքի չի բերի՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցրեց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:

Ավելի լավ է Բաքուն զբաղվի իր երկիր ներսում առկա խնդիրների լուծմամբ,  որոնց պակաս Ադրբեջանում չկա՝ ասում է  Գասպար Կարապետյանը՝ հիշեցնելով, որ Արցախն անկախ պետություն է և յուրաքանչյուրն ոք ազատ կարող է այցելել այնտեղ:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել կալանավորումը, սակայն  Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանը «Ռադիոլուր»-ին տեղեկացրեց, որ Գասպար Կարապետյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չէ:

Ադրբեջանի դատախազությունը հայտարարում է, թե հետախուզման պատճառը Կարապետյանի կողմից «Ադրբեջանի պետական սահմանի բազմակի կանխամտածված խախտում»-ն է, Լեռնային Ղարաբաղի հանրապետության «օգտին քարոզչությունը միջազգային մակարդակով»։ Նման հիմնավորվումներով, իհարկե, կարելի է Ինտերպոլով հետախուզում հայտարարել՝ ասաց Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետը:

ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նույնպես Բաքվի այս քայլը որակում է իբրև վախի մթնոլորտ ստեղծելուն միտված քայլ, որին նպատակը պարզ է.

«Եվրախորհրդարանում մի քանի միկջոցառումներ են նախատեսված 30 տարվա առիթով ու փորձում են կանխել մասնակցությունը»

Բաքվին, սակայն, չի հաջողվի այս միջոցներով փոխել Արցախ այցելելու մարդկանց մտադրությունը՝ համոզված են զրուցակիցներս: Ավելին՝  չեն բացառում, որ այս գործելաոճը հակառակ արդյունքի հանգեցնի՝ մարդիկ սկսեն ավելի շատ այցելել Արցախ:

Կարդացեք նաև

Back to top button