Մշակույթ

Սարյանի ապակե «Ծաղիկները» առաջին անգամ կցուցադրվեն Երևանում

Երևանում առաջին անգամ կցուցադրվի «Մարտիրոս Սարյան» ֆիլմում ստեղծված «Ծաղիկներ» եզակի աշխատանքը՝ ապակու վրա: Ֆիլմի ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի հուշերից և ֆիլմի մասին արձագանքներից կազմված՝  «Սարյանը նկարում է ծաղիկներ» գրքի և «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի տեսասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա Վարպետի ծննդյան օրը՝փետրվարի 28-ին:

«Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմը Լաերտ Վաղարշյանը նկարահանել է 1965 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում, տեքստի հեղինակը  Իլյա  Էրենբուգն է, երաժշտության հեղինակը՝ Վարպետի որդին՝ Ղազարոս Սարյանը: Լսենք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ սոֆյա Սարյանին:

«Թանգարանում այս ֆիլմը ցուցադրվում է, և այն շատ են սիրում մեր այցելուները: Անգամ երեխաները կարող են երկար ժամանակ նստել ու կլանված նայել ֆիլմի հատկապես այն հատվածը, որում Սարյանը նկարում է ծաղիկներ՝ ապակու վրա: Շատերին, իհարկե, հետաքրքրում է՝ իսկ որտե՞ղ են այդ «Ծաղիկները»»:

Վարպետի  թոռնուհին՝ Սոֆյա Սարյանն ասում է, որ նկարի որոնումների ընթացքում հետքերը տարել են դեպի Ռուսաստան: Պարզվել է, որ Սարյանի՝ ապակու վրա արված եզակի աշխատանքը գտնվում է մոսկվաբնակ  կոլեկցիոներ Յուրի Նոսովի անձնական հավաքածուում:

«Մենք խնդրեցինք նրան՝ գունե մեկ շաբաթով հնարավորություն տալ մեզ նկարը ցուցադրելու  Երևանում՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Պարզվեց, որ նա ծանոթ չէ ֆիլմին, որի շնորհիվ և ծնվել է այս աշխատանքը: Նոսովը նկարն անձամբ կբերի Երևան, կմասնակցի փետրվարի 28-ին կայանալիք միջոցառմանը, կծանոթանա  Սարյանի ապակե «Ծաղիկներ»-ի պատմությանը»:

https://www.facebook.com/ARMMINCULT/videos/1538284969559130/

«Ծաղիկներ»-ի ստեղծման պատմությանն իր հուշերում անդրադարձել է «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի ռեժիսոր Լաերտ Վաղարշյանը:

«Իր հուշերում Վաղարշյանը գրում  է. «Ստեղծագործական պահին չափազանց դժվար էր «որսալ» կամ ուղղորդել Վարպետին, որովհետև նա չէր սիրում հատուկ դերի մեջ մտնել, ինչ-որ դիրք ընդունել: Ծաղիկները նկարելու պահին ժապավենն ընդհատվեց: Երբ խնդրեցին դադարեցնել աշխատանքը, Սարյանը ուշադրություն անգամ չդարձրեց ու շարունակեց նկարել: Ստեղծագործական հորձանքի մեջ հայտնված Վարպետին այլևս անհնար էր կանգնեցնել»:

Ապակու վրա աշխատելու՝ ռեժիսորի գաղափարը  հնարավորություն էր տալիս բացահայտելու Սարյանին ստեղծագործելու պահին, հասկանալու նրա «տեխնիկան».  կարմիր, կապույտ, սպիտակ…«մաքուր» գույներով վրձնահարվածներ՝ ակորդներ.. արդյունքում՝ գույների սիմֆոնիա: 85-ամյա Սարյանը չի անում նախնական որևէ էսքիզ: Վրձնով ու ներկով նկարում է հենց ապակու վրա: Թոռնուհու խոսքով, սա եզակի վարպետություն էր պահանջում:

Սոֆյա Սարյանը նաև պատմում է, որ ֆիլմում նկարահանվելու առաջարկությունը Վարպետին  Լաերտ Վաղարշյանն արել է 1963 թվականին՝ Սարյանի կյանքի, թերևս, ամենածանր ժամանակահատվածում:

«Նա նոր էր կորցրել ավագ որդուն, իսկ քննադատները շարունակում էին քարկոծել՝ անվանելով  Սարյանին «ֆորմալիստ»: Նա այնպիսի հոգեվիճակում էր, որ անգամ կտրտում էր իր կտավներն ու գորգի նման փռում արվեստանոցում՝ ասելով, թե՝ ոչ  մեկին պետք չեն դրանք: Նման ծանր ճակատագրի արժանացավ նաև «Դիմակներ» կտավը»:

Թոռնուհու խոսքով, Վաղարշյանի ֆիլմի շնորհիվ  տեղի ունեցավ Սարյանի վերարժևորումը: Հենց այդ ընթացքում Երևանի նկարիչների տանը կազմակերպվեց  Սարյանի անհատական ցուցահանդեսը: Մոսկվայից բերեցին ու առաջին անգամ ցուցադրեցին նրա վաղ շրջանի գործերը, որոնք մինչ այդ մերժվում էին ու պահոցներից դուրս չէին բերվում:

Վարպետին ընկալեց նաև ժողովուրդը, և Սարյանը դարձավ Սարյան:

Կարդացեք նաև

Back to top button