Տնտեսական

Բնապահպանները ահազանգում են, «Լիդիան Արմենիան»-ը՝ հակադարձում

Բնապահպաններն ու փորձագետները շարունակում են պնդել՝ հանքի շահագործումը վտանգավոր է: Կորցնում ենք Սևանը, Ջերմուկը և ոչ միայն: Այսօր Երևանում Ամուլսարի ծրագրի հետ կապված հերթական քննարկումն էր կազմակերպվել:

Հնչել են քննադատություններ, բերվել են փաստարկներ: «Ռադիոլուրը» նաև լսել է «Լիդիան Արմենիայի» ներկայացուցչի դիտարկումները։

Ամուսլարի ծրագրի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Շինարարությունն սկսված է։ Բնապահպաններն ու փորձագետները շարունակում են ահազանգել՝ ծրագիրը վտանգավոր է: Փաստարկները նույնն են՝ կկորցնենք  Սևանա լիճն ու  Ջերմուկը որպես առողջարանային քաղաք:

Սևան ազգային պարկի նախկին տնօրեն, բնապահպան Գագիկ Սուխուդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մեկ անգամ ևս ընդգծում է՝ Ամուլսարի շահագործումն իսկապես խնդրահարույց է:

«Ջերմուկի հանքային ստորգետնյա ջրերը նույնպես վտանգում ենք: 15 կամ 150 տոննա ոսկի եթե կորզենք, երկրորդ Սևան կամ Ջերմուկ չենք կարող կառուցել»:

Աշխարհագրագետ Լևոն Գալստյանը նկատում է՝ Ամուլսարի տարածքում են ձևավորվում Հայաստանի  կարևորագույն քաղցրահամ ջրային պաշարները: Ամուլսարի այլընտրանքը գյուղատնտեսության զարգացումն է՝ ասում է, պետք  էր ընդամենը դա զարգացնել։ Այնտեղ մինչ այժմ չաղտոտված տարածք է:

ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների  կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանն ընդգծում է՝ ծանր մետաղները բնակչության և կհամակարգի համար են վտանգավոր, պարզաբանում է՝ դրանք քաղցկեղածին են:

Սաղաթելյանը նկատում է՝ եթե Ամուլսարի հանքավայրը շահագործվեր փակ եղանակով, ապա ռիսկը փոքր ինչ կնվազեր: Հանքավայրը,սակայն, բաց եղանակով է շահագործվելու:

«Լիդիան Արմենիան» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում  հակադարձում է՝  իրենք նույնպես սիրում են Ջերմուկն ու Սևանը, ՀՀ քաղաքացիներ են նաև իրենց երեխաները:

Զրուցակիցս նշում է՝ սնդիկի առկայություն կա նաև իրենց  գնահատականներում, սակայն դրա՝  մեծ քանակով շրջակա միջավայր արտահանման  հնարավորությունն է քիչ: «Սնդիկը առաջանում է  ձուլարանում, գործընթացի ոչ մի փուլում  սնդիկի խնդիր չկա»:

«Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչը նշում է՝  նախագծի քննարկման սկզբում հանքավայրի շահագործման բոլոր եղանակներն են  քննարկել, նաև՝ հանքավայրի փակ շահագործման: Սակայն, քննարկողներն էլ գիտեին, որ այս հանքավայրի շահագործումը փակ եղանակով  նպատակահարմար չէ: Քննադատություններին այստեղ ըմբռնումով են մոտենում: Վստահեցնում են՝ լուրջ հետազոտություններով ու գիտականորեն են պատասխանում  հնչող  քննադատություններին:

Կարդացեք նաև

Back to top button