Վերլուծական

Վերահսկելի քաոս կամ տարածաշրջանը թեժ պահելու խնդիր

Մեծաթիվ հայկական համայնք ունեցող Լիբանանում  դավանաբանական հակասությունների խորացման նոր լարում է նկատվում, ինչը արտահայտվում է ներքաղաքական զարգացումներով:

Լիբանանի վարչապետի հրաժարականից  հետո շիական թևն ակտիվանում է, վարչապետ Հարիրին Հեզբոլահի թիկունքում տեսնում է իրանական պատ:

Մինչև ուր կհասնի լարվածությունուը, որքանով են հավանական բախումներ Լիբանանում և Սիրիական սցենարի կրկնություն:

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադից իր հրաժարականի մասին հայտարարած Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին վաղը ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիից կվերադառնա Լիբանան:

Այդ երկրի նախագահ Միշել Աունը դեռ չի ընդունել հրաժարականը, նա սպասում է Հարիրիի վերադարձին՝ խորհրդակցության համար: Կառավարության ղեկավարը իր որոշումը բացատրում է մահափորձի սպառնալիքով։

«Մենք ապրում ենք մի մթնոլորտում, որը նման է Ռաֆիկ Հարիրիի սպանությանը նախորդած վիճակին: Ես նկատել եմ, որ գաղտնի նախապատրաստվում է նաև իմ դեմ մահափորձ»,- հայտարարել է նա:

Հարիրին մեղադրում է «Հըզբոլլահ» շիա շարժմանը և Իրանին «արաբական աշխարհը քանդելու» փորձի մեջ: Նա խոստացել է, որ «արաբական աշխարհը, ինչպես նախկինում, ոտքի կկանգնի և կկտրի Իրանի ձեռքերը»:

Ինչ է կատարվում Լիբանանում և որքանով են հնարավոր բախումներն այդ երկրում:

Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանդահարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ շիական ու սունիական հակասությունները նոր  հարթակ են տեղափոխվում: Տարածաշրջանը թեժ պահելու խնդիր կա դրված.

Վերահսկելի քաոս է, նոր լարվածություն է պետք տարածաշրջանում: Նպատակը նոր բախումներ ստեղծելն է, նոր քարտեզների գծումը: Այժմ կայուն է վիճակը ու խաղաղ:

Արաբագետ Արաքս Փաշայանի կարծիքով՝ Լիբանանում խմորումներ են տեղի ունենում, սակայն այդ երկիրը դժվար թե նորից բախումներ մեջ  ընկղմվի։ Ներքաղաքական ճգնաժամը Լիբանանում մտնում է ավելի բարդ փուլ. «Իրենք իմունիտետ ունեն և  խուսափում են խորը բախումներից: Չեն ցանկանա որ իրավիճակը փակուղում հայտնվի»:

Ամեն դեպքում՝ շիական ու սունիական լարվածությունը բարդ փուլ է մտնում և Հեզբոլլահի  գործուն դերակատարումը ներքաղաքական զարգացումների վրա ավելի ակնհայտ է լինելու այսուհետ՝ կարծում է արաբագետը:

Կարդացեք նաև

Back to top button