Տնտեսական

Ատոմային էներգիայի ճակատագիրը Հայաստանում

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրում  ատոմակայանին վերաբերող կետերը առաջ քաշեցին Հայաստանի այլընտրաքային էներգետիկայի անցնելու  հարցը:

Բնապահպանների ու մասնագետների կարծիքներն այս հարցում տարբեր են: Ամբողջովին անցնել այլընտրաքային էներգետիկայի, թե միևնույն ժամանակ զարգացնել ատոմային էներգետիկան:

 

 

Այլընտրանքային էներգետիկա, թե ատոմային: Այս հարցում մասնագետների կարծիքներն իրարամերժ են: «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը  դեմ է ատոմային էներգետիկային: Մինչ Չերմոբիլի պայթյունը  դեմ ենք եղել ատոմակայանի կառուցմանը, սակայն  էներգետիկ բլոկադայի պայմաններում  ուրիշ ճանապարհ չկար` ասում է: Բնապահպանը կարծում է, որ այլընտրանքային` հատկապես արևային էներգիայի պետք է վաղուց անցնեինք:

ՀՀ- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրում հայկական ատոմակայանին վերաբերող կետերը, Կարինե Դանիելյանի գնահատմամբ, ընդհանուր են։ Այնտեղ նշվում է, որ Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի և էներգետիկայի աղբյուրները լրացնելու ուղղությամբ մշակվի ճանապարհային քարտեզ:  Սակայն հայկական կողմից հայտարարել են, որ խոսքը չի վերաբերում ամբողջ ատոմակայանին,  դա միայն 1-ին էներգաբլոկի մասին է, որը պետք է վերացնել և ապահովել դրա անվտանգ կոնսերվացիան:

Ունենալով համապատասխան ռեսուրսներ՝ բնապահպանի համար անհասկանալի է, թե ինչու է հելիոէներգետիկան զարգանում պանելների օգտագործման ճանապարհով: Միևնույն ժամանակ մտահոգություն հայտնում տարածքների հետ կապված, քանի որ այդ պանելների համար անհրաժեշտ են մեծ տարածքներ:

«Հայաստանի հելիոֆիկացման ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանը կարծում է, որ ատոմային էներգետիկային զուգահեռ պետք է զարգացնել այլընտրաքային էներգետիկան: Որպես ինժեներ կողմ է ատոմային կայանի աշխատանքին, բայց ոչ այս էներգաբլոկի: Սա պետք է կանգնեցվի, նոր էներգաբլոկ  կառուցվի:  Գործող էներգաբլոկի ռեսուրսը սպառվել է և  վտանգավոր է՝ ասում է:  Հայաստանին ատոմակայանը պետք կլինի, եթե մենք զարգացնենք այլընտրանքային մյուս աղբյուրները ևս: Օրինակ՝ արևային էներգետիկան: Հայաստանը, ըստ Համազասպյանի,  պետք է դարձնել արևային էներգետիկայի զարգացման հիմնական երկիր:

«Մենք ամեն տարի հրաժարվում ենք և ամեն տարի կորցնում ենք  1 մլրդ դոլարի էներգառեսուրսներ անհասկանալի պատճառներով»:

«Ռադիոլուրի» հարցին, արդյո՞ք Հայաստանն ունի անհրաժեշտ տարածքներ՝ արեւային կայաններ կառուցելու համար՝ արևային էներգիայի փորձագետ Հայկ Շեկյանը նշեց՝ 1 մեգավատ հզորություն ունեցող  արևային կայանի համար  անհրաժեշտ է մոտ 1.5 հեկտար տարածք: Գյուղատնտեսության համար նախատեսված հողերն այս  ծրագրի համար օգտագործելը սխալ կլինի, բացի այդ՝  նման հողերը թանկ են, իսկ ոչ մի ներդրող այդ տարածքում կայան չի տեղադրի։ Ավելի նպատակահարմար  է օգտագործել անջրդի տարածքները՝ ասում է փորձագետը:

Շեկոյանը վստահեցնում է՝ բնապահպանական տեսանկյունից արեւային կայաններն անվնաս են և 35-40 տարվա կյանք ունեն:

Կարդացեք նաև

Back to top button