

43 տարվա թափառումներից հետո Երևանի մնջախաղի թատրոնը, վերջապես, սեփական տանիք ունի: «Երազանքի բանալին» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին այսօր հանձնել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Հայաստանի ազգային գրապալատի տարածքում այսուհետ կգործի Մնջախաղի թատրոնը, Գրապալատը ՝ որպես առանձին ստորաբաժանում, իր աշխատանքը կշարունակի Հայաստանի ազգային գրադարանի տարածքում: Օրվա «կարևոր բնակարանամուտի» մասին՝ «Ռադիոլուր»-ի ռեպորտաժում:
Մինչ անակնկալի գաղտնազերծումը «ժամադրությանը» ճիշտ ժամին ներկայացած Դադասյանն ասաց, որ զանգ է ստացել, ինչ-որ մեկը հետաքրքրվել է՝ ճի՞շտ է, որ դրամատիկական թատրոնը լուծարում ու շենքը ձեզ են նվիրում: Հետաքրքրասեր բաժանորդը սխալվել էր. մշակույթի նախարարի խոստացած անակնկալը դրամատիկի հետ կապված էր միայն այնքավով, որ նույն շենքին կից է:
«Վերջին վերակազմավորումների արդյունքում Ազգային գրապալատը միացավ Հայաստանի ազգային գրադարանին: Սա երկար սպասված այն օրն է, երբ ՀՀ նախագահի հանձնարարականով Գրապալատի մինչ օրս զբաղեցրած տարածքը տրամադրվում է Մնջախաղի պետական թատրոնին»:
Գրապալատի մուտքի մոտ «երազանքի» բանալին հանձնելով Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հավելեց. «Ամբողջությամբ պետական միջոցներով իրականացվող շինաշխատանքները կմեկնարկեն առաջիկայում: Կփորձեն ավարտին հասցնել 2017 թվականին:
Դադասյանը ցնցված էր, բայց խոսեց. «Ցնցված եմ այս ամենից, որովհետև 20 տարի՝ ամեն օր ես խոսում եմ այս մասին, և չէի կարող անգամ ենթադրել, որ ընդամենը երկու ամսվա ընթացքում կլուծվի այս բարդ խնդիրը: Սա ապացույցն է այն բանի, որ իսկապես լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, ապացույցն է այն բանի, որ ամեն ինչ ընկնում է իր հունի մեջ, երբ պրոֆեսիոնալները հայտնվում են իրենց տեղում»,-ասաց Դադասյանը՝ վստահեցնելով.«Մենք այնպես կաշխատենք, որ մեկ ուրիշին նման անակնկալ մատուցելիս մշակույթի նախարարն ասի՝ կգա՛ք Մնջախաղի թատրոնի շենքի մոտ»:
Երջանիկ մնջախաղցներին, նախարարին ու լրագրողներին շենքի ներսում դիմավորեցին ոչ միայն առայժմ ավերակ հիշեցնող Գրապալատը, այլև իրենց ճակատագրով մտահոգ Գրապալատի աշխատակիցները: Մշակույթի նախարարը փարատեց նրանց անհանգստությունը.« Բոլոր գործառույթները կպահպանվեն, դրանց կգումարվեն նաև թվայնացման աշխատանքները: Գրապալատը միավորվում է Ազգային գրադարանին՝ որպես առանձին ստորաբաժանում»:
Ազգային գրապալատի աշխատակիցներին նախարարը խոստացավ նման տոնական բնակարանամուտ Ազգային գրադարանում, որտեղ նրանք կաշխատեն անհամեմատ լավ պայմաններում:




