

Համաշխարհային շուկայում արտարժութային փոփոխություններ են կանխատեսվում: Սրանք տնտեսագետները մի շարք գործոններով են պայմանավորում՝ նավթի գների բարձրացում, գերտերությունների տնտեսությունների զարգացում: Մեր երկիրն անկախ իր կամքից է արձագանքում համաշխարհային շուկայում տիրող փոփոխություններին: Հիշեցնենք 2014թ տարեվերջը, երբ մեկ դոլարը գնվում էր մինչև 570 դրամով: Հայաստանը գերտերություն չէ, նավթ չունի, առջևում, սակայն, համապետական ընտրություններն են:
Փողը կար, հորդորների պակաս էլ չկար, սակայն անգամ շուկայում ԿԲ միջամտությունն էլ իրավիճակը չփրկեց՝ մեկ դոլարը 570 դրամի շեմն էր հատել: Արժութային շոկի հիմնական պատճառը նավթի գների անկայունությունն էր:
Հաջորդող տարիները համեմատական հանգստի շրջան էին:
Փոխարժեքի շուկայում 2017թ կարող է նույնպես վայրիվերումների տարի լինել: ԱՄՆ արդեն հայտարարել է՝ տարվա ընթացքում նախատեսում են երկուից երեք անգամ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքները: Իսկ սա, ըստ մասնագետների, դոլարի թանկացում է նշանակում: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝
«Գործարարներին մեսիջ են ուղարկում, որ տոկոսադրույքները բարձրացնելու են: Աշխարհը մտնելու է թանկ դոլարի ժամանակահատված, քանի որ ԱՄՆ-ից եկող վերջին հայտարարությունները թույլ են տալիս ասել, որ ԱՄՆ աշխատանքի շուկայում երբեք նման ակտիվություն ու զբաղվածության բարձր մակարդակ չի եղել»:
Եվրոպայից հնչող հայտարարություններն էլ լավատեսական չեն։ Վիլեն Խաչատրյանը նշում է՝ «եթե 2016թ յուրաքանչյուր ամիս Եվրոպական բանկը տնտեսության մեջ մոտ 80 մլրդ եվրո է շրջանառության մեջ դրել, ապա այժմ գումարը իջնելու է մինչև 60 մլրդ եվրոյի: Սա եվրոյի թանկացման ազդանշան է:
«Նման քաղաքականություն տեղի ունեցավ, սա իր բացասական ազդեցությունը կթողնի ՀՀ –ի եվրո վարկերի վրա»:
Թանկանում է նաև ռուսական ռուբլին։ 2016թ նոյեմբերի վերջին Սաուդյան Արաբիան ու ՌԴ որոշեցին նավթի արդյունահանման ծավալները մի քիչ կրճատել, արդյունքում՝ դրանք սկսեցին աճել: Միտումը շարունակվելու դեպքում, ըստ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի, ռուսական ռուբլին կշարունակի ամրապնդվել: Ռուբլու արժևորումը Հայաստանի տնտեսության վրա կունենա իր դրական ազդեցությունը տրանսֆերտների տեսքով:
«Յուրաքանչյուր երկրի ազգային արժույթը արժևորվում է միայն տնտեսական զարգացման պայմաններում»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ պարզաբանելով՝
«Քաղաքական, օրինակ, գուցե ներքին շահերից բխող քաղաքականություն՝ որոշ դեպքերում կուրսը նվազեցնել կամ բարձրացնել, նաև՝ գների աճի կամ տնտեսական աճի տեսանկյունից դրամի հետ կախված արտարժույթի հարաբերակցությունը դերակատարում ունի, կարող է աճի ծավալներ ապահովել, որտեղ ևս քաղաքական իմաստով կարելի է օգտագործել»:
Զրուցակիցս նկատում է՝ տնտեսական այսքան խնդիրներ ունեցող Հայաստանում հենց այնպես ազգային արժույթը արժևորելու շատ տեղ չունի:
«Եթե մենք այսօր խոսում ենք արտահանման ծավալների աճի կամ արտահանման խթանման մասին, ձեռնտու է, որ դրամն արժեզրկվի»:
Գագիկ Մակարյանի կանխատեսմամբ, դոլարի փոխարժեքը աճելու է մի պարզ պատճառով՝ ԱՄՆ տնտեսությունն է զարգանում: «Մենք դոլարային երկիր ենք, անգամ բանկերն են ասում, որ ավանդների 60 տոկոսը դոլարային են: Ինքը դոլարային ազդեցություն ունի և Հայաստանը այսօր դեռևս դոլարային ազդեցության տակ է»:
Հայաստանի գլխավոր դրամատանը դեռ լռում են, հնչող հայտարարությունները միայն տնտեսության զարգացման խոստումների տեսքով են, իսկ առջևում համապետական ընտրություններն են:




