
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այսօր հրապարակել է աշխարհում ազատ մամուլի գլխավոր թշնամիների ցուցակը, որում հայտնվել են 35 երկրների նախագահներ և կառավարության ղեկավարներ, քաղաքական և հանցավոր խմբավորումների առաջնորդներ։ Տվյալների հրապարակման օրը պատահական չի ընտրված. Նոյեմբերի 2-ը աշխարհում նշվում է լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օր:
Ցուցակում հայտնվել են Էրիթրեայի, Սուդանի, Բուրունդիի, Սիրիայի, Կուբայի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի առաջնորդները։ Ինչ վերաբերում է հետխորհրդային երկրներին, ապա այստեղ ևս բավականին հետաքրքրական պատկեր է՝ Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Թուրքմենստան: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ցուցակում, ի դեպ, Ռուսաստանը միակ երկիրն է, որ ներկայացված է մամուլի միանգամից երկու թշնամիներով՝ Վլադիմիր Պուտին և Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրով:
Ի դեպ Թուրքիան, ինչպես նաեւ Եգիպտոսը, Բուրունդին և Վենեսուելան այս «պատվո տախտակին» հայտվել են առաջին անգամ:
«Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունն» այս տարի բազմիցս անդրադարձել է Թուրքիային: Այժմ Թուրքիայում անազատության մեջ է 130 լրագրող և փակվել է շուրջ 140 լրատվամիջոց: Օրերս ձերբակալվել է նաև երկրի հեղինակավոր թերթերից մեկի՝ ընդդիմադիր «Ջումհուրիեթի» գլխավոր խմբագիրը:




