

Օգոստոսի 8-ին Բաքվում կկայանա եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի նախագահների միջև: Օգոստոսի 9-ին Ռուսաստանի նախագահը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանի հետ: Այս երկու հանդիպումներից հետո օգոստոսի 10-ին էլ կկայանա Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Նման մակարդակով հանդիպումների այսպիսի հաջորդականությունը, անկախ հայտարարվող օրակարգային հարցերից, թուրքագետ Հակոբ Չաքրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մտահոգիչ է համարում: Նա նկատել է, որ առհասարակ մեծ տերությունները սիրում են սակարկություններ անել՝ մի բան պահանջելով, մեկ այլ բան առաջարկելով:
Օգոստոսի 8-ին Բաքվում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահները պետք է քննարկեն ահաբեկչության դեմ պայքարի եւ Ադրբեջանով անցնելիք «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի հետ կապված հարցեր: Հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թաիպ Էրդողանի հետ կազմելու է այդ երկու երկրների հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզը: Թուրքիայում արդեն այդ հանդիպումը որակվում է որպես պատմական եւ ակնկալվում, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները դուրս կբերվեն նոր մակարդակի:
Օգոստոսի 10-ին էլ կայանալու է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Հանդիպումների այսպիսի հերթականությունը, թուրքագետ Հակոբ Չաքրյանի գնահատմամբ, մտահոգիչ է, թեպետ՝ առաջին հայացքից Ռուսաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները կապ չունեն Հայաստանի հետ: «Առհասարակ, մեծ տերությունները սիրում են սակարկություններ անել, այսինքն՝ մի բան պահանջում են, փոխարենը՝ այլ բան առաջարկում եւ դրա հնարավորություններն էլ ունեն։ Էրդողանը Ղարաբաղի հարցում Պուտինից կպահանջի ճնշում գործադրի Հայաստանի վրա՝ զիջումներ կատարելու համար, քանի որ այդպիսի մտադրություններ նա միշտ ունեցել է»:
Նման փորձ եղել է 2003 թվականին, սակայն բան չստացվեց։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մայրաքաղաքներից այն ժամանակ նրան ասվեց, որ հարցի կարգավորման նախաձեռնությունը պատկանում է Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ հիշեցրեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Նա այդ փորձի կրկնությունը չի բացառում՝ իհարկե հիմնվելով ենթադրության վրա:
Թեպետ մտահոգություն կա, սակայն Հակոբ Չաքրյանը չի կարծում, որ կարող է կտրուկ շրջադարձ լինել՝ Ղարաբաղյան խնդրի եւ այլ հարաբերությունների շաղկապման առումով: «3 Ի վերջո, Ռուսաստանն էլ պետք է հաշվի առնի, որ Հայաստանն իր համար ոչ միայն դաշնակից է, այլ՝ ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում ապահովող գործոն»:
Ռուսաստանը հասկանում է, որ ի վնաս Հայաստանի Թուրքիային զիջումներ անելն էլ կնշանակի ժողովրդին տրամադրել Ռուսաստանի դեմ, եւ դա այն դեպքում, երբ Ռուսաստանի շահերը պահանջում են դեռ երկար ժամանակ Հարավային Կովկասը որպես կամուրջ օգտագործել՝ տարածաշրջանում ներկայություն ունենալու համար:
Թուրքիայում ծավալվող իրադարձություններին անդրադառնալով եւ, մասնավորապես, խոսելով այդ ֆոնին թուրք-ամերիկյան հարաբերությունների բավականաչափ սրման մասին՝ թուրքագետ Հակոբ Չաքրյանը նկատեց, որ մի շարք հարցերի շուրջ նախկինում առկա տարաձայնություններն ակնհայտորեն վերաճել են հակասությունների: Ընդ որում՝ ԱՄՆ- ն Թուրքիային մի քանի անգամ զգուշացրել է, որ վերջինիս ՆԱՏՕ-ից վտարելու ցանկություն կա, ինչը ԱՄՆ-ն թույլ չի տալիս: Թուրքագետը նաեւ պատահական չի համարում, որ վերջին երկու-երեք տարիներին Թուրքիայի հետ հարաբերությունների մասին խոսելիս ԱՄՆ-ում գրեթե չեն օգտագործում «ռազմավարական դաշնակից» տերմինը: Նրա կարծիքով՝ դա նույնպես որոշակիորեն ոգեւորում է Ռուսաստանին:
Չաքրյանը կարծում է, որ ամեն դեպքում ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների սրման եւ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման համատեքստում էլ Ղարաբաղյան խնդրում միակողմանի որոշումներ չեն կարող լինել, քանի որ Ղարաբաղը Հարավային Կովկասում ներկայություն ապահովելու, դիրքեր ամրապնդելու եւ հեղինակություն ձեռք բերելու բանալի է, եւ քանի որ խնդրի կարգավորման նախաձեռնությունը պատկանում է եռանախագահող երկրներին, ապա մեկի ակտիվացման դեպքում մյուս երկուսը զսպելու են, որպեսզի նախաձեռնությունն ամբողջովին չանցնի Ռուսաստանին՝ այս համոզմունքով իր խոսքը եզրափակեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:




