ՎերլուծականՔաղաքական

Ինչի՞ մասին էր Լավրովի հայտարարությունը

annanazaryan

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից  Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մոտ լինելու մասին հայտարարությունը հայաստանյան քաղաքագիտական շրջանակներում բուռն քննարկումների տեղիք է տվել: ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի համար անհասկանալի է, թե ինչ նկատի ունի Լավրովն ասելով,  թե «այսօր առավել քան երբեւէ մոտ ենք ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում հաջողության հասնելուն»:

Նրան հասկանալի է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արաբական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հնչեցրած մոտեցումները, հասկանալի է նաև Ալիեւի պահվածքն ու ձեւակերպումները, սակայն դժվար է եզրակացություններ անել Լավրովի հայտարարության մասին։ «Ինձ թվում է, որ այդքան շուտ չի լուծվելու, քանի որ ԼՂՀ- ն եւ Ադրբեջանը լրիվ հակառակ կողմերում են»։

Լավրովի ձեւակերպումները հիմք են տվել ուշադրություն դարձնելու ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտարարության վրա, թե ՌԴ- ն  շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին: Այս հարցին հանրապետական պատգամավորը հանգիստ է վերաբերվում: Լինել ռազմավարական դաշնակից՝  դեռ չի նշանակում ատել այն պետությանը, որը Հայաստանի հակառակորդն է։ ՌԴ- ն գործում է իր շահերից ելնելով՝ ասաց նա՝ նկատելով, որ Հայաստանի ու ՌԴ շահերը հաճախ են համընկնում են:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանին առհասարակ դուր չի գալիս պաշտոնական Մոսկվայի կեցվածքը: Նրա կարծիքով՝   ՌԴ մոտեցումը համընկնում է Ադրբեջանի ցանկությանը: Պատահական չէ, որ հայտարարությունները հնչեցնում են այժմ՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո:«Երկու տարում ՌԴ- ն դարձել էր ավելի ագրեսիվ Ուկրաինայում, մտել էր Սիրիա ու  հրահրել էր ԼՂՀ լարվածություն՝  օգոստոսին: ՌԴ ցույց տվեց, որ ՌԴ-ի հետ խաղաղ գոյակցությունն անհնարին է»։ ՆԱՏՕ-ն փորձում է իրեն ապահովագրել ՌԴ ագրեսիայից՝ պնդում է քաղաքագետը։

Ի տարբերություն Աղասի Ենոքյանի՝ հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին գոհացրել է ՆԱՏՕ- ի գագաթաժողովը: «Ես հասկացա, որ Արեւմուտքը պատրաստ է համագործակցել ՌԴ հետ, այնպես չէ որ միայն պատժամիջոցներ են ուզում կիրառել ու դա լավ է ՀՀ համար»։

Ամեն դեպքում՝ տարածաշրջանում տեղի են ունենում ռիսկային զարգացումներ, սակայն պատերազմի վերսկսում ձեռնտու չէ որեւէ գերտերության՝ եզրակացրեց հանրապետական պատգամավորը:

Կարդացեք նաև

Back to top button