

Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետազոտությունների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն սպառել է իրեն ու այն պետք է լուծարվի, իսկ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը: Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը մինչդեռ պնդում է, որ Արցախը պետք է միանա Հայաստանին:
Նախկին հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետությունը պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը և ողջունում է ԼՂՀ ճանաչելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ տեղեկացրեց Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետազոտությունների ակադեմիայի փոխնախագահ, ՀՀ-ում Մակեդոնիայի պատվո հյուպատոս Արայիկ Սարգսյանը։ Նա համոզված է, որ այդ քայլը հեղափոխական գործընթացի հիմք կարող է լինել ու վերջ դնել ռազմական գործողություններին:
Սարգսյանը վստահ է՝ լավ աշխատելու դեպքում աշխարհի շատ երկրները կճանաչեն Արցախի անկախությունը: Ի՞նչ ասել է լավ աշխատել: Արայիկ Սարգսյանը դիտորդ է եղել Աբխազիայի ընտրություններում ու անձնական խոսակցություններից պարզել է՝ Աբխազիան ճանաչվել է փողի դիմաց։ Գումարի չափն այնքան էլ մեծ չէ։ Այնպես որ, ասում է, օլիգարխները կարող են այս հարցը լուծել:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կարծիքով՝ ԼՂՀ հետ կապված ցանկացած գործողություն նախևառաջ պետք է բխի Արցախի ժողովրդի կամարտահայտումից։ Այս առումով, ըստ նրա, որոշում կայացնողները ԼՂՀ քաղաքացիները պիտի լինեն, իսկ Հայաստանը պարտավոր է հնարավոր ու անհնարին միջոցներով ու բոլոր հարթակներում ներկայացնել արցախցիների շահերը: ԼՂՀ ճանաչումն էլ, ըստ պատգամավորի, անհրաժեշտ է, սակայն խնդիրն այն է, թե որ պահին։
Նրա ձեւակերպմամբ՝ դրանից բխող հետեւանքները միայն Հայաստանի խնդիրը չէ եւ դրանով պետք է մտահոգվեն բոլոր կողմերը, որոնք Հայաստանի հետ կապված են պայմանագրային իրավահարաբերություններով: Ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ կարեւոր է, որ ապրիլյան պատերազմի օրերին գրանցված հայության աննախադեպ համախմբումը շարունակվի:
Կանադայում Հայաստանի նախկին դեսպան, ՙՄոդուս Վիվիենդի՚ կենտրոնի ղեկավար Արա Պապյանը խնդրի լուծման միանգամայն այլ տարբերակ է առաջարկում: Ոչ թե Արցախի անկախությունը պետք է ճանաչել, այլ միավորել Արցախը Հայաստանին՝ ասաց։ «Շատ բան չի տա Արցախի ճանաչումը, պետք է վերադառնալ սկզբնակետին ու միավորել Արցախը ՀՀ-ին: Պիտի վերադառնանք 18-20 թվականներ ու տեսնենք, թե ինչ ձևով են սահմանները որոշվել»,- նշում է։
Արցախի միացումը Հայաստանին նաև մեկ այլ կարևորություն ունի՝ ըստ Արա Պապյանի: Տարբեր պետությունների բաժանված նույն ազգը պառակտվում է։ Սա է ցույց տալիս պատմությունը՝ ասում է Պապյանը՝ հիշելով՝ դրա համար Ղրիմը միացավ Ռուսաստանին եւ երկու Գերմանիաները մտավորվեցին։




