

Ադրբեջանի տնտեսության գահավիժումը շարունակվելու է,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը՝ միաժամանակ չբացառելով, որ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցող մարտերը պայմանավորված են նաև Ադրբեջանի տնտեսության վիճակով: Տնտեսագետն անդրադարձել է նաև Ալիևների ընտանիքի շուրջ ծագած հերթական սկանդալին։ Նշենք, որ լրագրողական հետաքննությունների միջազգային կոսնսորցիումի (ICIJ) տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օֆշորներում ընկերություններ ունի՝ ոսկու արդյունահանման ու լոնդոնյան անշարժ գույքի ոլորտներում իր մասնաբաժինը քողարկելու համար: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատել է՝ սա Ալիևի՝ օֆշորային միջոցների ու ֆինանսական միջոցների դուրս բերման հետ կապված առաջին հրապարակումը չի:
Հերթական օֆշորային սկանդալը՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու նրա ընտանիքի հետ: Ռուսական ՌԲԿ-ն, հղում անելով լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումին, գրում է՝ Ադրբեջանի նախագահի ազգականներն օգտագործել են Պանամայի տարածքում գրանցված հիմնադրամներն ու ընկերությունները, ոսկի արդյունահանող ընկերություններում ու անշարժ գույքի շուկայում նրա մասնաբաժինը քողարկելու համար:
Կոնսորցիումի տրամադրության տակ են հայտնվել պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերը, որին կասկածում են ակտիվների տերերին թաքցնելու համար կեղծ ընկերություններ ու կորպորատիվ կառույցներ ստեղծելու մեջ: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Ռադիոլուրի հետ զրույցում հիշեցնում է՝ սա Ալիևի՝ օֆշորային միջոցների կամ ֆինանսական ռեսուրսների դուրս բերման առաջին դեպքր չի: Պարզապես հերթական բացահայտումն է: Խաչատրյանն ընդգծում է՝ եթե գումարներն այս պահի դրությամբ դուրս բերած լիներ երկրից՝ վտանգ տեսնելով, տվյալ պահի հետ կարելի է կապել:
Նույն կարծիքին է նաև տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Տնտեսագետները չեն բացառում, որ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները Ադրբեջանի բնակչության ուշադրությունը տնտեսական ծանր վիճակից շեղելու միջոց է:
Տնտեսագետ Վիլեն Խաչատյանի խոսքով՝ նավթի գների ու մանաթի անկումը խոսում են նրա մասին, որ Ադրբեջանի տնտեսության մեջ առաջացել են դժվարություններ:
«Չգիտե՞մ հավաստի են, թե՞ չէ, բայց նաև լուրեր ունենք, որ սահմանում իրավիճակի տեղեկատվությունն անգամ հասարակությունից է պահվում։ Եթե սա արվում է հասարակության ուշադությունը շեղելու համար, բնականաբար, տեղեկատվությունը պետք է ավելի լայն ծավալներով մաուցվի, որպեսզի իրենց նպատակային թիրախն իր նպատակին հասնի»:
Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ վերջին օրերի ադրբեջանական գործողություններում չպետք է թերագնահատել տնտեսական բաղադրիչը, որն այս պահին ոչ միայն Ալիևի անվան շուրջ ծագած հերթական խնդիրներն են՝ օֆշորային գոտու սկանդալի վերաբերյալ, այլ նաև այս երկրի տնտեսական ծանր վիճակը: Ուստի և իշխանությունը պահելու, ինչպես նաև սոցիալ- տնտեսական ծանր վիճակն արդարացնելու համար է, որ Ադրբեջանը դիմել է նման քայլի.
«Կանխատեսելի էր, որ պետք է նման սրացում նկատվեր: Այսինքն՝ տնտեսական գործոնը, այն ինչ այսօր շրջանառվում է մամուլում, բայց մյուս կողմից նաև հաշվի առնելով անհրաժեշտությունը փողի այն զանգվածի, որը պետք է լիներ, նոր սպառազինություններ ձեռք բերելու, որոշակի նյարդային միջավայր էր ստեղծել Ադրբեջանի իշխանությունների մոտ»:
Ադրբեջանի տնտեսության համար ծանր վիճակ է, նավթի գները շարունակում են գահավիժել, իսկ սա նշանակում է, որ Ալիևի տնտեսությունը զրկվում է նավթադոլարներից Ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ է, երբ Ադրբեջանը ստիպված է անել շատ ավելի մեծ ծախսեր ու ունենալ շատ ավելի մեծ կորուստներ՝ ամփոմում են տնտեսագետները:




