
Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատեճյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ Կ.Պոլսի հայոց պատրիարքարանը բողոք է հղել Թուրքիայի կառավարությանը եւ պարզաբանում պահանջել Դիարբեքիրի սուրբ Սարգիս եւ սուրբ Կիրակոս եկեղեցիների պետականացման որոշման կապակցությամբ։ Որեւէ պարզաբանում պատրիարքարանը դեռ չի ստացել։
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը, Ադանայի եւ Ստամբուլի հյուպատոսությունները ուշադրությամբ հետեւում են Թուրքիայի կառավարության՝ Դիրաբեքիրում շենքերի, այդ թվում հայկական եկեղեցիների պետականացման որոշման հետեւանքներին, ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան՝ ի պատասխան Ամերիկայի Հայ դատի հարցմանը։
Թուրքական կառավարությունը ամերիկացի դիվանագետներին հայտնել է, որ պետականացման որոշումը «բյուրոկրատական միջոց է՝ հեշտացնելու կառույցների վերականգնումը, որոնք վնասվել են վերջին ամիսների կրակոցներից»:
Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ այս գործողության վերաբերյալ տեղական դատարաններում արդեն գործեր են հարուցվել։
«Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի ներգրավվածությունը Թուրքիայի կառավարությանը Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու բռնագրավման հետ կապված եւ խրախուսում ենք ամերիկյան ուժեղ, հասարակական պատասխանը՝ այս վերջին թուրքական հարձակման վերաբերյալ», — ասել է ANCA –ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Նա, հաշվի առնելով Թուրքիայում «հայկական կրոնական, մշակութային ժառանգությունների պղծումը», եկել է այն համոզման, որ «այս վերջին գործողությունը հանդիսանում է Էրդողանի կողմից քրիստոնեական համայնքների վրա հարձակման նոր դրսեւորում»։




