

Տեխնիկական գիտությունների թեկնածուներ Ստյոպա Խոյեցյանը եւ Գուրգեն Մարտիրոսյանը ստեղծել են շարժական չորանոց, իրենց բնորոշմամբ` ֆերմերին խիստ պիտանի, բայց դժգոհում են` գյուղնախարարությունը որեւէ կերպ չի արձագանքել իրենց նորարարությանը: Ինժեներ-էլեկտրամեխանիկ Գագիկ Ալավերդյանն էլ իր գյուտերն ունի, բողոքը` նույնպես.գյուտերը փորձարկելու գումար չի գտնում: Էկոնոմիկայի նախարարությունն էլ իր արդարացումն ու խոստումներն ունի: Թեման բազմակողմ է: Ինչու է գյուտարար-ներդրողներ-տնտեսություն շղթան Հայաստանում անավարտ մնում: Ինչպես է ստացվում, որ պետությունն ունի նորարարությունների աջակցության իր ծրագրերը, գյուտարարներն էլ` իրենց նորամուծությունները, բայց նորամուծությունները ծրագրերում այդպես էլ չեն տեղավորվում:
Արդեն 2 տասնամյակ է` կովերի կաթնատվության ցուցանիշով Հայաստանն աշխարհում նախավերջինն է` առաջ անցնելով միայն Հնդկաստանից: Մսի շուկան էլ չի «փայլում». Ավստրիայում, օրինակ, տավարի եւ խոզի միսը կրկնակի էժան է հայաստանյան գներից: Գնահատումները տեխնիկական գիտությունների թեկնածուներ Ստյոպա Խոյեցյանինը եւ Գուրգեն Մարտիրոսյանինն են, ովքեր արեւային նորարարական տեխնոլոգիայի հեղինակն են: Խոսքը շարժական չորանոցի մասին է, որն օրվա ընթացքում շրջվում է դեպի արեւն ու կլանում ողջ էներգիան, օբսիդիանե հիմքն ավելի ջերմակլանիչ է դարձնում սարքավորումը:
Խոյեցյանը բացատրում է` չորանոցի միջոցով կարելի է ստանալ էժան ու արդյունավետ օրգանական պարարտանյութ` խուսափելով թաց գոմաղբի ճիճուներից, որոնցով վարակվում են թե հողը, թե բերքը: Կարելի է տարատեսակ թափուկի չորացմամբ սննդարար անասնակեր ստանալ: Կարելի է արեւահամ չիր ու չամիչ ստանալ` առանց արհեստական տաք օդի: Ֆերմերին պիտանի սարքավորումը կա, իսկ իրացման հեռանկա՞ր: «Ռադիոլուր»-ի հարցին անդրադառնալիս նորարարության հեղինակներ Ստյոպա Խոյեցյանը եւ Գուրգեն Մարտիրոսյանը դժգոհում են` իրար լրացնելով:
«Վաճառելու համար պետք է մի քանի հատ նվեր տաս, տեղ ունենաս` մարդիկ գան տեսնեն: Պիտի մի կառույց լինի: Իսկ մեր կառույց կոչեցյալը մեզ նույնիսկ երկու կոպեկ ֆինանսավորումից զրկեց: Եթե պետությանը շահավետ է, ինչու չեն ֆինանսավորում: Գյուղնախարարությունը ֆինասնավորման ծրագիր ունի, դիմեցինք, ասացինք` եկեք մի տեղ դնենք, ներկայացնենք: Մինչեւ հիմա դեռ պատասխանում են»:
Ինժեներ-էլեկտրամեխանիկ Գագիկ Ալավերդյանն էլ է մի շարք նորարարությունների հեղինակ: Հարուստ աշխատանքային փորձն է հիմք տվել մի շարք խնդրիների նոր լուծումներ առաջարկել: Իր գյուտերի մանրամասների մասին չի խոսում, սեփական գաղտնիքն է, բայց ընդհանուր գծերով պատմում է` փոքր էներգիայից ավելի մեծ էներգիա ստանալու, արեւային ու հողմային էներգիայով տունը ջեռուցելու ավելի արդյունավետ մոտեցումներ ունի: Ծովի ափին մոտեցող ալիքից հզոր էներգիա ստանալու մեթոդ է մշակել: Ալավերդյանն էլ իր խնդիրներով է կիսվում: Այս նորարարությունները փորձարկում են պահանջում: Փորձարկումն էլ` ֆինանս: Ֆինանսն ումից պահանջել` Ալավերդյանը չգիտի:
«Մտավոր սեփականություն դիմել եմ, ասել են` դուք պետք է բերեք փաստացի բերեք ներկայացնեք ձեր գյուտը եւ բացատրեք` ինչով է առավել նման նախորդ գյուտերից: Իսկ ես բնությունը չեմ կարող բերել ցույց տալ: Բացի այդ` փորձարկումներ են պետք»:
Ամենատարբեր նորարարությունների հայ հեղինակների դժգոհություններին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում արձագանքում է Էկոնոմիկայի նախարարության տեխնոլոգիական զարգացման վարչության պետ Ռուբեն Գեւորգյանը: Այստեղ հասկանում են նորարարության արժեքը, բայց նաեւ խոստովանում` դեռ բավարար չեն գյուտերը շուկա հասցնելու ու տնտեսության մեջ ներդնելու ոչ ծրագրերը, ոչ էլ միջոցները: Ֆինանսավորման հիմնական աղբյուրն էլ դրամաշնորհներն են: Գեւորգյանը նկատել է` ամենակենսունակը ՏՏ ոլորտի նորարարություններն են: Մյուս ոլորտներին առնչվող գյուտերի փորձարկումն էկոնոմիկայի նախարարությունում իրենց գործառույթը չեն համարում:
«Մոտեցում կա, թե ` ես եկա, ասացի, մնացածն իրենց գործն է: Դա ճիշտ մոտեցում չէ: Մենք համատեղ պետք է աշխատենք: Գիտնականի փոխարեն մենք գիտական գործով զբաղվել չենք կարող»:
Էկոնոմիկայի նախարարության տեխնոլոգիական զարգացման վարչության պետ Ռուբեն Գեւորգյանը արվածից ավելի գերադասում է անելիքից խոսել: Նոր նախարարի հրահանգն էլ է` ստեղծել նոր ինովացիոն հարթակ, որտեղ լսելի ու ներկայանալի կլինեն ամենատարբեր նորարարական մոտեցումները: Բայց գիտնականներն էլ պետք է ներդրողների հարցերին ամբողջական պատասխան ունենան, ինչը միշտ չէ, որ այդպես է: Ներկայացվածը դեռ 2016-ի ու եկող տարիների ծրագրերն են, որպեսզի «մարդիկ կարողանան իրենց գյուտը հասցնել շուկա: Ցանկացած փուլում աջակցություն կլինի, եւ դա կլինի ոչ միայն պետական, այլեւ մասնավոր հատվածից»:
Իսկ մինչ խոստացված ծրագրերը կյանքի կկոչվեն, գյուտարար-պետություն-ներդրողներ-տնտեսություն շղթան շատ հաճախ մնում է անավարտ:




