

ԿԳ արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանը վաղը նախարարությունում պատրաստվում է դիմավորել դաշնակցական Լևոն Մկրտչյանին՝ նախարարական պորտֆելը փոխանցելու համար: Վերջինս այդ պաշտոնում նշանակվում է 4- րդ անգամ: Վերջապես այսօր երեկոյան նախագահական նստավայրում ՀՀԿ- ՀՅԴ համագործակցությունը հասավ իր տրամաբանական ավարտին: ՀՀ նախագահի նստավայրում ստորագրվեց Քաղաքական համագործակցության մասին հուշագիր ՀՀԿ և ՀՅԴ միջև: Արդեն հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ասաց՝ սա ոչ հետընտրական կոալիցիա է , ոչ էլ նախընտրական դաշինք, «այս համաձայնագիրը պարզապես սկիզբ է դնում քաղաքական երկարատև համագործակցության»։
ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնագիրը երկար աշխատած հիմնարար փաստաթուղթ է, որն անդրադառնում է մեր երկրի կյանքի գրեթե բոլոր ոլորտներին: Եվ այս հուշագրի ստորագրումով դաշնակցությունը ամբողջովին պատասախանատվություն է կրում երկրի առաջ ծառացած խնդիրների առաջ՝ բոլոր ոլորտներում: «Ինչ- որ առումով սա աշխատանքային քարտեզ է, որտեղ դրված են մեր երկու քաղաքական ուժերի հիմնական համադրելի նպատակները»,- արդեն հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Աղվան Վարդանյանը:
Իշխանությունն այս նոր համաձայնագրի կնքումով հայտարում է, որ քաղաքական նոր մշակույթ է ձևավորվում, իսկ ՀՅԴ- ն համոզված է, որ այս պահի համար քաղաքական առումով սա ճշգրիտ արված քայլ է՝ նոր Սահմանադրություն լույսի ներքո:
Աղվան Վարդանյանը համոզված է , որ համագործակցությունը երկարատև է լինելու,կան դրա համար բոլոր նախապայմանները։ «Բարձր տրամադրություն ունենք, մենք երկուսս էլ իշխանություն ենք»,- ասում է։
Քաղաքական համաձայնագրի կնքման արդյունքում ՀՅԴ-ին կտրվեն կրթության և գիտության,նախարարի պորտֆելը, որը կզբաղեցնի Լևոն Մկրտչյանը, էկոնոմիկայի նախարարի պորտֆելն էլ կտրվի Արծվիկ Մինասյանին, իսկ տարածքային կառավարման նախարարությունն էլ կղեկավարի Դավիթ Լոքյանը:
Շիրակի ու Արագածոտնի մարզերը եւս կղեկավարեն դաշնակցականները։ Շիրակի մարզպետի պաշտոնը կստանձնի Հովսեփ Սիմոնյանը, իսկ Արագածոտնինը՝ Գագիկ Գյոզալյանը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշում է, որ պաշտոնների հետ կապված խնդիրը տակտիկական է: «Մեր համագործակցության հիմքում արժեհամակարգային նմանություններն են»,- ասում է։




