

Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի եւ «Ոչ»-ի կողմնակիցներն այսօր «Մեդիա կենտրոնում» փորձում էին առարկայական եւ ըստ կետերի բանավիճել թեւմայի շուրջ: Եթե «Այո»-ի կողմնակիցներն, ըստ կետերի՝ փորձում են ներկայացնել, թե ինչու պետք է այո ասել նոր սահմանադրությանն, ապա «ոչ»-ի կողմնակիրցները ընդամենը մեկ հակափաստարկ ունեն, որը խիստ ծանրակշիռ են համարում: Իսկ քանի որ այսօր բանավիճում էին դեռեւս մի քանի ամիս առաջ գործընկերներ, իսկ այժմ տարբեր ճամբարներում հայտնված ՀԱԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչները, հանդիպումն անցավ շատ բուռն ու վերջում վերածվեց միմյանց ուղղված մեղադրանքների:
Միառժամանակ փողոցում պայքարելուց հետո, խորհրդարանում իրեն ընդդիմություն հռչակած Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամներն ի վերջո հասկացել են՝ ընդդիմությունը միշտ թույլ է եղել անկախ Հայաստանում եւ իշխանափոխություն հնարավոր չէ իրականացնել առանց Սահմանադրական փոփոխությունների: Հիմնականում նաեւ այս գործոնով է պայմանավորված ԲՀԿ-ի «այո»-ի կողմնորոշումը: Ընդդիմադիր գործընկերներին դիմելով նաեւ հանրաքվեում «այո»-ի կողմնակից ԲՀԿ մամուլի քարտուղար, պատգամավոր Վահան Բաբայանը հետեւյալ փաստարկն է ներկայացնում:
«Ուժեղ ընդդիմություն լինում է այն ժամանակ, երբ ունենում է օրենքով սահմանված լիազորություններ: Եթե չի ունենում լիազորություններ եւ լծակներ ընդդիմությունը գնում է փողոց եւ փողոցից է փորձում փոփոխությունների գնալ, որը 25 տարվա ընթացքում մեր երկրում չի հաջողվել: Եթե սահմանադրությունը չի փոխվում դուք հավատում եք, որ իշխանափոխություն եք անելու՞: Իշխանափոխություն անելու համար պետք են փոփոխություններ, հնարավորություններ: Եթե մերժում ենք «այո»-ն, ուրեմն մեզ համար շատ լավ է այն վիճակը, որն այսօր կա»:
Ընտրելով երեք հիմնական պատճառ, թե ինչու դեկտեմբերի 6-ին պետք է քվեարկել «այո» Վահան Բաբայանը թվարկում է. իշխանության գերկենտրոնացվածության համակարգից ազատվելու համար, ազատ եւ անկախ դատական համակարգի ձեւավորման համար եւ ընդդիմությանը նոր լրացուցիչ, վերահսկողական լծակներ տալու համար: Հատկապես վերջին պնդումը ամենամեծ աբսուրդն է համարում «Չեք անցկացնի» նախաձեռնության եւ ՀԱԿ կուսակցության անդամ Արշակ Մուսախանյանը: Իրական փոփոխությունների հիմքը ոչ թե Սահմանադրության, այլ՝ ընտրական համակարգի մեջ է, իսկ այն, ինչ արվում է այսօր Մուսախանյանը շատ վտանգավոր է համարում:
«Ընդդիմությանը պետք չէ ինչ որ ԵԽԽՎ-ում ընդդիմության ելույթներն ավելացնել կամ էթիկայի հանձնաժողովում ինչ որ այլ լիազորություններ տալ: Ես չեմ ցանկանում բերել երեք փաստարկ, ես կբերեմ ընդամենը մեկ փաստարկ: Այն քաղաքացիներին, որոնք կլսեն ինձ ես կոչ եմ անում քվեարկել «ոչ», որովհետեւ սա իշխանության վերարտադրություն է»:
Սա ասելով «ոչ»-ի կողմնակիցը բերում է հետեւյալ սխեման՝ 2 տարի հետո լրանում է գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը եւ նա առաջադրվելու այլեւս իրավունք չունի: Սահմանադրական փոփոխություններով ստեղծվում է մենաշնորհային քաղաքական դաշտ, որը կրկին հայտնվելու է Հանրապետական կուսակցության ձեռքում եւ, ըստ էության, ամեն ինչը ղեկավարվելու է հենց այդ կուսակցության ղեկավարի կողմից: Դեռեւս մի քանի ամիս առաջ՝ եռյակ-քառյակ ձեւաչափով գործընկերներ՝ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի այժմ տարբեր ճամբարներում հայտնված ներկայացուցիչների միջեւ առարկայական բանավեճը այսքանով էլ ավարտվեց:




