Միջազգային

Ֆրանսիական «Շարլ դը Գոլը» սկսել է ռմբակոծել «Իսլամական պետության» դիրքերը

marlenahovsepyan

Փարիզն ու Լոնդոնը խոստանում են սաստկացնել պայքարն «Իսլամական պետության» դեմ:«Մենք ավելի շատ ավիահարվածներ կհասցնենք ահաբեկիչներին, կոչնչացնենք այնպիսի թիրախներ, որոնք անդառնալի վնասներ կհասցնեն ահաբեկիչների բանակին»,- «Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ, ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ Փարիզում բանակցություններից հետո:

Օլանդը հաստատել է, որ ֆրանսիական «Շարլ դը Գոլ» ավիակիրը մտել է Միջերկրական ծով և մասնակցում է «Իսլամական պետության» դեմ պայքարին: Դեյվիդ Քեմերոնն իր հերթին տեղեկացրել է, որ Փարիզն ու Լոնդոնը մտադիր են համագործակցել նաև ավիափոխադումների անվտանգության ապահովման հարցում:

Իսկ Բելգիայում ոստիկանությունն ահաբեկչության դեմ գործողություններ իրականացնում է երկրի ներսում։ Անցած գիշեր այն իրականացրել է իր մասշտաբներով աննախադեպ հակաահաբեկչական գործողություն՝ ռազմական ուղղաթիռների մասնակցությամբ:

Ձերբակալվել է  16 մարդ: Թիրախում եղել է Սալահ Աբդեսլամը՝ փարիզյան ահաբեկչության կազմակերպման գլխավոր կասկածյալը, սակայն նրան այդպես էլ ձերբակալել չի հաջողվել: Աբդեսլամի անունով ամրագրված է եղել հյուրանոցների համարներ, որտեղ ահաբեկիչներն ապրել են մինչ փարիզյան ահաբեկչության իրականացումը:

Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ Բրյուսելում դեռևս հնարավոր է ահաբեկիչներ թաքնված լինեն, և վտանգավոր հարձակումների վտանգը դեռևս պահպանվում է: Բելգիայի վտանգների կոորդինացիոն կենտրոնը շարունակում է Բրյուսելի համար պահպանել վտանգի ամենաբարձր՝ չորրորդ աստիճանը: Բելգիայի մայրաքաղաքի դպրոցներն ու մետրոն, ինչպես նաև առևտրի և ժամանցի կենտրոնները, առաջիկա օրերին փակ կմնան:

Կարդացեք նաև

Back to top button