
Բաքվի Յասամալի շրջանում երեկ գիշեր անցկացված օպերատիվ որոնողական միջոցառումների արդյունքում հատուկ ծառայությունների աշխատակիցները կալանավորել են 42 մարդու, որոնք կասկածվում են իսլամիստ արմատականների հետ կապերի մեջ, ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Յասամալի շրջանի ոստիկանության վարչությունը:
Հատուկ ծառայության աշխատակիցները ներխուժել են Բաքվի թեյարան, որտեղ իսլամիստները կրոնական բնույթի միջոցառում են անցկացրել: Կալանավորվածներից մի քանիսի նկատմամբ «կրոնական արարողությունների պատրվակով անչափահասների ներգրավմամբ քաղաքացիների իրավունքների դեմ ոտնձգություն» հոդվածով քրեական գործեր են հարուցվել:
Ենթադրվում է, որ կալանվածները կարող են կապեր ունենալ Սիրիայի եւ Իրաքի տարածքում ռազմական գործողություններին մասնակից վարձու մոջահեդների հետ: Ադրբեջանական ԶԼՄ- ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են 3000-ից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 350-ից ավելի ադրբեջանցիներ:




