ԿարևորՀասարակություն

«Մալաթիան» կփակվի՞․ տոնավաճառի վերազինումը ձեռնտու չէ սեփականատիրոջը

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է փետրվարի 1-ից կասեցնել «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումի մի մասը չի վերացրել։ Ըստ էության՝ տոնավաճառի հետագա գործունեությունը կախված է ընկերության տնօրինությունից: Որքան շուտ կատարեն պահանջվող շտկումները, այդքան շուտ կվերաբացվի առևտրի կենտրոնը։ Տնօրինությունը, սակայն, հաշվի առնելով ներդրման ծավալը, նպատակահարմար չի գտնում այդ գումարը ծախսել թերությունները շտկելու վրա։ 

«Մալաթիա» տոնավաճառում դեռ չեն շտապում իրերը հավաքել։ Դրան դեռ ժամանակ կհատկացնեն։ Իսկ հիմա, ինչ էլ հասցնեն վաճառել, իրենց օգուտն է։ Տոնավաճառի փակման լուրը բոլոր առևտրականների համար էր անսպասելի։ Բայց եթե Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կարծում է, որ տոնավաճառի գործունեությունը հղի է վտանգներով, տնօրինությունը ստիպված է ենթարկվել տեսչական մարմնի որոշմանը։ Տեսչական մարմինը ստուգումների արդյունքում հանրային օբյեկտը ճանաչել է հրդեհավտանգ: Ըստ պետական կառույցի՝ տոնավաճառն աշխատել է բազմաթիվ խախտումներով: Առևտրի կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ բոլոր թերացումները վերացնելը մեծ ծախսերի հետ է կապված և չի պատրաստվում այդքան գումար ներդնել։

«Ես նոր տեսչական մարմնի պետի մոտ էի, նա որոշ բաներ ասաց, որ դեռ պետք է արվի։ Ես վաղը խնդրել եմ, որ մոտենան տոնավաճառ, առաջնային փոփոխությունները, որոնք ի վիճակի եմ, ես կշտկեմ, եթե ոչ, իրենց էլ եմ բացատրել , թե ինչու  բացելը հարմար չէ։ Ավելի լավ է՝ ընդհանրապես փակենք։ Ասում է՝ առաջնահերթ փոխեմ ամբողջ տարածքի առաստաղները, դռները, իսկ դա  գումար է։ Եթե պետք է 300.000- 400.000 ծախսեմ, միայն այդքանն անեմ, այդ գումարը ուրիշ բիզնեսի մեջ կներդնեմ։ Իրենք էլ իրենց  մասով են ճիշտ, ոչինչ չեմ կարող ասել»,– տեսչական մարմնի պահանջն այսպես է մեկնաբանում Սամվել Ավետիսյանը։

Տեսչական մարմնից պնդում են՝ կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ կատարված աշխատանքների որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին: Ստիպված են կասեցնել տոնավաճառի գործունեությունը։

 Ստեղծված իրավիճակը «Ռադիոլուրի» հետ  զրույցում պարզաբանում է տեսչական մարմնի պետի տեղակալ Արազ Պապիկյանը․

«Տնտեսվարողը պաշտոնապես գրություն էր ուղարկել տեսչական մարմնին և  աշխատանքը ներկայացրել էր կատարված։ Իրավիճակը տեղում ուսումնասիրվեց տեսչական մարմնի կողմից և գնահատվեց ոչ բավարար։ Այսինքն՝ հիմնական սպառնալիքը դեռ պահպանվում էր։ Տնտեսվարողին ծանուցվել է, որ կատարված աշխատանքը բավարար չէ, և անհրաժեշտ է դադարեցնել գործունեությունը»։

Որ տոնավճառի գործունեությունը լի է տարբեր վտանգներով, առաջին տարին չէ, որ ասվում է։ Սպառողների իրավունքներով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպություններ տարբեր առիթներով հաստատել են, որ այն նորմերին չի համապատասխանում։ Սպառողների իրավունքների պաշտպան Բաբկեն Պիպոյանը նկատում է, որ նման դեպքերում ոչ միայն պետական վերահսկողություն է պետք, այլև պետական աջակցություն․

«Անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովվի, բայց պետությունը պետք է օգնի և աջակցի բիզնեսին անվտանգության ապհովման հարցում։ Սեփականատիրոջ թերացումն էլ կա, բայց ինքն էլ չի արել իր պարտականությունները, որովհետև խաղի կանոնները լավը չեն եղել, որովհետև պետությունն անվտանգությունը առաջնային դասում չի դիտարկել։ Եթե պետությունը կարծում է, որ շուկան փակելուց հետո սոցիալական խնդիրներ են առաջանալու, ու ինքը պետք է աջակցի, ուրեմն պետք է սեփականատիրոջ հետ նստեն, հասկանան՝ ինչ մեխանիզմ են ներդնելու, ով որքան պարտավորություն  է ստանձնելու, ով ինչը որքանով է անում»։

Ինչ է, ի վերջո, սպասվում տոնավաճառի շուրջ 600 աշխատակիցներին, եթե այնուամենայնիվ, ոչ պետությունը, ոչ էլ  տնտեսվարողը իրավիճակը չշտկեն։ Տեսչական մարմնի  Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ իրենք սովորաբար ընթացք են տալիս այն գործերին, որոնց մասով քաղաքացիներից կոնկրետ բողոք ունեն։ «Մալաթիա» տոնավաճառի առևտրականներից տեսչականը դեռևս բողոք չի ստացել․   

 «Տվյալ ոլորտում՝ ինչպիսի փոխհարաբերությունների մեջ են գտնվում աշխատողները տնտեսվարողի հետ, այդ ինֆորմացիային չեմ տիրապետում։ Հետևաբար հստակ պատասխան այդ մասով չեմ կարող տալ, սակայն իրազեկման կարգով կարող եմ տեղեկացնել, որ եթե կլինեն աշխատողներ, որոնք գործունեության կասեցման արդյունքում ժամանակավորապես պարապուրդի կենթարկվեն, գործատուից կարող են իրավաչափորեն պահանջել վճարել իրենց աշխատավարձի 2/3-ի չափով։ Միևնույն ժամանակ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու  անորոշ ժամկետով կնքած պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, կազմակերպության լուծարման դեպքում»։

Ի դեպ՝ խոշոր առևտրի կենտրոններից միայն «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը չէ, որ կկասեցվի։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից փոխանցում են, որ առաջիկայում այլ խոշոր առևտրի կենտրոնների գործունեության դադարեցման մասին ևս կհայտարարվի։  Տեսչականում քաղաքականություն է փոխվել։ Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի։ Թերությունների հայտնաբերմանն  անմիջապես  հաջորդելու է գործունեությունը կասեցնելու որոշումը։

Back to top button