ԿարևորՀասարակություն

Պետական մարմինները լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն կունենան

Ազգային ժողովն այսօր քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և  Լիլիթ Մինասյանի հեղինակած նախագիծը, որով փոփոխություններ են նախատեսվում  «Զանգվածային լրատվության մասին» օրենքում: Առաջարկվում է  պետական մարմիններին լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն տալ։ Գործող օրենքը լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու իրավունք տալիս է միայն նրան հավատարմագրման ներկայացրած լրատվամիջոցին։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն առաջարկը  հետընթաց է որակում։

Խախտում թույլ տված լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից տվյալ լրատվամիջոցի կողմից,  հակառակ դեպքում՝  հավատարմագրումը կդադարեցվի պետական մարմնի կողմից։ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն առաջարկող նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ-ում օրինագծի քննարկման ժամանակ պարզաբանում է․ «Լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե աշխատանքային կանոնների խախտման համար նախատեսված գրավոր նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտել է այդ կանոնները»: 

«Խախտումն արձանագրվելու է աշխատանքային գոտում։ Խախտման վերաբերյալ ԱԺ աշխատակազմը տեղեկացնելու է լրատվական գործունեություն իրականացնողին։ Եթե նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում խախտումը եւս մեկ կրկնվում է  եւ լրատվական գործունեություն իրականացնողը ինքը չի դադարեցնում  տվյալ լրագրողի հավատարմագրումը, ապա այդ հնարավորությունը  ստանում է պետական մարմինը։  Այսինքն՝ մենք արձանագրում ենք, որ լրատվամիջոցը չի զրկվում պետական մարմնում գործունեություն իրականացնելու հնարավորությունից եւ որեւէ իրավունք չի ոտնահարվում։  Այդ դեպքում աշխատանքային բնականոն միջավայրը վերականգնելու համար, քանի որ արձանագրվում է մի քանի խախտում  նույն լրագրողի կողմից, պետական մարմինը դադարեցնում է վերջինի հավատարմագրումը՝ լրատվամիջոցներին հնարավորություն տալով փոխարինել լրագրողին այլ լրագրողով»:

Փոփոխությունը,  հեղինակի խոսքով,  պետական մարմիններում համակեցության կանոնները պահպանելու նպատակ ունի։ Սա փոփոխություն է լրագրողների բնականոն աշխատանքն ապահովելու համար՝ ասում է Արթուր Հովհաննիսյանը: 

ՔՊ–ից Գեւորգ Պապոյանը նախագծի նպատակները  հստակեցնելու համար որոշ հարցադրումներ է անում՝  արդյո՞ք  լրատվամիջոցին օրենսդրորեն աջակցելու քայլ է ձեռնարկվում։ Արթուր Հովհաննիսյանի արձագանքը դրական է։ Շատ լրագրողներ խանգարում են բարեխիղճ գործընկերների աշխատանքը՝ ասում է և  նրանց գործունեությունը համեմատում ընդդիմադիրների աշխատանքի հետ․

«Ճի՞շտ ենք հասկանում, որ սա ԱԺ–ի կողմից լրագրողական համայնքին աջակցության միջոց է, գործիք , որովհետեւ իմ կարծիքով, ցավոք սրտի կան լրագրողներ, որ այդ մասնագիտությանը ոչ հարիր վարքագիծ են երբեմն դրսեւորում, ինչի հետևանքով ամբողջ համայնքի համար խնդիրներ են առաջանում եւ հանրության մոտ կարծիք է ձեւավորվում, որ այս մասնագիտությունը հենց այդպես էլ պետք է լինի։

«Այո ճիշտ եք, մի քանի լրագրողի պատճառով ստվերվում է բարեխիղճ լրագրողների աշխատանքը։ Եվ այո, կան մի քանի լրատվամիջոցներ, որոնք կազմակերպված փորձում են փչացնել ամեն ինչ։ Կան քաղաքական ուժեր, որոնք կազմակերպված փորձում են փչացնել ամեն ինչ, օրինակ, մեր ընդդիմադիրների պատճառով էլ ԱԺ–ի վարկանիշն է ընկնում։ Սա նույն պատմությունն է»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողին հավատարմագրումից զրկելու առաջարկը  խնդրահարույց է որակում։ Կարծում է՝ այդ քայլով պետական մարմինները պայմանները հարմարեցնում են իրենց, ոչ թե՝ լրագրողին։  Ի վերջո, նրա խոսքով, հավատարմագրում իրականացնելով՝ պետական մարմինը ոչ թե լավություն է անում լրատվամիջոցին կամ լրագրողին, այլ հնարավորություն է տալիս  լուսաբանելու պետական այս կամ այն կառույցի գործունեությունը։

«Ի վերջո, եթե օրենքով նախատեսվում է, որ պետական մարմինը ստեղծում է այնպիսի կարգ, որը խախտելու համար լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից, ապա մենք կարող ենք նաեւ ենթադրել, որ պետական մարմինը հարմարեցնում է  այդ պայմանները իրեն եւ ոչ թե լրագրողին։ Եվ եթե այդպես է անում, ապա մի օր կարող է լրագրողի վարքը դուր չգալ, մյուս օրը՝ հագուկապը, իսկ մյուս օրն այն, թե ինչպես է ինքը գրում եւ լուսաբանում պետական մարմնի գործունեությունը , ինչը սկզբունքորեն անընդունելի է ու հակասում է խոսքի ազատության պահանջներին»։

Տեղեկատվական դաշտը  կանոնակարգելու  գործընթացը սկսվել է դեռ նախորդ տարեվերջից՝ հիշեցնում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը ու նշում՝  դեռ այն ժամանակ մասնագիտական հանրույթը բացասական է գնահատել օրենսդրական փոփոխություններից մի քանիսը։

 Այսօր պարզապես տեխնիկական խնդիրներ են լուծվում, մոտեցումներն արձանագրվել են դեռ նախորդ տարի։ Դրանք հնացած են եւ չեն համապատասխանում ժողովրդավարական հասարակության ժամանակակից պահանջներին, քանի որ միջազգային պրակտիկայում հավատարմագրումն ընկալվում է ոչ թե պետական մարմնի, այլ լրագրողների իրավունք՝ ասում է Մելիքյանը։  

«Ամեն ինչ պատրաստել են իրենց պատկերացումների հիման վրա եւ ոչ թե միջազգային փորձի ուսումնասիրության, լավագույն պրակտիկայի կիրառման հիման վրա։

Նախագիծը ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների հետ չի քննարկվել ՝ ասում է Աշոտ Մելիքյանը և հիշեցնում ՝ վերջերս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ԱԺ–ի գլխադասային հանձնաժողովի ու արդարադատության նախարարության հետ հուշագիր են ստորագրել, որով ամրագրել են՝ ցանկացած օրենսդրական փոփոխություն պետք է  քննարկվի  ու համաձայնեցվի լրագրողական համայնքի և ոլորտում մասնագիտացած կազմակերպությունների հետ։

Back to top button