ԿարևորՏնտեսական

Գենոմային տեխնոլոգիաները հեղափոխություն են խոստանում գյուղոլորտում  

Հայաստանում այս տարի տեղական արտադրության պարենամթերքը կշարունակի թանկանալ՝ մասնագետների կանխատեսումներն են՝ կապված ծառայությունների, պարարտանյութերի, դիզվառելիքի, թունաքիմիկատների գների բարձրացման հետ։ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար, փորձագետ Գառնիկ Պետրոսյանի գնահատմամբ՝ լուծման ենթակա առաջնային խնդիրը տեղական սերմնաբուծության կազմակերպումն է։

Մինչ գյուղատնտեսներն առկա խնդիրներից են խոսում, Գիտությունների ազգային ակադեմիայում գյուղատնտեսության ոլորտում  հեղափոխություն են խոստանում գենոմային տեխնոլոգիաների կիրառմամբ։ Գիտնականները վստահ են՝ դրանք են ժամանակակից ագրոարդյունաբերությունն առաջ մղող ուժը։

Պարենամթերքի գների համատարած  բարձրացումից Հայաստանը չի խուսափի՝ մասնագետների կանխատեսումներն են։ Պետք է պատրաստ լինել ոչ միայն ներկրվող պարենամթերքի, այլև տեղականի գնաճին, քանի որ կտրուկ թանկացել են պարարտանյութը, դիզվառելանյութը, սերմացուն, թունաքիմիկատները, ինչը չէր կարող չանդրադառնալ  նաև արտադրանքի ինքնարժեքի վրա։ Եթե տարիներ շարունակ կարողացել ենք ինքնաբավ լինել, օրինակ, կարտոֆիլի, խաղողի, բանջարաբոստանային մշակաբույսերի մի շարք տեսակների առումով, ապա հացահատիկի առումով մտահոգվելու տեղ ունենք, և դրա արտադրության նվազման միտումը շարունակվում է։ Գարնանացան մշակաբույսերի նվազում ևս ունենք՝ նկատում է գյուղատնտեսության նախկին փոխնախարար  Գառնիկ Պետրոսյանը։

«Թեև Արարատյան դաշտում վաղահաս կարտոֆիլի տունկը կատարվեց նախորդ տարիների համեմատ ավելի մեծ ծավալով, բայց  մարտ-ապրիլին, տեղումների բացակայությամբ պայմանավորված,  ցանքերն ուշ սկսեցին ծլել, և բարձր բերք պետք չէ սպասել։  ՀՀ մյուս հատվածներում, որտեղ ուշահաս կարտոֆիլի տունկ է կատարվում, տեմպը գոհացուցիչ է։  Կարտոֆիլի պակաս չենք ունենա»։

Այս տարի լավ բերք են խոստանում խաղողի այգիները, ինչը չի կարելի հուսալ ծիրանի մասով, քանի որ ցրտահարություն է եղել։ Ծիրանի միջին բերք կունենանք և նույնիսկ կկարողանանք արտահանել։ Նույնը կանխատեսումը նաեւ դեղձի և կեռասի  մասով է։ Անասնապահության առումով մասնագետը պակաս լավատես է։ Հետպատերազմյան շրջանի դժվարությունները շարունակվում են, չի լուծվում կերի ապահովման խնդիրը, ինչը հանգեցնում է անասնագլխաքանակի, այդպիսով նաեւ կաթի եւ մսի արտադրության նվազման։ Ամենալուրջ խնդիրը, սակայն, պարենային ցորենի ապահովումն է տեղական արտադրության հաշվին։

«Եթե տարիներ առաջ 40-45 տոկոս ինքնաբավության մակարդակ ունեինք, ապա այսօր այն նվազել է և ցածր է նույնիսկ 25 տոկոսից։  Առաջնային խնդիրը, որ պետք է լուծել,  տեղական սերմնաբուծության կազմակերպումն է»։

Մինչ Գառնիկ Պետրոսյանը մտահոգվում է գյուղոլորտի խնդիրներով, ԳԱԱ-ում գենոմային տեխնոլոգիաների կիրառմամբ նոր լուծումներ են փնտրում։  ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը լուրջ հույսեր է կապում ամերիկյան «Իլյումինա» ընկերության հետ, որը ամենաարդի գենոմային տեխնոլոգիաների արտադրողներից է։ Դրա հետ գործակցության քայլեր են նախանշվում։

«Իլյումինան» խոշորագույն ընկերություն է, որն արտադրում է ամենահայտնի սեկվենատորները աշխարհում, որոնք թույլ են տալիս կարդալ ԴՆԹ այբուբենը, այդ տեսակետից «Իլյումինայի» ներկայացուցչության այցը Հայաստան չափազանց կարևոր է»։

Գենոմային տեխնոլոգիաները, որոնք արդեն տարածված են զարգացած երկրներում,  թույլ են տալիս ավելի արդյունավետ բուծել կենդանիներ կամ բույսեր, արագ հայտնաբերել տարբեր կենդանիների և բույսերի հիվանդությունները, մշակել  նոր, տարբեր «սթրեսային» պայմանների ավելի ադապտացված  բուսատեսակներ։  Այժմ արդեն գենոմային նորագույն տեխնոլոգիները և դրանց կիրառման մոտեցումները  ներկայացվում են հայ արտադրողին։ Եթե, օրինակ, նոր տեսակի օրգանիզմ ստանալու համար խաչասերում է տեղի ունենում, ապա սպասում են արդյունքներին, հետո մի քանի անգամ  կրկնում պրոցեսը՝ ցանկալի արդյունքի հասնելու համար, ապա գենոմային տեխնոլոգիաների շնորհիվ  հնարավոր է միանգամից գտնել անհրաժեշտ հատկանիշերով գեները և ըստ այդմ ստանալ ցանկալի արդյունքը։  Գենոմային տեխնոլոգիան ավելի կանխատեսելի արդյունք է խոստանում՝ ասում է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

«Եթե, օրինակ, խաղողի վիրուսային հիվանդության հայտնաբերումը տևում է շատ  երկար, նույնիսկ շաբաթներ են անհրաժեշտ բույսի վիճակը վիզուալ գնահատելու և խնդիրը բացահայտելու համար, ապա գենոմային տեխնոլոգիաների շնորհիվ մի քանի ժամվա ընթացքում հստակ ախտորոշում կտրվի»։

Գենոմային սարքերը գյուղատնտեսությունում  ավելի մեծ արդյունք են խոստանում, բայց նաեւ բավականին թանկ արժեն։  Գոնե դրանց վարձակալությունը ֆերմերները կարող են իրենց թույլ տալ՝ կարծում է Ռուբեն Հարությունյանը։    

«Ես չեմ կարծում, որ մեր ֆերմերներն այս փուլում կարող են տալ տասնյակ հազար դոլարներ, այնպես որ ավելի կարևոր է, որ դա ունենան ակադեմիայի ինստիտուտները և ագրոհամալսարանը ու իրենք դա վարձով հատկացնեն։  Սեկվենատոր պահելը մեծ ծախսերի հետ է կապված, և պետք է լինի պահանջարկ, որպեսզի դա բավարարվի։ Չի կարելի երկու ամիսը մեկ սեկվենատորը միացնել, աշխատացնել, հետո անջատել»։

Ակադեմիայի գիտնականները ներկայում բանակցում են «Իլյումինա» ընկերության հետ՝ դրա արտադրած գենոմային սարքավորումներն  ավելի մատչելի տարբերակով ձեռք բերելու շուրջ։  Ի վերջո՝ դա փոխշահավետ կլինի․ եթե մեզ դա ահնրաժեշտ է ագրոարդյունաբերության զարգացման առումով, ապա իրենց էլ կհետաքրքրեն  հայաստանյան գյուղատնտեսության մեջ դրանց կիրառման արդյունքները։

Back to top button