ԿարևորՀասարակություն

«Դավինչի» տուրընկերությունը խաբել է քաղաքացիներին․ նրանք պահանջում են չստացված հանգստի վրա ծախսած գումարները

Քաղաքացիներ ահազանգում են, որ դարձել են տուրիստական ընկերության խաբեության զոհը։ «Դավինչի» տուրիստական կազմակերպությունից գնել են արտերկրում հանգստի ուղեգրեր, հետո պարզվել է, որ իրենց անունով տոմսեր չկան, հյուրանոցները գումարը չեն ստացել, ամրագրումներ չեն արվել։  Բողոքող քաղաքացիները մի քանի տասնյակ են։ «Դավինչի»  զբոսաշրջային ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

«Ընտանեկան փաթեթ, հինգ հոգու համար, որտեղ առաջարկվող արժեքը շուկայականից մի փոքր մատչելի էր»: Սեդա Գասպարյանը «Դավինչի» տուրիստական ընկերության մասին տեղեկացել է համացանցից, ուշադրությունը գրավել են մատչելի փաթեթները՝ տարբեր ուղղություններով։ 2 տարի կուտակած կանխիկ գումարով տեղում գնել է երկար սպասված  հանգստի փաթեթը,  վերցրել պայմանագիրը ու վերադարձել տուն։

Պատմում է․ «Թռիչքի նախորդ օրը եթերով տեսա ընկերության շուրջ բարձրացված աղմուկը։ Պարզվեց, որ չեղարկվել է հյուրանոցի ամրագրումը, այսինքն, մենք հայտնվել ենք օդում։ «Դավինչի» տուրիստական ընկերությունը իմ ընտանիքին  պատճառել է շուրջ 2 մլն 300 հազար դրամի վնաս։ Դիմել եմ ոստիկանություն»։

«Դավինչի»  զբոսաշրջային ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 178 հոդվածով՝ խարդախության հատկանիշով: Բազմաթիվ քաղաքացիներ կանխիկ գումարով գնել են համապատասխան փաթեթներ՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն պարզվել է, որ իրենց անունով տոմսեր չկան, հյուրանոցներում համարներ չեն ամրագրվել։

Փաստաբան Րաֆֆի Ասլանյան ու հարազատները ևս դարձել են խարդախության զոհ։ Տուրիստական փաթեթները առաջարկվել են շուկայականից շուրջ 30 տոկոս ցածր գնով, ինչը որպես խայծ է օգտագործվել,-ասաց փաստաբանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում։

«Հաճախորդները, որոնք մեկնել են օդանավակայան, պարզել են, որ օդանավակայանում իրենց անվամբ ավիատոմսեր ամրագրված չեն։ Նաև այնպիսի հաճախորդներ են եղել, որոնք մեկնել են Եգիպտոս, Մալդիվներ, Դուբայ ու հյուրանոցի բակում են պարզել, որ ամրագրումներ չունեն»։

Րաֆֆի Ասլանյանի տեղեկացմամբ՝ վարույթն իրականացնող մարմնին դիմել է ավելի քան 60 քաղաքացի,  բայց խաբվածների իրական թիվն ավելի մեծ է՝ մի քանի հարյուրի է  հասնում․

«Բազմաթիվ մարդիկ դիմում են նաև  Հունաստանից, Դուբայից։ Նրանք  դեռ չեն ժամանել Հայաստան։ Այս մարդիկ ևս վերադառնալուց հետո դիմելու են ոստիկանություն։ Տուրիստական ընկերությունում, ըստ էության, աշխատակիցները որևէ բացատրություն չեն տվել։  Սա ցանկացած հանցավոր մեխանիզմի բնորոշ վարքագիծ է։  Իրենք ի սկզբանե հասկացել են, թե ինչ են անում, և այնպես չէր, որ հարյուրավոր քաղաքացիների հավաքվելն ու բողոքը իրենց համար անակնկալ էին։ Փորձում են այդ ամեն ինչը տանել քաղաքացիաիրավական դաշտ՝ իբրև իրենք էլ մեղավոր չեն։ Բայց երբ ես ուսումնասիրում եմ տեղի ունեցածի հանգամանքները, ինձ համար սա ակնհայտ հանցագործություն է՝ կեղծված տոմսերով, կեղծված վաուչերներով»։

Տուրիստական ընկերության հեռախոսահամարներն այսօր չէին պատասխանում, գրասենյակի դռները փակ էին։ Այս պատմությունը, սակայն, միակը չէ։ Նման աղմուկ բարձրացավ նաև անցյալ տարի՝ Beauty of Armenia տուրիստական ընկերության շուրջ։ Տուժել էր 100-ից ավելի քաղաքացի։

Արդյո՞ք դեպքերի կրկնությունը չի վկայում, որ խարդախություն գործածները մնում են անպատիժ․ ինչ ընթացք կստանա այս վերջին գործը, ժամանակը ցույց կտա: Իսկ ինչպե՞ս կողմնորոշվել տուրգործակալությունների շուկայում, որպեսզի խաբեության զոհ չդառնանք։ Զբոսաշրջիկների մեծ մասի համար առաջին կողմնորոշիչը գինն է, որն էլ հաճախ դառնում է «թակարդի մեջ դրված պանիր»։ 

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը հորդորում է անպայման պահանջել պայմանագրի օրինակը և ստորագրելուց առաջ մանրամասն ծանոթանալ դրան․  

«Ցավոք, շատ քչերն են, որ այդ պայմանագրերը կնքում են։ Կամ եթե կնքում էլ են, այդ անհրաժեշտ դրույթները չեն լինում նախատեսված։ Այդ պայմանագրերը միայն զբոսաշջային ընկերությունների շահերին են ծառայում։ Որտեղ մի քիչ էժան բան են առաջարկում, աչքներս փակ վազում ենք, ո՛չ պայմանագիր ենք կնքում, ո՛չ պայմաններին ծանոթանում։ Միայն մի փոքր էժան գինը մեզ կուրացնում է։ Հետո կանգնում ենք փաստի առջև»։

Խնդրի լուծում կարող է լինել լիցենզավորման համակարգի ներդրումը,- նկատում է մասնագետը։ Հավաստիացնում է՝ դրանով էապես այլ իրավիճակ կունենանք։ Բոլոր խնդիրները միանգամից չեն վերանա,   բայց ոլորտը զգալիորեն կհամակարգվի։

Back to top button