ԼուրերԿարևորՀասարակություն

«Պիտի ապրենք». երգում են արցախցի երեխաները

Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում անսովոր իրարանցում է։ Այստեղից շուտով դեպի աշխարհ, դեպի տիեզերք է ուղարկվելու արցախցի փոքրիկների կոչը։ Այնքան գունավոր, այնքան ուրիշ ու ջերմ է ամեն ինչ։ Նրանք վստահ են, որ աշխարհն իրենց կոչին անպայման ականջալուր կլինի, և, որ ամենակարևորն է, բարին կհաղթի, ու իրենք տուն կվերադառնան, միայն թե մինչ այդ պետք է երգի ձայնագրությունն ավարտել ու անպայման խրոխտ, ճիշտ և հաղթանակած երգել։

Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը արդեն մի քանի օր է Երևանում է։ Եկել է, ինչպես ինքն է ասում, տեսնելու, թե իր երեխաները ոնց են տեղավորվել, ինչպես են։ Տպավորություններն անքան շատ էին, որ շուտով դարձան նոր երգի բառեր, իսկ կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանն էլ գրեց երաժշտությունը։

«Էդգար Գյանջումյանը զանգեց ինձ ու ասաց, որ բառերը կարդալուց հետո շատ է հուզվել։ Հաջորդ օրը ես անմիջապես զանգահարեցի, երեխաներին, գտա նրանց, հավաքեցի ու պայմանավորվեցինք, որ գնանք Էդգարի դպրոց»,– ասում է Աիդա Գյանջումյանը։

Փորձերն ավարտել են, ու եկել են իրենց գործը վերջնակետին հասցնելու։ Ստեփանակերտից փոքրիկ Վիկտորյան 12 տարեկան է բայց արցախցուն հատուկ վստահությամբ ու անկոտրում կամքով ասում է․․․

«Մենք այս երգով ուզում ենք աշխարհին ասենք, որ մենք ուզում ենք ապրենք խաղաղ երկնքի տակ, այլ ոչ թե կռիվների ու պատերազմերի մեջ։ Մեր երկիրը պետք է բոլորը ճանաչեն ու իմանան, որ Արցախը մերն է, և չպետք է տանք ուրիշին»,– ասում է արցախցի Վիկտորյան։

Փոքրիկները աշխարհին ասում ու պահանջում են, որ խաղաղ ապրեն, երգով ապրեն, ապրեն հանուն կյանքի, հանուն սիրո ու խաղաղության։ Իրենց կոչը աշխարհին լսելի դարձնելու համար երգում նաև անգլերենով հատվածներ կան․ պետք է աշխարհը լսի ու օգնի, որ, ինչպես երեխաներն են երգում ասում, բարին հաղթի մոլորոկում։

Երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանն ասում է, որ իր ամենամեծ ցանկությունն այն է, որ այս երեխաները, անկախ ամեն ինչից, միշտ վստահ լինեն, որ բարին հաղթում ու հաղթելու է, որ ցանկացած չարիք դատապարտված է ոչնչացման։

«Սա կոչ է, որ եկեք խաղաղ ապրենք, եկեք արդար ապրենք։ Ես հավատում եմ որ այս կոչը տեղ կհասնի, խաղաղություն կլինի, և երեխաները կապրեն իրենց ազատ, պայծառ  հայրենիքում։ Այս կոչին ականջալուր չլինելը չի կարող անհետևանք մնալ»,– ասում է կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը։

 «Թողեք ապրենք, ապրենք և արարենք»․ այս բառերի հեղինակը վստահ է, որ ինչքան էլ ցանկանան արցախցուն բնաջնջել․ չեն կարողանա․․․ Հարցազրույցն ընդհատվում է․ տիկին Գյանջումյանը հուզվում է, բայց ինքն իրեն ուղղում և ավելի վստահ շարունակում։

«Արցախի ժողովուրդը այնքան կամք ունեն։ Անհնար է ստեղծել ինչ–որ զենք, որով հնարավոր կլինի ոչնչացնել Արցախի ժողովրդին։ Արցախում ապրում են լեռնային ոգով տոգորված, ապրելու մեծ ցանկություն ունեցող, իրենց արմատներին կառչած ժողովուրդ»,– ասում է Աիդա Գյանջումյանը։

Նա վստահ է շատ շուտով աշխարհի տարբեր կողմերում, մանուկների ձայնը լսելով, սթափվելու են։

Back to top button