ԿարևորՀասարակություն

Ինչ եղան Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդի արձանները նախկին Հոկտեմբերյանում

Ներկայիս Արմավիր, նախկին Հոկտեմբերյան քաղաքը  1917թ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության ծնունդն է: Բնակավայրն  այս անվանումը ստացել էր դեռ 1935 թ-ին: Թերևս սա է պատճառը, որ Խորհրդային Միության տարիներին Հոկտեմբերյան քաղաքում  կանգնեցվել էր միայն հեղափոխության առաջնորդի 3 հուշարձան:

Լենինի ծննդյան օրերը նշվել են շուքով, որոնք այդ ժամանակաշրջանում իրադարձային են եղել՝ հոկտեմբերիկները դարձել են պիոներներ, պիոներները կոմերիտականններ, ապա կոմունիստներ: Լենինի արձանները Միության փլուզումից հետո հանվել են: Դրանց ճակատագրերն անհայտ են, բայց  կան նաև պահպանված արձաններ նախկին Հոկտեմբերյանի շրջանի որոշ բնակավայրերում։ Ռադիոլուրը ապրիլի 22- ին` Լենինի 150- ամյակի օրը, փնտրել է նրա արձանները:

Միայն Արմավիր քաղաքում կար Լենինի 3 հուշարձան. մեկը քաղաքային զբոսայգում էր, մյուսը`  կայարանամերձ հրապարակում, 3-րդը՝ Արմավիրի թիվ 6 դպրոցի բակում:  Մինչև 1988 թվականը, այսինքն՝ ազգային զարթոնքի ժամանակաշրջանը, Լենինի  արձանները կանգնած էին: Խորհրդային Միության տարիներին  առաջնորդի  ծննդյան օրը՝ ապրիլի 22-ին  հուշարձանների մոտ տեղի են ունեցել մեծ միջոցառումներ: Բազմավաստակ մանկավարժ, Մայիսյան գյուղի դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել էր  ավագ ջոկատավարից, աշխատել է Արմավիրի թիվ 6 դպրոցում: Ասում է՝ քաղաքային զբոսայգում Լենինի արձանը տեղադրվել էր 1957թ-ին, նվիրված է եղել  Հոկտեմբերյան հեղափոխության 40-ամյակին:

Լենինի 2-րդ արձանը գտնվել էր  Հոկտեմբերյանի պահածոների գործարանի դիմաց, որն ավելի ուշ տեղափոխել են մոտակա դպրոցի բակ: Միջոցառումները իրադարձություն են եղել քաղաքի կյանքում։ Այդ հիշողություններ է թարմացնում  74-ամյա Մյասնիկ Մանուկյանը: Նրա հայրը Իշխան Պետրոսյանի հետ  աշխատել է 6-րդ դպրոցում, պատմելիս  աչքերը փայլում են, դեմքին ժպիտ է գալիս.

«Իմ հայրը 6-րդ դպրոցում դաստիարակչական գծով տնօրենի տեղակալ էր, կազմակերպեցին, Լենինի արձանը բերեց, դրեց դպրոցի դիմաց, որովհետև ինքը հին կոմունիստ էր»:

Իշխան Պետրոսյանը  պատմում է, որ  արձանի բացմանը մասնակցել են Խորհրդային Հայաստանի ղեկավարները։

«1975թ-ին Հոկտեմբերյանի պահածոների գործարանը Լենինի հուշարձանը նվիրեց 6-րդ դպրոցին, որի բացմանը ես ներկա եմ եղել, որովհետև աշխատում էի ավագ ջոկատավար: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի ղեկավարներից շատ մեծերը: Ուղղակի այսօր պատվանդանն է մնացել, որի վրա տեղադրվել է այն ազատամարտիկի դիմաքանդակը, ում անունով կոչվում է դպրոցը: 1988թ-ին ազգային ազատագրական  շարժման տարիներին Լենինի արձանները հանվեցին: Իմ կարծիքով դրանք, որպես գեղարվեստական արժեքներ, պետք է ինչ որ մի տեղ պահվեին»:

«Բոլոր դեպքերում կարելի էր չհանել, ի՞նչ տարբերություն էս հուշարձանն է, թե՞ էն, դա ինչ որ  պատմական մի բան էր»,- ասում է Մյասնիկ Մանուկյանը:

Ազգային զարթոնքի տարիներին փլուզվեց Խորհրդային Միությունը,  գրեթե բոլոր գյուղերում ու քաղաքներում տապալվեցին Լենինի արձանները: Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի կենտրոնում,  հենց մանկապարտեզի բակում, մի  դատարկ պատվանդան կա: Համայնքապետարանի աշխատակից Վանուշ Խաչատրյան  զավեշտալի դեպք պատմեց.

«Լենինի արձանը պահեստավորված ա, առանց գլխու: Կոմունիստների փլուզման ժամանակաշրջանն էր, բղավում էին՝ ա՜յ, հուպ տու՜ր, Լենինը մեզի կերա՜վ, էս էրեց, էն էրեց, ջանդկով, գլխով պոկին, տփին գետին, գլուխն առանձին ա, ջանդակն՝ առանձին, եսիմ ինչ էրին, բերին քցին կոլխոզի տարածքը: Մի օր էլ ես վախեցա, շաքար ստացա: Միամիտ էթըմ էի, տեսա խոտերի մեջ պառկած ա ջանդակը, իմացա մարդ ա: Հետո նոր իմացա, որ Լենինն ա»:

Լենինի արձանի ամբողջական պատկերը կա  գյուղի  պատմությունը   ամփոփող ալբոմում:

 Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքում էլ գյուղացիներից մեկի տան բակում ինքնաշեն պատվանդանի վրա պատվավոր տեղ է զբաղեցրել Էջմիածնի մշակույթի տան բակից բերված  Լենինի  կիսանդրին: Լեռնամերձը երկար տարիներ համարվել է Հայաստանի միակ  կոմունիստական  գյուղը, որտեղ  նշել են լենինյան միջոցառումները: Իսկ Շիրակի մարզի Ամասիա համայնքի  մշակույթի կենտրոնին կից բազմահարկ բնակելի  շենքի հետնաբակում կանգնեցվել է Ուլյանովի ամենամեծ արձանը: Այն համայնքի կենտրոնից  իրենց շենքի բակ է տեղափոխել Մուշեղը: Կինը՝ Սուսաննան, պատմում է, որ արձանը հանվել ու շպրտվել էր դեռ 30 տարի առաջ, իսկ ամուսին  3-4 տարի առաջ բերել ու տեղադրել է շենքի բակում.

«Երկրորդ հարգը կաբրիմ:  Նոր դրած ժամանակ առավոտ հելել եմ, ըսի՝ բարի լույս, ամուսինս զարմացավ, ըսեց՝ ում կբարևես, ըսի՝ Լենինին: Հըմի մեր Լենինն է, ճիշտ է, ինքը վատ բաներ է էրել հայերին, բայց դե արձանը պահել ենք: Ստեղ, կոմունալի հետևը շպտրած էր: Մենակ ինիքն է բերել: Էդ պահին հարմարցրեց, ստեղ շինարարություն կէրթար, կռան կար, ավտո կար, խոսաց հետները, բերեց»:

Հայաստանի տարբեր համայնքներում դեռ կարող ենք հանդիպել այսպիսի պատմությունների, հնարավոր է լինեն նաև առաջնորդի պահպանված արձանները, որոնք գրեթե նույն կերպ էին քանդակվել` կեպին՝ ձեռքին, կամ՝ մի ձեռքն առաջ մեկնած: Տարին հոբելյանական է 1917թ հեղափոխության առաջնորդի համար:

Back to top button