ԿարևորՀասարակություն

Հակակոռուպցիոն կոմիտե․ հերթական կառո՞ւյց, թե՞ գործուն մեխանիզմ

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագիծը հանրային քննարկման փուլ է մտել։ Օրինագծով առաջարկվում է ստեղծել նաեւ հակակոռուպցիոն քննչական մարմին։

Քաղհասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայում վստահ են, որ այն մեխանիզմները, որոնք դրվում են օրինագծի հիմքում՝ հակակոռուպցիոն պայքարում էական տեղաշարժեր են բերելու։ Այս փուլում օրինագծի հետ կապված առաջարկություններ են հավաքագրվում։  

Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի համակարգն ունի տեր՝ այսօրվա քննարկման ժամանակ հայտարարեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։

 «Մենք ամեն ինչ անելու ենք, որ իրականություն դառնա. Հայաստանից գողացված ակտիվները վերադարձվելու են էն քաղաքացիներին, ումից գողացվել է։ Որեւէ մեկը չի կարողանալու վայելել այն գողացված գումարները, որ հասարակությունից գողացվել եւ դուրս են հանվել, թեկուզ՝ ամենախելացի սխեմաներով, թեկուզ՝ ամենաթանկ փորձագետների օգնությամբ։ Վստահ եղեք այս կարողությունները ստեղծվելու են»,–ասաց Զադոյանը։

Նրա խոսքով՝ նման կարողություններ են ստեղծվում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրինագծով։ Հակակոռուպցիոն կոալիցիան հավատում է, որ այն կլինի ոչ թե ուղղակի հերթական կառույց, այլ՝ գործուն մեխանիզմ, որի ձեռքերը հասնեն բոլոր կոռուպցիոներներին։

 «Սա ոչ միայն նախկինի մասով է։ Շատ կարեւոր է նաեւ ներկայի մասով, որ ներկա պաշտոնյաների համար նույնպես այս քաղված դասերը կարեւոր լինեն։ Պետք է հասկանալ, որ Հայաստանում արդեն ինստիտուցիոնալ համակարգ է ձեւավորվում եւ անկախ անձերից, այս պահի քաղաքական իշխանություններից, այդ համակարգը լինելու է գործուն եւ աշխատող» ,– նշեց Հայաստանի քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգողը։ 

Այս հարցում հակակոռուպցիոն կոալիցիան սատարում է քաղաքական իշխանությանը, սակայն, դա չի նշանակում, թե բացթողումները չեն ասելու։ Փաստարկված քննադատություններ միշտ էլ լինելու են՝ նշեց Կարեն Զադոյանը։

«Դրա վառ օրինակը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խայտառակ ընտրություններն էր, այսպես ասեմ՝ քաղաքական նշանակումները, որը մեծ ռիսկ է ստեղծել, որ այդ մարմնի արդյունավետ աշխատանքի սկիզբը բարեհաջող լինի»։  

Դրա համար էլ օրինագծով առաջարկվում է, որ հանձնաժաղովականների ընտրությունը մրցութային կարգով լինի, որ բոլոր արժանավորները հնարավորություն ունենան համալրելու այդ հաստատությունը։ Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, սակայն, չկիսեց կարծիքը, թե հանձնաժաղովի ձեւավորման խայտառակ գործընթաց է եղել։

«Ես այդ կարծիքին չեմ։ Օր առաջ պետք էր կազմավորել հանձնաժողովը եւ սկիզբ դնել դրա գործունեությանը։ Ընտրվեց հանձնաժողովի կազմավորման մեկ այլ տարբերակ, որը, կարծում եմ,  այսօր չպետք է կասկածի տակ դնի հանձնաժողովի անկախությունը»,– ասաց Գալյանը։  

Արդարադատության նախարարի տեղակալը նաեւ նշեց, որ մրցութային կարգի անցումը նախատեսված է, իսկ ռազմավարությունն էլ հնարավոր է փոփոխել եւ հենց այդ ամենին էլ կոչված են մեկնարկած հանրային լայն քննարկումները։ Սրբուհի Գալյանի խոսքով՝  կարեւոր է, որ հակակոռուպցիոն կոալիցիայի եւ կառավարության քաղաքական կամքը համընկնում են։    

«Խոսքս այն մասին է, որ այո, Հայաստանը պետք է զերծ լինի կոռուպցիոն դրսեւորումներից, այո, Հայաստանում պետք է 0 հանդուրժողականություն լինի կոռուպցիայի հանդեպ»։

Հակակոռուպցիոն հասարակական կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արփինե Հակոբյան․ «Քաղաքական կամքը թերեւս կարեւոր նախադրյալ է, բայց միակ նախապայմանը չէ կոռուպցիան արմատախիլ վերացնելու համար։ Կարեւոր է որպեսզի լինեն նաեւ ինստիտուցիոնալ համակարգի ներդրում»։ 

Նման համակարգ ձեւավորելու միտմամբ էլ օրինագիծը տեղափոխվել է հանրային քննարկման փուլ եւ այդ ընթացքում հավաքագրվելու են բոլոր առաջարկները՝ նախագծի հետագա մշակման համար, ինչի հետ կապված պատրաստակամություն հայտնեց ԱՆ ներկայացուցիչը։  

Back to top button