ԿարևորՀասարակություն

Գյումրիի ՏՏ Կենտրոնի առաջին շրջանավարտները՝ Տավուշի մարզում

Տավուշի մարզում Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի առաջին շրջանավարտները (30 ուսանող 74 մասնակցից կարողացել է հաղթահարել ԳՏՏԿ նվազագույն քննական պահանջները և դառնալ մարզում ծրագրի շրջանավարտ) փետրվարի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կնշեն իրենց ավարտական միջոցառումը:

Միջոցառումը, ինչպես Իջևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջն է հայտնում, բաղկացած կլինի 2 մասից. առաջին մասում շրջանավարտները կներկայացնեն թիմային ավարտական նախագծերը, իսկ երկրորդ մասում նրանց կհանձնեն ավարտական վկայականներ և պաշտոնապես կհայտարարեն՝ որ ընկերությունների հետ են անցնելու գործնական պատրաստվածություն:

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը հիմնադրվել է 2005 թ.-ին Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի և Հայ Օգնության Ֆոնդի կողմից` նպատակ ունենալով ապակենտրոնացնել տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները մայրաքաղաքից դեպի մարզեր, խթանել ոլորտի ընկերությունների հիմնումն ու գործունեությունը մարզերում՝ վերջիններիս պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստամբ, նվազեցնել ուղեղների արտահոսքը մարզերից և նպատակային ծրագրերի միջոցով նպաստել աշխատատեղերի ստեղծմանը:

2019-ի փետրվարի 22-ին Տավուշի մարզպետարանում եռակողմ հուշագիր էր ստորագրվել Տավուշի մարզպետարանի, «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև:

Հաշվի առնելով Տավուշի մարզում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման նպատակով միմյանց հետ համագործակցելու պատրաստակամությունը, կողմերը համաձայնության են եկել համատեղ գործունեության շրջանակներում միավորել իրենց ջանքերը՝ նպաստելու Տավուշի մարզում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործընթացին: Հուշագրով ազդարարվել է նաև Իջևան քաղաքում Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի կրթական ծրագրի մեկնարկը:

Ծրագիրն իրենից ենթադրում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական դասընթացների անցկացում, Տավուշի մարզի երիտասարդներին, դպրոցների աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցության ցուցաբերում, այդ թվում՝ բաց դասերի, դասախոսությունների և սեմինարների կազմակերպման միջոցով, Իջևան քաղաքում տեխնոլոգիական ուղղվածությամբ միջոցառումների կազմակերպում, «Ինֆորմատիկա» առարկան դասավանդող ուսուցիչների մասնագիտական վերապատրաստում, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում սկսնակ ձեռներեցներին աջակցության ցուցաբերում, սկսնակ բիզնեսի զարգացմանն ուղղված ռազմավարության մշակում, համագործակցություն Տավուշի մարզի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների և կենտրոնների հետ, այդ թվում՝ կադրերի համալրման գործում աջակցության միջոցով։ 


Back to top button