ԿարևորՄտքերի խաչմերուկ

Զինվորի չոր օրապահիկը շուտով կհամապատասխանի միջազգային չափանիշներին

«Արտ Լանչ» ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը «Մտքերի Խաչմերուկ» հաղորդման ընթացքում խոսում է մեր զինվորների դաշտային սնունդը՝ չոր օրապահիկը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու մասին։  

«Ուսումնասիրվել են ֆրանսիական, վրացական բանակների չոր օրապահիկները։ Դաշտային պայմաններում նորագույն տեխնոլոգիաներով նրանք այնպիսի սնունդ են տրամադրում, որը ոչ մի կերպ չի տարբերվում զորամասում տրվող սնունդից։ Մեր բանակի զինվորին նույնպես նման չոր սնունդ ենք փորձելու ապահովել»,–ասում է Բակուր Մելքոնյանը։

Բակուր Մելքոնյանը վստահեցնում է, որ այսօր մասնավորը սնունդ է մատակարարում  բանակին՝ «զինվորը տնային ճաշատեսակներից չպետք է զրկվի»  բանաձեւով:  

«Մեր զինվորն այսօր ուտում է բազմատեսակ սնունդ՝ մասնագետների կողմից մշակված կալորիականությամբ, որը ոչ թե գիրացնում է, ի դեպ, դա մեր ընդդիմախոսների հիմնական մեղադրանքն է, այլ հակառակը՝ զինվորը քաղցը հագեցնում է՝ օրվա ընթացքում ուտելով բանջարեղեն, տարբեր աղցաններ, տաք ուտեստներ՝ մսային․ նա խմում է չոր մրգերից պատրաստված բնական հյութեր։  Ամենակարեւորը, ունենք սնունդ, որը չի բերում աղեստամոսքային ոչ մի խնդրի»,–ընդգծում է «Արտ Լանչի» հիմնադիրը։

Սննդի մատակարարումը մասնավորին անցնելուց հետո վերահսկողությունը չի թուլացել։ Ըստ Բակուր Մելքոնյանի՝ վերհասկողությունն այսօր ավելի խիստ է։ «Այն իրականացվում է ոչ միայն ԶՈՒ–ի կողմից, այլ անձամբ վարչապետն է ուշադրությամբ հետեւում։ Եվ վերջին հանդիպման ժամանակ հստակ նշեց, որ չարաշահման դեպքում մոտեցումը լինելու է չափազանց խիստ»,–ասում է Մելքոնյանը։

Նոր համակարգը նաեւ թույլ է տալիս, որ ճաշարաններից լիովին վերացվեն վերակարգերը։ Անձնակազմն այսուհետ չի միջամտի սննդի պատրաստման գործընթացին և կզբաղվի բացառապես մարտական նախապատրաստությամբ։ Ըստ Բակուր Մելքոնյանի՝ խոհանոցային գործերով զբաղվում  են մասնավոր ընկերության աշխատակիցները, որը եւ նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն է։

Սննդի սպասարկման նոր կարգը ներդրվել է մոտ երեք տասնյակ զորամասերում:

Back to top button