ԿարևորՀասարակություն

Ջավախքը՝ զբոսաշրջային ուղղություն, «մի փոքրիկ Հայաստան» այլ երկրում

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»

Վրաստանի հայաբնակ շրջանը՝ Ջավախքը, թեև Հայաստանին ավելի մոտ է, քան օրինակ Թբիլիսին ու ծովափնյա Աջարիան, այդուհանդերձ, հայ զբոսաշրջիկների համար դեռևս անհայտ է։ Տուրիզմի մասնագետները կարծում են, որ տարբեր պատճառներով հետին պլան մղված այս ուղղությունը կարող է զարգանալ, քանի որ տարվա բոլոր եղանակներին կարելի է բացահայտել այն․ մոտ է, մատչելի հայերի համար, այսպես ասած, ևս «մի փոքրիկ Հայաստան է» այլ երկրում ու յուրահատուկ՝ իր հինավուրց հուշարձանների բազմազանությամբ, քարանձավային քաղաքներով, լճերով ու կիրճերով․․․

Հայաստանում և Վրաստանում թերևս միաժամանակ փորձում են զարկ տալ նաև ջավախյան զբոսաշրջային ուղղությանը։ Երկրում փաստացիորեն ևս մեկ տեսարժան վայրերի առատությամբ աչքի ընկնող այս շրջանը տարիներ շարունակ չի դիտարկվել որպես զբոսաշրջային ուղղություն։ Այսօր, երբ տուրիզմը դարձել է Վրաստանի տնտեսության շարժիչ ուժը, մեծ ուշադրություն է դարձվում նաև երկրի Հարավում գտնվող Սամցխե-Ջավախեթի շրջանին։

Գրեթե 90 տոկոսով հայերով բնակեցված այս շրջանում տեսարժան վայրերի բազմազանություն է՝ հայկական ու վրացական՝ կողք կողքի։ «Ռադիոլուրի» հետ զրույցում տուրիզմի մասնագետ, «Տուրիստաս» ընկերության կենտրոնի տնօրեն Մարիա Սարգսյանն ասում է․

«Այնտեղ հատկանշական է Վարձիան, Խերթվիսի բերդը, Ռաբաթ ամրոցը, Սապարա վանքը (մենաստան ), Բորժոմին, որ հանքային ջրերի աննկարագրելի հարուստ վայր է։ Ականատես եմ եղել, թե որքան զբոսաշրջիկներ կան այստեղ, կարծում եմ՝ Հայաստանից ևս պետք է զարգացնել այս ուղղությունը, քանի որ բավականին հարմար է, նախևառաջ, մատչելի է,  ճանապարհն այս պահին վերանորոգվում է, շատ հեռու չէ, ավելի շուտ Ջավախք կհասնենք, քան Թբիլիսի»։ 

Մասնագետներն այժմ մշակելով ու զարգացնելով ջավախյան տեսարժան վայրերի մասին փաթեթները, լինում են շրջանի տարբեր անկյուններում, հավաքում նորանոր պատմություններ ու ավանդույթներ, որոնք առանձնանում են տեղացիների շրջանում։ Էքսկուրսավարները Վրաստանում ու Հայաստանում դեռևս կարելի է ասել նոր են կազմում Ջավախքի տեսարժան վայրերի մասին տեղատկատվությունը։ Մարիան ասում է, որ իրենք Թամար թագուհու օրոք կառուցված քարանձավային Վարձիայի հետաքրքիր լեգենդի մասին նոր պատմություններ էլ են գտել.

«Վարձիայի պատմության մեջ խոսվում է վրաց Թամար թագուհու և հայ Իվանե Զաքարյանի գեղեցիկ պատմության մասին, այդ ընթացքը Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների ամենահզոր ժամանակաշրջաններից է եղել»։

Բոլոր պատմվող լեգենդները ներկայացվելու են զբոսաշրջիկներին։ Այսօր արդեն Վրաստան եկող զբոսաշրջիկների մի մասն այցելում է նաև Ջավախեթի ու Ծալկա։ Հայաբնակ այս շրջաններում տեղացիները սկսում են իրենց տները հյուրատների վերածել։ Ծալկայի սակրեբուլոյի (ավագանու) Դաշբաշ գյուղից ընտրված պատգամավոր Արմեն Մկրտչյանը, որ Կիպրոսում իր գործը թողել և պապական տուն է վերադարձել, վերանորոգել այն ու հյուրատուն դարձրել, ասում է՝ Դաշաբաշը դեռ Վրաստանի ամենասիրված տեսարժան վայրն է դառնալու։ Դաշաբաշի կիրճ տանող ճանապարհը դեռևս վերանորոգված չէ, այստեղ այս պահին մեծ ծրագիր է մեկնարկել, այդուհանդերձ զբոսաշրջիկների հոսքը ավելանում է․

«Վերջին տարիներին ես գյուղացիներին ասում էի վերանորոգեք ձեր տները, հյուրատների  վերածեք, ռեստորաններ ու սրճարաններ բացեք։ Սկզբում թերահավատորեն էին դրան նայում, հիմա զգում են, որ գյուղով հետաքրքվողների թիվը տարեցտարի ավելանում է»։

Մարիա Սարգսյանը կարծում է, որ Ջավախքն ու Ծալկան ինքնին հայերի համար հետաքրքիր ուղղություն են․

 «Հատկանշական է նաև, որ միայն սահմանը հատելով, մտնում ես Ջավախք, շուրջ բոլորդ հայեր են, հայերեն են խոսում, հայատառ գրություններ այլ երկրում, արդեն իսկ հայկական շունչն ես զգում։ Զգում ես, թե գտնվում ես մի փոքրիկ Հայաստանում»։

Տուրիզմի ոլորտի մասնագետները հույս ունեն ջավախյան ուղղությունը ներառելով տուր փաթեթներում, ոչ միայն վեր են հանելու Ջավախքի չերևացող հրաշալիքները, այլ զարկ են տալու տեղի հայերի սոցիալ-տնտեսական վիճակի զարգացմանը։ 

Back to top button