
«Ասել, որ ավարտել ենք ավագ դպրոցների հետ կապված գործընթացը, և որ դրանք կայացած են, նույնքան ժամանակավրեպ է, որքան սխալ է հակառակ պնդումը: Մենք ունենք բավականաչափ կայացած, որակյալ և ծրագրին համապատասխան կրթություն մատուցող ավագ դպրոցներ: Դրանց կողքին ունենք դպրոցներ, որոնք դեռևս չեն կայանում»,- հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների այսօր կայացած օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
Նա ակնկալել է, որ մանկավարժները կմասնակցեն Կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի» նախագծի շուրջ մասնագիտական քննարկումներին:
Նախարարն անդրադարձել է նաեւ ներառական կրթությանը՝ նշելով, որ մինչև 2025 թ. Հայաստանի բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական: Այս առումով խնդիրները, ըստ Ա. Աշոտյանի, միայն ֆինանսական չեն, դրանց մի մասը մտածելակերպային և հոգեբանական է:
Հաջորդ կարևորագույն հարցը հանրակրթության բովանդակության վերանայման, արդիականացման, ծրագրերի բեռնաթափման գործընթացն է, որը առաջիկայում պետք է լուծվի Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվի, ասել է ԿԳ նախարարը։
Նա անդրադարձել է նաև 12-րդ դասարանում կարգապահության և աշակերտների հաճախումների խնդրին՝ ընդգծելով, որ ավագ դպրոցում 80-120 ժամն է բացակայությունների թույլատրելի սահմանը:
Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ 2006 թվականին իրականացված կրթական բարեփոխումների հետևանքով այս տարի 9-րդ դասարան ավարտածների թվաքանակը կրկնակի պակասել է, որի հետևանքով ավագ դպրոցները կունենան որոշակի խնդիրներ:
«Այս պարագայում եթե անխուսափելի են ուսուցիչների կրճատումները, ապա դրանք պետք է չկրեն զանգվածային բնույթ և լինեն բացարձակ օբյեկտիվ, հատկապես կենսաթոշակային տարիքի հասած մանկավարժներին պետք հայտնենք մեր շնորհակալությունը, որպեսզի նրանք տեղը զիջեն երիտասարդ կադրերին»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ըստ որոշ ուսումնասիրությունների՝ մեր երկիրն ամենատարեց ուսուցչական կազմ ունեցող երկրներից է:
Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ հաճախ աշխատանքային մեծ փորձով մանկավարժները չեն տիրապետում ժամանակակից մանկավարժական մեթոդաբանությանը, ինչի արդյունքում կրթության ոլորտի ճկուն բարեփոխումները տեղերում դժվար են աշխատում: Արմեն Աշոտյանն ավագ դպրոցի տնօրեններին ևս զգուշացրել է, որ տարին պարտքով փակող տնօրենը, ով օբյեկտիվորեն ծագած ֆինանսական խնդիրների մասին ժամանակին չի ահազանգել լիազոր մարմնին, կազատվի աշխատանքից:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ մինչև հոկտեմբեր բոլոր ավագ դպրոցներին կմատակարարվեն նոր աշակերտական կահույք և համակարգչային տեխնիկա: Բացի այդ, առաջիկա երեք տարվա ընթացքում 17 ավագ դպրոցներում կիրականացվեն վերակառուցման և վերազինման աշխատանքներ:




