Հասարակություն

Ի՞նչ տվեց զբաղվածության նպաստից նպատակային ծրագրերին անցնելը

alisagevorgyan

Զբաղվածության նպաստի փոխարեն առավել արդյունավետ գործող ծրագրեր. ոլորտի պատասխանատուներն այսպես էին հիմնավորում զբաղվածության օրենքում 2014-ին կատարված փոփոխությունները, որոնց արդյունքում վերացավ շատերիս հայտնի գործազրկության նպաստը։ Ինչպիսի՞ն են արդյունքները փոփոխությունից մոտ մեկուկես տարի անց:

Զբաղվածության մասին նոր օրենքի համաձայն՝ 2014-ի հունվարի մեկից հանվեց գործազրկության նպաստը, որի փոխարեն  պետությունը շրջանառության մեջ դրեց  զբաղվածության ապահովման նոր ծրագիր։ Այն, ինչպես վստահեցնում էին ոլորտի պատասխանատուները, ավելի արդյունավետ կլինի գործազուրկներին աշխատանքի տեղավորման,  խնայված միջոցներն առավել ակտիվ ծրագերի  իրականացմանն ուղղորդելու առումով:

Ըստ փորձագետ Վահագն Առաքելյանի՝ նման ծրագրերով անցած քաղաքացիների շուրջ 50 տոկոսը տեղավորվել է աշխատանքի: Վահագն Առաքելյանն արդյունավետ  գործող ծրագրերից է համարում  գյուղական համայնքներում իրականացվող  սեզոնային զբաղվածության ծրագիրը: Դրա շրջանականերում սեփական հողատարածքը մշակելու համար գյուղացին ստանում է աշխատավարձ ՝ աշխատանքի ողջ ժամանակահատվածի համար առավելագույնը 350 հազար դրամ:

Ակտիվ ծրագրերից է դրամական միանվագ փոխհատուցման ծրագիրը, որի համաձայն անմրցունակ խմբի գործազուրկ անձին աշխատանքի տեղավորելու համար գործատուն ստանում է 200 հազար դրամ միանվագ դրամական օժանդակություն՝ պարտավորվելով առնվազն մեկ տարի տվյալ անձին ապահովել  աշխատանքով:

Վահագն Առաքելյանի խոսքով՝ հանրապետության տարբեր զբաղվածության կենտրոններում նշված ծրագրերը գործում են տարբեր արդյունավետությամբ: Կան ծրագրեր, որոնք , ըստ փորձագետի, առանձնապես արդունավետ չեն։

Կրթական համակարգի և աշխատաշուկայի միջև անհամապատասխանությունն այսօր էլ շարունակում է մնալ որպես կարևորագույն խնդիր: Բարձրագույնն ավարտած գործազուրկների թիվը մեծ է, արհեստագործական մի շարք մասնագիտությունների չբավավարարվող պահանջարկը նույնպես:

«Պատ շարելու կամ տաքսի վարելու համար բարձրագույնի դիպլոմն ամենևին  պարտադիր չէ»,- ասում է Վահագն Առաքելյանը՝ մասնագիտական ընտրության հարցում մեր հայրենակիցներին հորդորելով լինել ավելի հեռատես և խելամիտ։

Back to top button