Հասարակություն

ՄԻ պաշտպանը դատապարտում է ոստիկանի կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու փաստը

«Ակնկալում ենք իրավապահ մարմինների անհապաղ քայլերը դեպքի հանգամանքներն արագ ու անաչառ ուսումնասիրելու և ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,-ասված է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ, որում նա խստորեն դատապարտում է նախօրեին Հանրապետության Հրապարակում ոստիկանի կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու փաստը:

Ըստ աղբյուրի՝ «թեև քաղաքացիներն այս պահի դրությամբ ՄԻՊ դիմում-բողոք չեն ներկայացրել, սակայն հաշվի առնելով հատկապես իրավապահներից մեկի անընդունելի կոպիտ վարքագիծը և դեպքի հանրային նշանակությունը` Միպը սեփական նախաձեռնությամբ վարույթ է սկսելու ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու գործընթացն ուշադրության կենտրոնում պահելու համար»:

Հիշեցնենք՝ նախօրեին «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հանրահավաք էր անցկացնում Հանրապետության հրապարակում, որի մեկնարկից քիչ առաջ նախաձեռնության կազմակերպիչներից երեքը բերման էին ենթարկվել: Իրենց ընկերներին ազատ արձակելու պահանջով, մասնակիցները փորձել էին փակել փողոցի երթևեկելի մասը: Ոստիկանները քաշքշել էին նստածներին, փողոցից հեռացնելու նպատակով, այնուհետև ոստիկաններից մեկը ապտակել էր կանգնած մի տարեց մարդու:

ՄԻՊ-ը անդրադառնալով այս միջադեպին, հայտարարում է. «Ցանկանում ենք վստահ լինել, որ թե Հանրապետության Հրապարակում գտնվող և թե այլ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության ծառայողների գործողություններն այլևս կբխեն միմիայն օրենքից ու բացարձակ անհրաժեշտությունից, և կբացառվեն այլ անհամաչափ գործողությունները»:

Back to top button