Բաղրամյանի դեպքերից մինչեւ ծանր վարկեր ու ոչ վստահելի կուսակցություններ. Գելափի նոր հարցումը
«Գելափ ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը հուլիսի 6-ից 13-ը հանրապետությունում 1106 քաղաքացիների շրջանում հարցումներ է անցկացրել: Գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ամփոփել է հարցումների արդյունքները: Իսկ հարցումը հարցերի ամենալայն շրջանակ է ընդգրկել` սկսած Բաղրամյանի ցույցերով, դրանց ժամանակ ոստիկանների գործողություններով ու ցույցերից հետո այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի վարկանիշի փոփոխությամբ, վերջացրած քաղաքացիների ունեցած վարկերով ու Պերմյակովի գործից մանրամասներով:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին հայտարարեց օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի՝ 6,93 դրամով բարձրացման մասին, ինչին հետեւեցին Բաղրամյան պողոտայի համառ ու զանգվածային ցույցերը: Ինչպես են մեր քաղաքացիները գնահատում ցուցարարների այդ օրերի գործողությունները: Հուլիսի 6-ից 13-ը հանրապետությունում հարցված 1106 քաղաքացիների 73 տոկոսը լիովին դրական, իսկ 22 տոկոսն ավելի շուտ դրական է գնահատել: Միայն մոտ 4 տոկոսն է բացասաբար արտահայտվել: Միաժամանակ հարցվածների 90 տոկոսը վստահություն է հայտնել, որ ցույցն ինքնակազմակերպված սոցիալական շարժում էր` ուղղված ﬕայն էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ﬕ քանի անգամ ցույցի անօրինական լինելու մասին հայտարարելուց հետո ջրցան ﬔքենաներ գործի դրեց` ցրելու ցուցարարներին: «Գելափ ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը փորձել է պարզել` ինչպես են քաղաքացիները գնահատել ոստիկանների աշխատանքը: 67 տոկոսն ընդհանրապես բացասաբար է գնահատել, 26 տոկոսն` ավելի շուտ բացասական: Գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը մեկ հետաքրքիր հարց էլ է առանձնացնում: «Ինչպես կգնահատեք հետևյալ քաղաքական գործիչների,կառույցների արձագանքը կամ գործելաոճը ցույցերի ընթացքում»,- հարց է ուղղվել քաղաքացիներին:
«Երվանդ Զախարյանի արձագանքը կամ գործելաոճը ոչ ոք լիովին դրական չի գնահատել, 8 տոկոսն` ավելի շուտ` դրական, 59 տոկոս բացասական պատասխան կա, իսկ 33 տոկոսը դժվարացել է պատասխանել: Բայց Զախարյանն այս դեպքում այն անձն էր, որը պետք է ակտիվորեն ներգրավված լիներ այս գործընթացում, սրանից ելնելով` 33 տոկոսի դժվարանալ պատասխանելն էլ պետք է դիտարկել որպես բացասական գնահատական: Սա իմ անձնական մեկնաբանությունն է»:
Ավելի շուտ բացասական ու ընդհանրապես բացասական գնահատական է տրվել թե հանրապետության նախագահի, թե վարչապետի, ԱԺ նախագահի, փոխոստիկանապետ Օսիպյանի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի` այդ օրերի արձագանքին կամ գործելաոճին: Արմեն Աշոտյանի անունն, ի դեպ, չի ընդգրկվել այս ցանկում: Հարցվածների 37 տոկոսն ավելի շուտ դրական, իսկ 30 տոկոսն ավելի շուտ բացասաբար է գնահատել աուդիտ անցկացնելու գաղափարը, իսկ ՀԷՑ-ի հետագա ճակատագրին առնչվող հարցին որպես լուծում հարցվածների 70 տոկոսը մատնանշել է այդ ընկերության ազգայնացումը: Սոցիալական ծանր պայմաններ, գազի գին, գործազրկություն, ցածր աշխատավարձեր, վարկերի տոկոսադրույքներ, գնաճ, արագաչափեր և տեսախցիկներ, սրանք այն հիմնախնդիրներն են, որոնք, մեր քաղաքացիների համոզմամբ, կարող են բողոքի նման ալիքներ առաջացնել: «Գելափ ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը Բաղրամյանի ցույցերից դուրս էլ հարցերի լայն շրջանակ է ուղղել քաղաքացիներին: Գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյան:
«Ըստ Ձեզ որ քաղաքական կուսակցությունն է ունակ ձևավորել ավելի լավ կառավարություն և հաղթահարել այս տնտեսական ծանր վիճակը: Դժվարացել է պատասխանել` 7 տոկոս, չկա նման կուսակցություն` 71 տոկոս, ՕԵԿ` 0.3 տոկոս Հիﬓադիր խորհրդարան` 0.0 տոկոս, Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն` 0.1 տոկոս Հայաստանի Հանրապետական Կուսակցություն` 5 տոկոս, Հայ Հեղափոխական Դաշնակցություն` 1 տոկոս, Հայ Ազգային Կոնգրես` 1 տոկոս, ԲՀԿ` 12 տոկոս, Ժառանգություն` 2 տոկոս, Ազգային Ինքնորոշում Միավորում` 0.4 տոկոս, Ազատ Դեմոկրատներ` 0.3 տոկոս»:
Ինչ եք կարծում` որքանով արդար կիրականացվի Վալերի Պերմյակովի գործի դատաքննությունը Հայաստանի համապատասխան ատյանների կողﬕց, հետաքրքրվել է Գելափը: 54 տոկոսն արդարություն ակնկալում է, 29 տոկոսն անարդարության է սպասում: Դուք կամ ձեր ընտանիքի անդաﬓերից որևէ ﬔկը ստանում եք պարբերաբար օգնություն,աջակցություն արտերկրից, օրինակ դրաﬕ, հագուստի կամ այլ իրերի տեսքով: 1106 քաղաքացիների 77 տոկոսը դրսից օգնություն է ստանում, իսկ նույն քաղաքացիների 52 տոկոսը, ինչն, ի դեպ, շատ լուրջ ցուցանիշ է, ունի վարկ կամ ապառիկ: Նրանցից 75 տոկոսն ուղղակի վարկով գումար է վերցրել, գյուղատնտեսական վարկ ունի հարցվածների 8 տոկոսը: Վերջին շրջանում տնտեսում եք արդյոք ապրանքների և ծառայությունների վրա: Հարցի պատասխանը` Գելափ ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանի փոխանցմամբ:
«Հագուստ, կոշիկ` 53 տոկոս, սննդամթերք` 39 տոկոս, ավելի ցածր գնային սեգմենտում են ապրանքներ գնում, խոշոր կենցաղային տեխնիկա` 32 տոկոս, կոմունալ ծառայություններ /գազ, ջուր, էլեկտրաէներգիա/` 29 տոկոս, ճանապարհորդություններ` 28 տոկոս, Ժամանցի վայրերի հաճախում Մանր կենցաղային տեխնիկա` 25 տոկոս, տնտեսական ապրանքներ` 11 տոկոս, չեմ տնտեսում` 15 տոկոս»: