

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը սահմանադրական փոփոխությունների հարցով որևէ բովանդակային քննարկումների մեջ մտնել չի պատրաստվում, որևէ հանդիպման մասնակցել չի պատրաստվում, չի ընդունելու և ոչ մի հրավեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Պատգամավորը նշել է, որ պատրաստվում են «ոչ»-ի շարժում ձևավորել և մարզերով ու գյուղերով շրջելով՝ բացատրել, որ ներկայացված փաստաթուղթը հակասահմանադրական է։ ՀՀ երեք մարզերում՝ Արարատում, Վայոց Ձորում ու Արմավիրում նման սեմինարներ արդեն անցկացրել են: Պատգամավորը նաև հիշեցրել է՝ «Հանրաքվեի մասին» օրենքում կատարված փոփոխություններով հեռուստաեթերում 60 րոպե անվճար քարոզչության հնարավորություն են ունենալու նաև իրենք՝ Սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողները: Հոգեբան Ռուբեն Աղվուզունցյանն էլ նկատել է, որ հասարակության համար այնքան էլ մեծ նշանակություն չունի նախաձեռնբված Սահմանադրական բարեփոխումները:
«Նոր Սահմանդրություն՝ ամբողջությամբ նոր տրամաբանությամբ, նոր համակարգով ու մոտեցումներով»,- ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքն է՝ սահմանադրական փոփոխությունների ու սահմանադրական բարեփոխումների մասին ընդհանրապես: Արամ Մանուկյանն այսօր հայտարարեց՝ պաշտոնական ու բովանդակային քննարկումների չեն գնալու, չեն մասնակցելու ոչ մի հանդիպման, բացատրությունը մեկն է ու պարզ՝
«Այն, ինչ ներկայացվում է, իբր բովանդակային քննարկումներ ու առաջընթացներ կան, իբր հասարակությունը, քաղական ուժերը: Պարզագույն իմիտացիա է, ՀՀԿ-ի շարունակականության ապահովումն է»:
«Գործարք ժողովրդավարության դեմ». բնութագրումները շարունակում է պատգամավորն ու հայտարարում՝ պատրաստ են համագործակցել քաղաքական այն ուժերի հետ, որոնք դեմ են սահմանադրական փոփոխություններին: Ավելին, ամեն ինչ անելու են, որ նախագիծը վիժեցնեն խորհրդարանում: Դուրս են գալու փողոց, մարզերում ու գյուղերում շրջելով՝ բացատրելու են, որ ներկայացված փաստաթուղթը հակասահմանադրական է։
Արամ Մանուկյանը հույս ունի, որ կոնսոլիդացիա կլինի «ոչ»-ի շուրջ: ՀԱԿ-ը համբերությամբ կսպասի նաև ԲՀԿ-ի դիրքորոշմանը:
Հոգեբան, պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղվուզունցյանի կարծիքոբվ, աահմանադրական բարեփոխումները միակ ձևն ու ելքը չեն, որոնք բարեկեցություն կստեղծեն: Բարեփոխումները ձևերից մեկն է, — ընդգծում է հոգեբանը՝ նկատելով՝ «եթե ես վատ եմ աշխատում կամ չեմ ուզում աշխատել, անկախ ամեն ինչից, ես վատ կաշխատեմ»: Ուստի և մասնագետը փոփոխություններից ավելի բարձր է գնահատում կառավարման ձևը:
Հոգեբանը նաև ընդգծում է՝ յուրաքանչյուր փոփոխություն պետք է հասունացած լինի:




