Հասարակություն

Պաշտպանության նախարարն այցելել է սահմանագոտի

Օգոստոսի 19-20 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում:

Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է սպաների և նրանց ընտանիքների համար պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքի բացման ու բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Աշխատանքային այցի նպատակն էր դիտարկել Հանրապետության հարավարևմտյան շրջանում տեղակայված զորամասերի սոցիալ-կենցաղային պայմանները, հետևել նոր կառուցվող և նորոգվող օբյեկտների, շենքերի ընթացիկ շինարարական աշխատանքներին, սահմանագոտու տվյալ հատվածի օպերատիվ իրավիճակին, ինչպես նաև ծանոթանալ նախորդ այցերի ժամանակ տրված ցուցումների և հանձնարարականների կատարման ընթացքին։

Այցի առաջին օրը մարտական հենակետերում նախարարը հետևել է ամրաշինական կառույցների ինժեներական բարելավման ու կահավորման աշխատանքներին: Սեյրան Օհանյանը զրուցել է մարտական հերթապահության իրականացնող զինանձնակազմի հետ, ծանոթացել նրանց մարտավարամասնագիտական պատրաստությանը:

Բանակային զորամիավորման ղեկավար կազմի հետ ճշգրտվել են առաջիկա անելիքներն ու ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են ցուցումներ և հանձնարարականներ՝ ընթացող աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի իրականացնելու համար:

Զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացի շրջանակում՝ աշխատանքային այցի երկրորդ օրը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում պաշտպանության նախարարը մասնակցել է սպաների և նրանց ընտանիքների համար կառուցված հերթական բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` Սեյրան Օհանյանը անձամբ է նրանց հանձնել բնակարանների բանալիներն ու վկայագրերը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ զինծառայողների համար շինարարական արդի չափանիշներին համապատասխանող բնակարանային պայմանների ապահովումը մշտապես գտնվում է պետության հոգածության ներքո, և ամեն ինչ արվում  է, որ ծանրաբեռնված օրակարգից հետո լարվածությունն ու հոգնածությունը թոթափելու համար յուրաքանչյուր սպա ունենա իր ջերմ անկյունը:

Back to top button