Հասարակություն

Ա. Աշոտյան. Հավաստագրից զրկված տնօրենը հինգ տարով կհեռացվի համակարգից

Նախորդ ուսումնական տարում կրթական համակարգն իր առջև դրած խնդիրները հիմնականում կատարել է, սակայն 2015-16 ուսումնական տարվա նախաշեմին կան են նոր մարտահրավերներ, այսօր հայտարարել է  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Նախարարն ընդգծել է, որ որոշ մարզերում առկա են դեմոգրաֆիական խնդիրներ, որն իր ազդեցությունն է թողնում է նաև դպրոցների գործունեության կայունության վրա: «Եթե դպրոցում անխուսափելի են կրճատումները, ապա դրանք պետք է լինեն` ելնելով բացառապես կրճատվողի մասնագիտական հմտություններից եւ օրենքի պահանջներից` այսպիսով բացառելով անարդարության որևէ դրսևորում»,- ասել է նա։

Նախարարը երկրորդ կարեւոր հանգամանքը համարել է դպրոցների ֆինանսական կայունությունը։ «Տտնօրենը պետք է ֆինանսական հոսքերն այնպես կազմակերպի, որ դպրոցը որևէ ֆինանսական խնդիր կամ պարտք չունենա: Այն դպրոցի տնօրենը, ով պարտքով է փակում տարին և ժամանակին չի ահազանգել դրա մասին`  օբյեկտիվորեն ծագած խնդիրներին ժամանակին լուծում տալու համար, կազատվի աշխատանքից: Բացի այդ, նշված գործերը կարժանանան համապատասխան իրավապահ մարմինների ուշադրությանը`  պետությանը հասցված վնասի համար»,- նշել է Արմեն Աշոտյանը՝ վարչության պետերին հորդորելով ոլորտում առկա օրենսդրական փոփոխությունների մասին ժամանակին տեղեկացնել դպրոցի տնօրեններին:

Նա նաև նշել է, որ օրենսդրական փոփոխություններից մեկով` հետայսու նախարարը կարող է դպրոցի տնօրենին զրկել հավաստագրից, որի հետևանքով վերոնշյալ տնօրենն ավտոմատ ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Արմեն Աշոտյանի խոսքով` հավաստագրից զրկելու համար հիմք կարող է հանդիսանալ ուսհաստատության ֆինանսական վատ կառավարումը և այլ խախտումներ:

Back to top button