Հասարակություն

Ինչպես հանգստի ընթացքում խուսափել սեռավարակներից եւ սնկային հիվանդություններից

arminegevorgyan

Ամառային շրջանն այնպիսին է, որ հանգստի մեկնողները կարող են տրվել գայթակղությունների, ինչպես  սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն է նշում՝  «ունենալ ծավալային չպաշտպանված սեռական հարաբերություններ հիգիենիկ ոչ պատշաճ վայրերում և վերադառնան սեռավարակներով»: Ծովափնայն հանգստի մեկնողներին ու վերադարձողներին սեքսապաթոլոգը և գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանը մի շարք կարեւոր խորհուրդներ են տվել։

Ամառային հանգստի սկզբում և թավշյա սեզոնին ընդառաջ կարծես թե ավանդույթ է դարձել, որպեսզի սեքսապաթոլոգները հանդես գան համապատասխան խորհուրդներով: Ավանդույթը չխախտելու համար սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի քանի խորհուրդ տվեց հանգստից վերադարձողներին ու մեկնողներին:

Սեքսապատոլոգի մասնագիտական փորձը  վկայում է, որ   ամառային շրջանում հանգստի մեկնողները տրվում են  գայթակղություններին, ունենում են  «ծավալային չպաշտպանված սեռական հարաբերություններ, այն էլ հիգիենիկ ոչ պատշաճ վայրերում» և, ինչպես ասում են,  սեռավարակներն արդեն պատրաստ են լինում:

Դրանից խուսափելու համար հարկավոր է լինել զգոն, ունենալ ախտահանիչ լուծույթներ, հակաբեղմնավորիչ պահպանակներ: «Եթե եղել են «հաճելի չարաճճիություններ», ապա անպայման վերադառնալուց հետո ստուգվել: Կան սեռավարակներ, որոնք կլինիկորեն ոչ մի ձև չեն արտահայտվում, դրանք բացահայտելու համար պետք է անպայման ստուգվել, այլապես դրանք հետագայում շատ խնդիրներ կառաջացնեն, ընդհուպ՝ անպտղություն»:

Վրեժ Շահրամանյանը նաև հորդորեց բոլորին հանգստի գնալիս չօգտվել ուրիշի սրբիչից, ամբողջ օրը չանցկացնել լողազգեստով, քանի որ «լողազգեստը միայն լողալու համար է և ջրից դուրս գալուց հետո պետք է հանել, քանի որ խոնավ միջավայրը նպաստում է սնկերի տարածմանը։ Նաև երկար ժամանակ խոնավ լողազգեստով անցկացնելը կարող է վատ ազդեցություն ունենալ սեռական օրգանների վրա»։

Գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանն էլ հորդորեց հաճախել հիմնականում հիգիենայի կանոններին համապատասխանող հանգստավայրեր կամ լողավազաններ, քանի որ լողափերին պառկելու համար նախատեսված նստարանների ու սրբիչների շփումից արագ կարելի է վարակվել սնկային հիվանդություններով։

Բժիշկն անդրադարձավ նաև հղիների հանգստին և ասաց, որ վերջիններիս համար լավագույն ժամանակաշրջանը 12-34 շաբաթական հղիության ընթացքն է, նշված ժամանակաշրջանից առաջ և հետոն ռիսկային է հղիների համար։

«Հղի կանանց չի կարելի մնալ արևի ուղիղ ճառագայթների տակ՝ հատկապես ցերեկային ժամերին՝ 12-15-ը, իսկ մյուս ժամերին պետք է դուրս գալ գլխարկով։ Լողը շատ օգտակար է հղիներին, բայց նույնպես պետք է խուսափել լողավազաններից ու այն վայրերից, որտեղ հիգիենան պահպանված չէ, քանի որ կարող են ձեռք բերել սեռավարակներ»:

Back to top button