Հասարակություն

Երեւանի ավագանու անդամը Մարզահամերգային վաճառքում կոռուպցիոն ռիսկ է տեսնում

karenghazaryan

Շատ անպատվաբեր գործարք եւ ապազգային որոշում, որի կայացնողները շատ են ամաչելու. այսպես է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի գործարքը բնորոշում Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը: Նա համոզված է, որ կատարված գործարքի արդյունքում հերթական անգամ կկորցնենք պատմամշակութային արժեք՝ դիմացը չստանալով ոչինչ, իսկ նման նախադեպերը շատ են: Նախադեպերի առումով նույն կարծիքին է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով՝ եթե նման կառույց է հանձնվում որեւէ մեկին, ապա պետք է վստահ լինել, որ տվյալ սեփականատերն այդ կառույցի հետ իր քմահաճույքներին համապատասխան չի վարվելու, իսկ նման երաշխիք տվյալ պարագայում չկա:

Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի գործարքը բնորոշում է որպես շատ անպատվաբեր գործարք եւ ապազգային որոշում, որի կայացնողները, նրա ձեւակերպմամբ, շատ են ամաչելու:

«Անհասկանալի եւ անհամատեղելի բան է: Հաստատ այս գործարքի տակ ինչ-որ շահ կա, շատ մեծ շահ, որը ոսկետար խողովակով որոշակի մարդկանց գրպան է տանելու ինչ-որ գումարներ: Այս ամեն ինչի տակ շատ ակնհայտ է կոռուպցիան: Իրենք շատ են ամաչելու այս որոշման համար»։

Հերթական անգամ կկորցնենք պատմամշակութային արժեք՝ դիմացը չստանալով ոչինչ, իսկ նման նախադեպերը շատ են, հավելում է Անահիտ Բախշյանը:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նախադեպերի առումով համակարծիք է: Թեպետ, նրա խոսքով, նման դեպքերի  համար մենք օրենքներ ունենք, որոնք ամեն ինչ կանոնակարգում են, սակայն փաստ է, որ օրենքները չեն գործել մի շարք դեպքերում:

Մկրտիչ Մինասյանն ասաց, թե  բոլորովին էլ չի ուզում քննադատաբար մոտենալ Մարզահամերգային համալիրը վաճառելու կառավարության քայլին, սակայն, ըստ նրա, բազմաթիվ խնդիրներ ու հարցականներ կան, որոնք պետք է պարզաբանվեն:

«Որքան մենք ընկերներով նայեցինք, այնտեղ այդպիսի տարածք չկա, որ հյուրանոցներ ու մեծ կառույցներ կարելի լինի դնել: Դա իրատեսական չէ: Մարզահամերգային համալիրի տարածքը, որն իր ֆունկցիաները պետք է կատարի, և Եղեռնի հուշահամալիրն անձեռնմխելի են, դրանք մնում են մեր ազգային արժեքներից մեկը»:

Ճարտարապետների միության նախագահի խոսքով՝ Հայաստանում կան այլ տեղեր, որոնք կարելի է օգտագործել ցանկացած նպատակով, այդ թվում՝ կազինո կառուցելու, իսկ եթե Երեւանում կառուցվի մեկ նման շինություն, ապա կկառուցվի նաև երկրորդը և երրորդը:

«Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը Մարզահամերգային համալիրի նախագծման համահեղինակներից է: Նրա կարծիքով՝ կառավարության տվյալ որոշումը շատ խորը մտածված է, պարզապես շատ հապճեպ որոշում է կայացվել, այնքան հապճեպ, որ ինչ-որ բաներ մնացել են անհասկանալի:

«Հիմա մեզ ներկայացվում է մի կազմակերպություն, որ ոչ անցյալ ունի, ապագայի մասին ոչինչ չգիտենք, այստեղ մի հարց է առաջանում, թե ում ենք տալիս այդ կառույցը: Մի բան է պարզ, որ մեր կառավարությունը չի կարող հոգալ այդ կառույցի մասին: Այն պետք է սեփականաշնորհվի, դրա համար մենք ողջունում էինք այն ժամանակ, երբ համալիրը սեփականաշնորհվել էր լուրջ ընկերության կողմից»:

Գրիգոր Ազիզյանի խոսքով՝ մարզահամերգային համալիրն ունի թվով վեց մեծ դահլիճ, որոնք ճիշտ կառավարման դեպքում կարելի է շատ լուրջ բաներ կազմակերպել: Բացի այդ՝ բանախոսը նկատեց, որ համալիրի տարածքում այսօր էլ արդեն իսկ գործում են ռեստորաններ: Մինչդեռ, նրա համոզմամբ, այնտեղ չի կարելի կառուցել որեւէ բան, որը կխաթարի կառույցի նկատմամբ մեր ընկալումները:

Back to top button