

Առաջիկա օրերին Հայաստանում կպահպանվի բարձր ջերմային ֆոնը, հրդեհավտանգ իրավիճակը կշարունակի մնալ բավականին բարձր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր տեղեկացրել է Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով՝ տարին աննախադեպ էր շոգերի տեւողության առումով, օդերեւութաբանության պատմության մեջ վերջին 170 տարում նման տեւական շոգեր չեն եղել: Օդերեւութաբանը նման իրավիճակը պայմանավորում է գլոբալ տաքացումների հետ, ինչը մտահոգիչ երեւույթ է ամբողջ մարդկության համար:
Գագիկ Սուրենյանի խոսքով՝ ինչպես կանխատեսվում էր Հայաստանում հերթական, արդեն թվով երրորդ ջերմային ալիքն սկսվել է օգոստոսի 10-ից: Այն մեր հանրապետություն է ներթափանցել Իրաքի տարածքից: Երեկ ամենաբարձր ջերմաստիճանը՝ 40.8, գրանցվել է Երեւանի «Էրեբունի» օդերեւութաբանական կայանում:
Առաջիկա հինգ օրերին եղանակակլիմայական պայմաններում փոփոխություններ առանձնապես չեն սպասվում: ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ ամենաշոգ օրերը կլինեն օգոստոսի 15-ն ու 16-ը, այսինքն՝ հանգստյան օրերը: Օդի ջերմաստիճանը կտատանվի 40-41 աստիճանի սահմաններում: Սպասվում է նաեւ գիշերային ջերմաստիճանի բարձրացում:
«Եթե նախորդ երկու օրերին Երեւանում գիշերային նվազագույն ջերմաստիճանները տատանվում էին 22-23 աստիճանների սահմաններում, ապա օգոստոսի 15-ին եւ 16-ին արդեն օդի ջերմաստիճանը գիշերը 27-28 աստիճանից չի նվազի: Ցերեկվա 40-41 աստիճանի տեւողությունը եթե անցած օրերի ընթացքում եղել է 1-2 ժամ՝ ցերեկվա ժամը 4-5-ն ընկած ժամանակահատվածում, ապա այդ տեւողությունը կերկարի եւ կպահպանվի մինչեւ 3 ժամ»:
Օգոստոսի 17-ին եւ 18-ին, օդերեւութաբանի կանխատեսմամբ, օդի ջերմաստիճանը չնչին՝ 1-2 աստիճանով կնվազի՝ տատանվելով 39-40 աստիճանի սահմաններում: Օգոստոսի 19-ին կրկին այն կբարձրանա եւ մինչեւ օգոստոսի 21-ը կպահպանվի 40-41 աստիճանի սահմաններում:
Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ, ըստ վիճակագրական տվյալների, Երեւանում 40 աստիճան ջերմություն լինում է միջինում 5 տարին մեկ անգամ: Այդ առումով աննախադեպ էր այս տարի: Արդեն մոտ 10 օր գրանցվում է օդի ջերմաստիճանը 40 եւ ավելի բարձ:
Բարձր ջերմային ֆոնով եւ անձրեւազուրկ օրերով պայմանավորված հանրապետությունում շարունակվում է պահպանվել բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը: «Տավուշի նախալեռներում եւ հովիտներում, Սյունիքի նախալեռներում եւ հովիտներում, Արարատյան դաշտավայրում եւ նախալեռնային գոտում վերջին կատեգորիայի՝ 5-րդ կարգի հրդեհավտանգ իրավիճակ է: Խնդրում ենք ազգաբնակչությանը եւ հորդորում՝ հրդեհներից խուսափելու համար լինել զգոն»։
Գյուղատնտեսներին ուղղված հորդորն է՝ կատարել ինտենսիվ ոռոգումներ, քանի որ օդի հարաբերական խոնավությունը շատ ցածր է, ցերեկներն այն իջնում է մինչեւ 15-20 տոկոսի, որի պայմաններում բույսերի մոտ տեղի է ունենում ուժեղ ջրազրկում: Օդերեւութաբանները բնակչությանը հորդորում են նաեւ ցերեկային ժամերին խուսափել արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, օգտագործել շատ հեղուկներ՝ օրգանիզմն ավելորդ ծանրաբեռնվածությունից ազատելու համար: Խնդիրն այն է, որ երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու մարմնի միջին ջերմաստիճանը, այսինքն՝ 36.5 աստիճանը, ապա օրգանիզմն ընկնում է ջերմային սթրեսի մեջ:
Ամենաշոգ վիճակը կլինի Սյունիքի հովտային գոտիներում՝ Մեղրի, Ագարակ, որտեղ օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 42 աստիճան: Արարատյան դաշտավայրում այն կհասնի մինչեւ 41 աստիճանի: Ամենազով հատվածներն են Լոռին եւ Շիրակը՝ Աշոցք, Ամասիա հատվածը, Գեղարքունիքը եւ Վայոց Ձորի լեռնային շրջանները՝ Ջերմուկի հատվածը: Չնայած դրա՝ նույնիսկ այդ հատվածներում գրանցված ջերմաստիճանն աննախադեպ բարձր է նորմայից:
«Երեկ Գյումրիում գրանցվել է 36 աստիճան տաքություն, որը բացարձակ առավելագույն ջերմաստիճանն է, այսինքն՝ ջերմաստիճանը մոտեցել է պատմության ընթացքում երբեւիցե գրանցված աստիճանին: Նման բարձրությունների՝ ծովի մակերեւույթից 1500-1600 մետր բարձրությունների համար, 36 աստիճան ջերմությունը, դա կատաստրոֆիկ ջերմաստիճան է»:
Գագիկ Սուրենյանը նաեւ նշեց, որ օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 6-7 աստիճանով: Շոգերի տեւողությունը աննախադեպ է օդերեւութաբանության պատմության մեջ, թեպետ՝ ջերմաստիճանի առումով ռեկորդը չի գերազանցվել՝ 2010 թվականի օգոստոսի 3-ին Երեւանում գրանցվել էր 42 աստիճան:
Եղանակային պայմանները կապված են գլոբալ կլիմայական փոփոխությունների հետ, ինչը համաշխարհային գիտական հանրության մտահոգության առարկա է դարձել, քանի որ այն մարդկային գործոնով է հիմնականում պայմանավորված:




