ԿարևորՔաղաքական

Կառավարությունը խոշոր բիզնեսի ծախսած էլ.էներգիան չի փոխհատուցի

arminegevorgyan

Պաշտպանություն նախարարության հաշվեկշռի վրա գտնվող Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն այսօր կառավարության նիստում 30 մլն դոլարով օտարվեց «ՆՏԱԱ  ԻՆՎԵՍՏՄԵՆՏ  ԳՐՈՒՊ» ընկերությանը, որն առաջիկա 4 տարում համալիրում իրականացնի ավելի քան 100 մլն դոլարի ներդրումային ծրագիր։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում անդրադարձել է նաև ՀԵՑ- ում աուդիտ անցկացնելու ժամկետներին  ու նշել, որ կառավարությունը  չպետք է ֆինանսավորի խոշոր բիզնեսի ծախսած էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը։

 

Համալիրը սեփականատերը խոստանում է 100 մլն դոլարի ներդրում
2005 թվականին Մարզահամերգային  համալիրի շենքը վաճառվել էր ԲԱՄՕ ընկերությանը 5,7 միլիոն դոլարով: Ընկերությունն այդ ժամանակ նորոգեց համալիրը և վերաբացվեց 2008 թվականին՝ հայտարարելով՝ համալիրի նորոգման համար ծախսվել է մոտ 42 միլիոն դոլար:

Ավելի ուշ ԲԱՄՕ- ի սեփականակետր  Մուրադյան եղբայրները ՀՀ կառավարությունից իրենց մեկ այլ ընկերության անունով 20 միլիոն դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց գրավադրել էին Մարզահամերգային համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը: Իսկ ահա նախորդ տարի   գույք պարտքի դիմաց  առգրավվեց եւ կառավարության միջոցառումների շրջանակում հանձնվեց  պաշտպանության նախարարությանը:

Մինչ այս Դատական ակտերի կատարման հարկադիր ծառայությունը համալիրն աճուրդի էր հանել 47 միլիոն ԱՄՆ դոլար նախնական գումարով, սակայն այն չէր վաճառվել։ Կառավարության այսօրվա նիստում ՊՆ հաշվեկշռում գտնվող համալիրը 30 մլն դոլարով օտարվեց «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերությանը, որն առաջիկա 4 տարում համալիրում իրականացնի ավելի քան 100 մլն դոլարի ներդրումային ծրագիր:

«Ընկերությունը պարտավորվել է նաև  պետական գրանցում ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում առնվազն 6 ամիս ժամկետով և առնվազն 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագրեր կնքել սույն որոշման ընդունման պահին  «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում փաստացի 99 աշխատողի հետ, պահպանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը, մարզամշակութային համալիրի օգտագործման ուղղվածությունը:Ընկերությունը նպատակ ունի խոշոր ներդրումային ծրագրով վերանորոգել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որն առաջինը կլինի ոչ միայն Հայաստանում, այլև` տարածաշրջանում»,- ասաց պաշտպանության նախարարը։

Հակառակ հակառակորդի փորձերին՝ սահմանում իրավիճակը վերահսկելի է
Սեյրան Օհանյանն այսօր վարչապետի խնդրանքով կառավարություն նիսոտւմ  անդրադարձավ նաեւ սահմանում  տիրող իրավիճակին՝ մասնավորապես նշեց, որ հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրավիճակը վերահսկելի է, սակայն հակառակորդը փորձում է լարվածություն մտցնել՝ հակառակ նրան, որ հայկական զինված ուժերը հարևանների մոտ անցկացված Եվրոպական խաղերի անցկացման ժամանակ ապահովեցին հրադադարի կատարումը՝ դեռ ավելին, ցուցաբերեցին զսպվածություն:

«Մեր հարևանները փորձում են քաղաքական կամ տնտեսական դիվիդենտներ քաղել: Հրադադարը խախտվում է նաև հրաձգային զենքերից, ականանետներից՝ այդ թվում 60, 82 և 120 մմ ականանետներից: Վերջին օրերին հակառակորդը կազմակերպել է նաև մի քանի դիվերսիոն հետախուզական փորձ, որոնք մեր կողմից կանխվել են: Ի պատասխան հայկական կողմի հայտարարության, որ պետք է երկխոսության և շփման գծում վստահության մեխանիզմենրի ձևավորման միջոցով պահպանել հրադադարը, հակառակորդը պատասխանում է լարվածության սրացմամբ»,- ասաց նախարարը։

Հաջորդ շաբաթ կսկսվի է ԻրանՀայաստան էլեկտրահաղորդման գծի շինարարությունը
Անցնելով արդեն օրակարգային հարցերին վարչապետը նշեց ,որ մի քանի օր առաջ ստորագրվել է Իրան- Հայաստան էլեկտրահաղորդման գծի շինարարության կառուցման մասին պայմանագիր և շինարարությունն էլ նախատեսվում է սկսել  հաջորդ շաբաթ: Վարչապետի համոզմամբ՝ Իրանի հետ համագործակցությունը հատկապես էներգետիկ ոլորտում կնպաստի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին: «Հայաստանի կառավարությունը տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հասնելու հարցում կարեւոր քայլ է կատարել: Ես լիահույս եմ, որ Հայաստանի եւ  Իրանի միջեւ տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի վրա կդրվեն»,- ասաց վարչապետ Աբրահամյանը:

Սրտի անհետաձգելի վիրահատության համար հատկացվեց 1 մլրդ դրամ
 Կառավարությունը  առողջապահության նախարությանը  թույլատրեց  նախարարության արտաբյուջետային հաշվից 1 միլիարդ դրամ օգտագործել  պետպատվերով սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի համար: Արմեն Մուրադյանը նշեց ,որ ծրագրի շրջանակներում այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ արդեն բժշկական օգնություն են ստացել 778 հիվանդներ, որոնց համար բյուջեից  հատկացվել է 510 մլն դրամ:


Եվ վերջապես՝  ՀԵՑ –ում աուդիտ  անցկացվելու մասին
Կառավարությունն աշխատում է ռուսական կողմի հետ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում աուդիտ իրականացնելու ուղղությամբ, այն շուտով կսկսվի հայտնեց հանրապետության վարչապետը։ « Շատերի մոտ թյուր տպավորություն կա, որ մինչև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տրվող խորհրդատվության ավարտը, կառավարությունը սակագների տարբերության մասով կաջակցի ոչ միայն բնակչությանը, այլ նաև խոշոր բիզնեսին։ Դա այդպես չէ։ Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք վերցնելու ենք մեզ վրա միայն ազգաբնակչության ծախսը։
Խոսքը նրանց մասին է, ովքեր ամսական ծախսում են միջինը 250 կվ հոսանք։ Ես կարծում եմ, որ կառավարությունը չէ, որ պետք է ֆինանսավորի խոշոր բիզնեսի ծախսած էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը»,- նկատեց կառավարության ղեկավարը։

Back to top button