Քաղաքական

Սահմանադրական փոփոխությունները կբերեն համակարգային բարեփոխումները

karenghazaryan

ԱԺ հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունները բերում են համակարգային բարեփոխումների, որի պայմաններում երկիրը հնարավորինս քիչ կախված կլինի անձից եւ սուբյեկտիվիզմից:

Հեծանիվ չենք հորինում, անցել ենք նախագահական փուլ, ապա՝ կիսանախագահական եւ ժամանակն է անցնելու խորհրդարանական կառավարման, երբ կառավարումը կախված կլինի քաղաքական ուժերի եւ հանրության կամքից եւ ոչ թե անձից, նշել է հանրապետական պատգամավորը: Նրա գնահատմամբ՝ սահմանադրական բարեփոխումների հիմքում դրված է հենց այդ հիմնական սկզբունքը:

Խորհրդարանական կառավարումը հնարավորություն կտա, որ բոլոր քաղաքական ուժերը հնարավորինս մասնակցություն ունենան երկրի կառավարմանը: Մկրտիչ Մինասյանը համոզված է, որ այդ դեպքում գրեթե բոլոր պետական եւ համապետական նշանակության հարցերը լուծվելու են կոլեգիալ մարմնում:  «Այսինքն, լսվելու է ոչ միայն իշխող կուսակցության, այլ նաեւ ընդդիմադիր եւ ոչ կոալիցիոն ուժերի կարծիքը: Հանրությանը առավել հնարավորություն է տրվում մասնակից լինելու, հրապարակայնություն ապահովելու եւ թափանցիկ գործունեություն ծավալելու»:

Նախագահական ընտրությունները ցույց են տվել, որ ընտրություններից հետո առաջին տեղը գրավածն ստանում է ամեն ինչ, իսկ երկրորդ տեղում գտնվողը՝ ոչինչ: Դա, ըստ Մկրտիչ Մինասյանի, ժողովրդի եւ պետության համար դառնում է ոչ ցանկալի երեւույթներով լեցուն իրավիճակ:

Սահմանադրական նման բարեփոխումների արդյունքում երկիրն առավել արդյունավետ գործունեության հնարավորություն կունենա բոլոր բնագավառնելում, կարծում է Մկրտիչ Մինասյանը: Արձագանքելով Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին, մասնավորապես՝ ընտրությունների երկրորդ փուլի գաղափարը հանելու վերաբերյալ հարցին՝ Մկրտիչ Մինասյանը շեշտեց, թե այն, ինչ կա՝ դոգմա չէ եւ հարցը կարող է քննարկվել:

Խնդիրն այն է, որ պետք է այնպիսի կարգավորում լինի, որ որեւէ ուժի կողմից 51 տոկոս ձայն չհավաքելու պարագայում երկիրը չհայտնվի անընդհատ ընտրությունների մեջ: «Մտածելու բան կա եւ որեւէ մեկը չի ասում, որ այն, ինչ հրապարակվել է, վերջնական է, դոգմա է եւ փոփոխության կարիք չկա»:

Բանախոսը շեշտեց, թե դա իր կարծիքն է, ապա հավելեց, որ կուսակցությունում նույնպես նման տրամադրություններ կան: Առայժմ հարցը չի քննարկվել, սակայն, քննարկելի է:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների դեմ ձեւավորված քաղաքացիական պայքարին՝ Մկրտիչ Մինասյանն ասաց, թե երբ մարդիկ ձուն կոտրում են ու մեջը մազ փնտրում՝ խորհրդի կարիք չունեն, ուստի անիմաստ է նրանց ասել, որ ձվի մեջ մազ չկա:

Հանրապետական պատգամավորը տարակուսեց, որ դեռ երկու տարի առաջ բոլորը կրկնում էին, թե մեր ընտրությունների ողբերգությունը մեծամասնական ընտրակարգի մեջ է եւ այն պիտի վերացվի, սակայն, այսօր, երբ քայլ է արվել, սկսել են բողոքել արդեն դրա դեմ:

Մկրտիչ Մինասյանը չի կիսում նաեւ կարծիքը, որ առաջարկված տարբերակով ընդդիմադիր կուսակցությունները կպայթեն: Դրա մեջ չկա տրամաբանություն: Հանրապետական պատգամավորն անհիմն է համարում նաեւ այն մտավախությունները, թե իշխանությունների առաջարկած սահմանադրական բարեփոխումներով Հայաստանում հիմք կդրվի կուսակցապետության, ինչպես խորհրդային ժամանակներում՝ ամեն ինչ որոշում էր կոմկուսը: Նման համեմատությունների որեւէ եզր Մկրտիչ Մինասյանը չի տեսնում։

Հակադարձելով դիտարկմանը, որ սահմանադրական բարեփոխումների նկատմամբ քաղաքական ուժերի ակտիվություն չկա՝ հանրապետական պատգամավորը կարծիք հայտնեց, որ քաղաքական ուժերը դեռ վերլուծում են բարեփոխումները եւ դրանով է պայմանավորված ակտիվության բացակայությունը:

Back to top button