

Հուլիսի 28-ը Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս տարվա կարգախոսը՝ կանխարգելումն է: Հեպատիտների դեմ պայքարի և իրազեկության օրը ստեղծվել է ՄԻԱՎ և ՁԻԱՀ- վարակի արդյունքների հիման վրա: Ըստ Լյարդաբանական ասոցիացիայի ղեկավար Հասմիկ Ղազինյանի ներկայացրած տվյալների՝ ՄԻԱՎ և ՁԻԱՀ-ից մահացությունը 10 անգամ ավելի նվազել է, քան՝ հեպատիտ C և B վարակակիրների մահացության դեպքերը: Մասնագետի խոսքով՝ հիվանդության կանխարգելման քայլերից է նաև վարակի մասին իրազեկվածությունը և այդ իսկ պատճառով Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան և ՀՀ ԱՆ-ը վաղը երեկոյան Հյուսիսային պողոտայում անցկացնելու են հիվանդության մասին տեղեկատվություն տրամադրելու միջոցառում:
Ամբողջ աշխարհում մոտ 600 միլիոն մարդ վարակված է վիրուսային հեպատիտ B-ով և C-ով: Իսկ տարեկան աշխարհում արձանագրվում է 1,5 միլիոն մահացության դեպք: Հայաստանը միջին տարածվածության երկրների շարքում է: Հեպատիտ C-ի վարակվածությունը կազմում է 4 տոկոս, իսկ հեպատիտ B-ինը՝ 2-ից 3 տոկոսը:
Վիրուսային հեպատիտներով ուղեկցվող հիվանդություններն են լյարդի ցերոզն ու լյարդի քաղցկեղը: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանի տվյալներով՝ լյարդի առաջնային ուռուցքով և լյարդի ցերոզով հիվանդներից 70- 71 տոկոսի մոտ հայտնաբերվում է հեպատիտ B և C։
Հեպատիտի երկու տեսակների համար վարակման աղբյուր կարող են լինել արյան պատրաստուկների ներարկումը, վիրաբուժական և կոսմետոլոգիական միջամտությունները՝ սկսած դաջվածքներից ու պիրսինգից, մինչև ատամնաբույժի ու մատնահարդարի մոտ այցելելը: Հեպատիտ C և B վարակը կարող է փոխանցվել նաև սեռական ճանապարհով և վարակված մորից պտղին:
Հեպատիտ B-ն այսօր արդեն համարվում է կառավարելի հիվանդություն:1983 թվականից ստեղծվել է հեպատիտ B- ի դեմ պատվաստանյութ և 153 երկրներում` այդ թվում նաև Հայաստանում, գործում է ազգային ծրագիր:
Այսինքն՝ յուրաքանչյուր նորածին կյանքի առաջին ժամում ստանում է այդ պատվաստանյութը: «Այդ իսկ պատճառով Հայաստանում հետաքրքրիր վիճակագրություն կա: Վերջին տասնամյակում մինչև 14 տարեկան երեխաների մոտ չի արձանագրվել վիրուսային հեպատիտ B: Այն ավելի շատ տարածված է մեծահասակների մոտ և փոխանցվում է սեռական ճանապարհով: Այսինքն՝ հեպատիտ B-ն փոխել է իր դեմքը թե՛ տարիքային առումով, և թե՛ փոխանցման մեխանիզմով»,- ասում է ՀասմիկՂազինյանը։
Ամիսներ առաջ Սյունիքի մարզի Քաջարանի բժշկական կենտրոնում հայտնաբերվեցին հեպատիտ C-ով վարակիրներ: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավարի տեղեկացմամբ՝ 15 հիվանդներից 8-ի մոտ հայտնաբերվել է սուր վիրուսային հեպատիտ C՝ դեղնուկային ձևով, որն էլ, բժշկի խոսքով, հազվադեպ հանդիպող է:
Մասնագետը նշեց, որ միայն Քաջարանի հիվանդանոցում չէ նման դեպք հայտնաբերվել, պարբերաբար այս կամ այն հիվանդանոցում արձանագրվում են սուր վիրուսային հեպատիտ C –ով վարակման դեպքեր: Իսկ վարակի հիմնական պատճառը վիրաբուժական գործիքների հիգիենայի կանոնների խախտումն է:
Հասմիկ Ղազինյանը նաև շեշտեց, որ պետությունն առաջին անգամ Քաջարանի հիվանդանոցում հեպատիտ C- վարակված հիվանդների բուժումն իրականացնում է պետպատվերի շրջանակներում: «Այն հիվանդները, որոնք ստանում են հակավիրուսային բուժում, մեծ հավանակություն ունեն ազատվելու վիրուսից, որովհետև այսօր վիրուսային հեպատիտ C- ն համարվում է բուժելի հիվանդություն և վաղուց մոռացվել է «սառել», «թուլացնել», «ակտիվություն գցել» հասկացությունները: Հակավիրուսային բուժում նշանակում է առողջացում, վիրուսի հեռացում և չկրկնվելը»:
Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան նախատեսում է ուսումնասիրություններ իրականացնել աղետի գոտում, ճիշտ վիճակագրական պատկեր ունենալու համար, քանի որ աշխարհացունց երկրաշարժի հետևանքով աշխարհի տարբեր անկյուններից բերված արյան պատրաստուկներ են փոխներարկվել հիվանդներին:




