

Այսօր մոտ 150 արիտունցիներ հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, եղել զորամասերում, ծանոթացել հայկական բանակի նվաճումներին ու զինվորների առօրյային: ՀՀ ՊՆ և Սփյուռքի նախարարները, կարևորելով մերօրյա հերոսների հետ հանդիպումները, նշել են, որ հայրենասիրական դաստիրակության գործում սա կարևոր քայլ է: Այն կնպաստի երիտասարդների մարտական ոգու բարձրացմանը։
Արդեն 6 տարի է՝ Սփյուռքի նախարարությունն իրականացնում է «Արի տուն» ծրագիրը, որի շնորհիվ շուրջ 5000 երիտասարդ այցելել է հայրենիք: Հայրենաճանաչողական այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է մոտ 1100 երեխա հյուրընկալել Հայաստանում: 15 երկրներից 700 դպրոցահասակներ այս տարի արդեն այցելել են հայրենիք:
Պատմական Հայաստանի տեսարժան վայրեր նրանց այցելություններին հաջորդեց ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպումն ու ծանոթացումը հայկական բանակին: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի տեղեկացմամբ ՝ երիտասարդներից ոմանք եղել են առաջնագծում, ծանոթացել սահմանային իրավիճակին: Նրա ձևակերպմամբ՝ ճանաչել հայրենիքը, չճանաչել հայկական բանակը, նշանակում է չիմանալ ոչինչ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ իր հերթին արիտունցիրներին ներկայացրեց կայացած Հայաստանի երիտասարդ բանակի նավճումներն ու կարևորեց երիտասարդների շփումը մերօրյա հերոսների հետ՝ հայրենասիրական դաստիրակության գործում համարելով կարևոր քայլ:
Հենց նման շփումներն են, որ բարձրացնում է հայրենասիրական ոգին և դրդում թեժ իրավիճակներում պաշտպանել մեր երկրի մատույցները, ինչպես օրինակ արցախյան ազատամարտի ու ազգային ազատագրական պայքարի ընթացքում հայրենիքի պաշտպանության համար մարտնչեցին նաև շատ սփյուռքահայեր,նշեց պաշտպանության նախարարը:
Դժվար ժամանակներ ենք ապրում, որոնք որ լի են տարբեր ճգնաժամերով, հակամարտություններով ու լոկալ պատերազմներով և այս ամենի խաչմերուկում գտնվում է Հայաստանն ու հայ ժողովուրդը, ով էլ ակնկալում է օգնություն հատկապես սփյուռքահայ հայրենակիցներից:
Արիտունցիներն էլ իրենց հերթին պաշտպանության նախարարից հետաքրքրվեցին հայ-ադրբեջանական հարաբերությունների, պատերազմ վերսկսվելու հավանականության և այդ պայմաններում ռուսական կողմի աջակցության մասին: Սեյրան Օհանյանն էլ վստահեցրեց, որ արվում է ամեն ինչ պատերազմից զերծ մնալու համար, սակայն եթե վերսկսվեն պատերազմական գործողություններ, ապա հայկական բանակը պատրաստ է մարտնչելու:
«Ամեն ինչ անում ենք, որպեսզի ոչ միայն ռազմական, այլև խելացի, նախաձեռնողական արտաքին քաղաքականությամբ ստեղծենք ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական համագործակցության պայմաններ, որպեսզի միջազգային կառույցները և նաև անվտանգության ծրագրերը, որոնք որ այսօր կան՝ ՀԱՊԿ, ՆԱՏՕ, ուժերը պետք է ուղղեն, որ պատերազմ չլինի։ Բայց եթե հանկարծ լինի պատերազմ՝ մենք Ադրբեջանի հետ կռվելու ոչ մի խնդիր չունենք»։
Իսկ ինչ վերաբերում է պատերազմ վերսկսելու դեպքում Ռուսաստանի աջակցությանը, ապա ՀԱՊԿ համակարգի շրջանակներում գոյություն ունեցող փաստաթղթերի և երկկողմ համագործակցության շրջանակներում վերջիններս պարտավոր են իրենց օգնությունը ցուցաբերել Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար և միաժամանակ նշեց, որ Հայաստանի անվտանգությունը երաշխավորվում է միայն հայ ժողովրդի միասնական ուժով:
Սփյուռքահայ երիտասարդներից մեկն էլ հետաքրքվեց՝ արդյո՞ք հայկական բանակը պատրաստ է հետ վերադարձնել մեր նախնիների հողերն ու պաշտպանել դրանք: Պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ հայ զինվորը պատրաստ է պաշտպանել հայրենիքը:
Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանների պաշտպանությունն ու շատ բնակավայրերի ազատագրումն ապացուցում է, որ այդ ճանապարհին ենք: Սեյրան Օհանյանը նշեց, որ երիտասարդի ցանկությունն իրականացնել կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ, սակայն շեշտեց, որ պատրաստ են ցանկացած գործողություն տեղափոխել այլ տարածքներ:




