
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած այն տեղեկությունը, թե հակատանկային ականի վրա պայթել է հայկական ՊԲ Տ-72 տիպի երկու տանկ։
«Ադրբեջանական պրոպագանդայի կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ուսումնավարժական պարապմունքների ժամանակ հակատանկային ականի վրա պայթել է ՊԲ Տ-72 տիպի երկու տանկ, իրականությանը չի համապատասխանում: Տարածված տեղեկությունն ընդունեք որպես ադրբեջանական քարոզչության երևակայության արդյունք»,- ասված է ՊԲ տարածած հաղորդագրության մեջ։
Միեւնույն ժամանակ Արցախի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության զորքերի շփման գծում կրկին անհանգիստ է:
«Այսօր ժամը 14:00-ից սկսած առաջնային գծի արևելյան (Մարտունու և Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի տակ է առել հայկական դիրքերը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրությունը պատրաստելու ժամին՝ ժամը 18։55- ին, կողմերի միջև ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում էր: «Շփման գծի ողջ երկարությամբ հայ դիրքապահները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և իրավիճակը պահում աչալուրջ վերահսկողության տակ»:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը նաեւ հայտարարել է, որ առաջնային գծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:




