

Հուլիսի երկուսին կառավարությունը հավանության է արժանացրել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որն արդեն ուղարկվել է ԱԺ: Նախագծի համաձայն՝ մինչև 12 շաբաթական հղիության ժամկետում կինը միայն գրավոր դիմումի համաձայն կընդհատի հղիությունը, իսկ դրանից հետո օրենսդրորեն արգելվելու են սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները:
Հայաստանում անկախությունից ի վեր գրեթե երկու անգամ նվազել է ծնելիությունը։ Արտագաղթը բացասական ազդեցություն է թողնում Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վրա: 2011 թվականին կատարված առաջին հետազոտությունները ցույց են տվել, որ սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների հիմնական պատճառը մտածելակերպն է: Հայկական շատ ու շատ ընտանիքներում հաճախ ենք լսում «Օջախի լույսն ո՞վ վառ պետք է պահի, եթե չունենանք տղա» արտահայտությունը և արդյունքում բազմաթիվ աղջիկ երեխաների զրկում են ապրելու իրավունքից: Հետազոտությունները ցույց են տվել, որ սեռերի անհամամասնության ցուցանիշներով Հայաստանն աշխարհում Չինաստանից և Ադրբեջանից հետո զբաղեցնում է երրորդ տեղը: Հայաստանում 113 տղա է ծնվում 100 աղջկա հաշվով, տեղեկացնում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Սեռերի անհամամասնությունն էլ կարող է հանգեցնել միգրացիայի, թրաֆիկինգի և կանանց դեմ իրականացվող բռնությունների ավելացմանը, հավելեց Գարիկ Հայրապետյանը: Պատկերը մեղմելու համար կառավարությունը հավանություն է տվել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որն արդեն ուղարկվել է ԱԺ:
Ըստ նոր փոփոխությունների՝ կինը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետում, եթե արհեստական ընդհատման է փորձում գնալ, ապա պարտավոր է լինելու դիմում գրել՝ պատճառների վերաբերյալ և նրան կտրվի երեք օր ժամանակ վերջնական որոշում կայացնելու համար։ Այդ ընթացքում բժիշկը կնոջը պետք է տրամադրի սոցիալական և հոգեբանական խորհրդտավություն և գերձայնային հետազոտությամբ ցույց տա պտղին:
12 շաբաթականից հետո օրենքն արգելում է արհեստական ընդհատումը՝ բացառությամբ սոցիալական և բժշկական ցուցումների: Հղիության արհեստական ընդհատումից հետո բժիշկը պարտավոր է տեղեկացնել կնոջը հակաբեղմնավորիչ ժամանակակից մեթոդների մասին: Բժշկական փաստաթղթերում էլ պետք է գրառում կատարվի նախա և հետաբորտային խորհրդատվության մասին: ԱՆ մայրական և վերատադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը մատնանշեց նաև նախագծում ամրագրված սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումների արգելքները:
Ոլորտը վերահսկողը հուսով է, որ վերոնշյալ մեխանիզմների կիրառման դեպքում փոքր կլինեն խախտումները: Իսկ իրավախախտ բժիշկների նկատմամբ կկիրառվեն ֆինանսական տույժեր:




