
ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումներով պայմանավորված` վերջին շրջանում բազմաթիվ ՀՀ քաղաքացիների նկատմամբ սահմանվել է ՌԴ մուտքի արգելք: Ինչպես հայտնում են ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայությունից (ՄՊԾ), 2014թ. մայիսի 28-ից սկսած՝ ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության (ԴՄԾ) հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՄՊԾ-ն հավաքագրում է ՌԴ մուտքի արգելքը վերանայելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիների դիմումները` կից փաստաթղթերի հետ միասին, և փոխանցում դրանք Ռուսաստանի ԴՄԾ: Վերջինս, դրանք քննարկելով, որոշում է կայացնում մուտքի արգելքը բացելու կամ որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ:
Ըստ ՀՀ ՄՊԾ-ի հրապարակած վիճակագրական տեղեկատվության՝ ՀՀ քաղաքացիների ՌԴ տարածք մուտքի արգելքի վերանայման հարցով 2015թ.-ի առաջին 6 ամիսների ընթացքում ՄՊԾ-ն ստացել է 5 915 դիմում: ՄՊԾ-ից ՌԴ ԴՄԾ ուղարկվել է 5 662 գործ, որոնցից 3 499-ի վերաբերյալ ստացվել են պատասխաններ: Այդ թվում՝ 1 911-ի դեպքում ստուգումների արդյունքում ԴՄԾ տարածքային մարմիններին տրվել է մուտքը բացելու հանձնարարություն, 1 108 դեպքում մուտքի արգելքի մասին որոշումը մնացել է անփոփոխ՝ որոշումը փոփոխելու հիմքերի բացակայության հիմնավորմամբ, 298 դեպքում ՌԴ տարածքից վտարելու մասին դատարանի որոշման առկայության պատճառով մուտքն արգելվել է, ինչն ենթակա է բողոքարկման միայն դատական կարգով, 146 դեպքում ԴՄԾ-ն ՀՀ քաղաքացու մուտքն արգելելու մասին տեղեկություններ չունի, 24 դեպքում ԴՄԾ-ն չի հանդիսանում արգելքի որոշման ընդունման նախաձեռնողը, 12 դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունվել՝ անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական ներկայացված չլինելու պատճառով:
Արդյունքում՝ միայն ԴՄԾ իրավասության մեջ գտնվող գործերի 63 տոկոսի վերաբերյալ ստացվել են դրական պատասխաններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=27829
© Երկիրմեդիա




