

Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է: Խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսի 7-ին, անցել ավելի քան 1 ամիս, բայց կառավարություն դեռևս չի ձևավորվել: Խոսելով Թուրքիայում հունիսի 7-ն կայացած ընտրությունների, նոր կառավարության ձևավորման և հնարավոր նոր ընտրությունների մասին՝ թուրքագետ Հակոբ Չաքրյանը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի նախագահը այսպիսով փորձում է հասնել նոր արտահերթ ընտրությունների և միանձնյա իշխանության: Ներքին քաղաքական ճգնաժամն իհարկե կազդի նաև ատաքին քաղաքականության վրա, թեև Թուրքիան արդեն իսկ բավականին խճճվել է արտաքին քաղաքական դաշտում և չունի որևէ լուրջ դաշնակից:
Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին , բայց միայն ընտրություններից 21 օր հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հանձնարարեց նոր կառավարություն ձևավորել: Սա աննախադեպ երևույթ է և թուրքագետ Հակոբ Չաքրյանը ենթադրում է, որ նախագահ Էրդողանը դիտավորյալ է հետաձգում նոր կառավարության ձևավորումը՝ միանձնյա իշխանության հասնելու նպատակով:
«Լիարժեք նախագահական համակարգի անցնելու դեպքում վարչապետի պաշտոնը վերանում է և Դավութօղլուն փաստորեն պետք է վարչապետի պաշտոնից զրկվի»:
Եթե 45 օրվա ընթացքում Դավութողլուին չհաջողվի կառավարություն կազմել, ըստ սահմանադրության պետք է նշանակվեն նոր ընտրություններ: Ամենայն հավանականությամբ նոր ընտրությւոնները կնշանակվեն նոյեմբերին: Հակոբ Չաքրյանը չի բացառում, որ Թուրիքայում քաղաքական ճգնաժամը կբերի նաև տնտեսական ճգնաժամի: Ժողովուրդն էլ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը կտեսնի միանձնյա իշխանության մեջ: Թուրքագետը վստահ է, որ հենց այս հաշվարկներով է առաջնորդվում Թուրքիայի նախագահ Էրդողանը:
«Որպեսզի Էրդողանն իր նպատակին հասնի, առնվազն 337 պատգամավոր է իրեն պետք, մինչդեռ ունի 258-ը»:
Արդյոք ներքին քաղաքական ճգնաժամը կանդրադառնա նաև արտաքին քաղաքականության վրա, թուրքագետը նկատեց, որ Թուրքիան արդեն իսկ բավականին խճճվել է արտաքին քաղաքականության մեջ:
«Տարածաշրջանի երկրների հետ էլ է արդեն վատթարացել հարաբերությունները: Թուրքիան հիմա զրո բարեկամ ունի: Արևմուտքի հետ էլ է վատ, ԱՄՆ-ի»:
Միևնույն ժամանակ հաշվի առնելով Թուրքիայի հետ Միացյալ նահանգների լարվածությունը, Հակոբ Չաքրյանը չի կարծում, որ Միացյալ նահանգների նախագահը կփոխի իր դիրքորոշումը հայկական հարցի վերաբերյալ: Իսկ եթե անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը մտնի օրակարգ, նման իրավիճակում դրական արդյունքի չի հանգեցնի, նկատեց թուրքագետը:
«Ինձ թվում է՝ մինչև նախագահը ցեղասպանություն բառը չարտասանի սենատում կամ ներկայացուցիչների պալատում, չեմ կարծում, որ որևէ բանաձև հաջողություն ունենա»:




