

Հուլիսի 2-ի արտահերթով խորհրդարանն ավարտեց 7-րդ ՝ գարնանային նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորներն արդեն արձակուրդային տրամադրությունների մեջ են: Նստաշրջանի ընթացքում սակայն, այսպես ասենք արձակուրդայինից չտարբերովող ռեժիմի մեջ էր նաև էթիկայի հանձնաժողովը: Այն նստաշրջանի ընթացքում ըստ էության գործունեություն չծավալեց՝ որևէ նիստ չգումարեց, որևէ հարց չքննարկեց, հետևաբար որևէ որոշում էլ չկայացրեց: Ինչո՞ւ հանձնաժողովին այլևս չեն դիմում, ինչ եզրահանգումների բերում այս իրավիճակը՝ «Ռադիոլուրն» այս հարցերի մասին է զրուցել հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ:
Եվ ահա 7-րդ նստաշրջանը գրացել է ռեկորդային ցուցանիշը՝ ոչ մի դիմում, ոչ մի նիստ և ոչ մի որոշում: Սա արդյոք չի՞ նշանակում, որ հանձնաժողովին այլևս ոչ ոք չի վստահում՝ հարցնում եմ հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանին:
«Ես այդպես կատեգորիկ չէի գնահատի: Կարող եմ ասել, որ շատերը խոսում են էթիկայի կանոնների խախտումների մասին, դեպքեր են մատնանշում, բայց որևէ մեկը չգիտես ինչու չի դիմում: Եվ սա այն դեպքում, երբ հանձնաժողովի գործունեության վիճակագրությունը փաստում է, որ և հանրապետական, և ոչ հանրապետական պատգամավորների նախագահության շրջանում եղել են որոշումներ հենց հանրապետական պատգամավորների մասին: Այսինքն՝ հանձնաժողովն ապացուցել է, որ կուսակցական կաշկանդվածություն չունի և ազատ է իր որոշումների մեջ»:
Հանձնաժողովը, հիշեցնենք, հաջորդաբար նախագահում են խորհրդարանի ամենամեծաթիվ ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր խմբակցությունները: Բայց քանի որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը ՝ՀԱԿ-ը արդեն մի քանի տարի բոյկոտում է հանձնաժողովի աշխատանքը, ստացվում է, որ էթիկայի հանձնաժողովը վերջին շրջանում ղեկավարում են միայն հանրապետական պատգամավորները:
Արփինե Հովհաննիսյանը նկատի ունի, որ հանրապետական պատգամավորների նախագահության օրոք հանրապետական պատգամավորների դեմ որոշումներ են կայացվել: Դրանք շատ չեն: Վերջինը, որը մեկ տարի առաջ է կայացվել, վերաբերում էր Առաքել Մովսիսյանին: Պատգամավորը վիրավորել էր լրագրողներին, լրագրողները դիմել էին հանձնաժողով, հանձնաժողովն էլ որոշել էր, որ պատգամավորը խախտել է էթիկայի կանոնները: Բայց այս որոշումը ոչ թե ընթրցվեց ամբիոնից, այլ ընդամենը բաժանվեց պատգամավորներին, մինչդեռ կարող էր ընթերցվել ԱԺ ամբիոնից, այսինքն` ավելի հրապարակայնացվեր: Սա արդյոք չի նշանակում որ հանձնաժողովն ինքն էլ ամեն ինչ անում է, որ այդ հետևանքները հնարավորինս աննկատ լինեն: Արփինե Հովհաննիսյանը նախ նկատում է, որ ինքն այդ շրջանում հանձնաժողովի նախագահ չի եղել, բայց նաև հավելում, որ չի կարծում, թե որոշումը չընթերցելուց հրապարակայնությունը տուժել է:
«Չեմ կարծում, որ չընթերցվելու պատճառով այդ որոշման ռեզոնանսը փոքրացել է: Հանձնաժողովի որոշումների նկատմամբ լրատվամիջոցների ուշադրությունն այնքան մեծ է, որ դրանց հրապարակայնությունը, ռեզոնանսը, որ ցանկանում ենք ստանալ, ապահովվում է: Այսինքն՝ չեմ կարծում, որ որոշումը չընթերցվեց, այդ պատճառով դրա մասին քիչ մարդ իմացավ»:
Ի դեպ, միակ որոշումը, որն ընթերցվել է ԱԺ ամբիոնից, 2013 թ-ին կայացվածն էր Սամվել Ալեքսանյանի դեմ: Վերադառնալով հարցին, թե այդուհանդերձ ինչու հանձնաժողովին այլևս չեն դիմում, Արփինե Հովհաննիսյանը այլ պատճառ է նշում: Ասում է՝ մեղավորը ոչ թե հանձնաժողովն է, այլ այն կարծրատիպը, որ կա հանրային ընկալումների և հոգեբանության մեջ: Իսկ ըստ դրա՝ էթիկական պատասխանատվությունը շոշափելի չէ:
«Մեր ազգային հոգեբանության մեջ ընդունված է, որ պատասխանատվությունը պետք է քրեական, քաղաքացիական, վարչական, նյութական կամ կարգապահական բնույթ ունենա, այսինքն ենթադրի պատասխնատվություն, որն ուղղակիորեն առնչվում է ազատությանը, հարվածում է գրպանին կամ մեկ այլ կերպ է շոշափելիորեն արտահայտվում: Առիթներ ունեցել ենք համոզվելու սրանում, քանի որ եղել են որոշումներ, երբ հանրապետական պատգամավորի նախագահությամբ հանձնաժողովը հանրապետական պատգամավորին առնչվող որոշում է կայացրել, բայց հարց է հնչել՝ լավ, հետո՞: Այդ հետոն ենթադրում, պահանջում է շոշափելիություն»:
Այնպես որ, հանձնաժողովի պատժիչ լիազարություններ տալ հնարավոր չէ: Բայց հանրապետական պատգամավորը մեկ այլ առաջարկ ունի, որը, կարծում է, կարող է փոխել իրավիճակը: Կարծում է, որ Էթիկայի հանձնաժողովը պետք է կարողանա գործունեություն ծավալել ոչ միայն դիմումների հիման վրա, այլ նաև՝ սեփական նախաձեռնությամբ, բոլոր այն դեպքերում, երբ կհամարի, որ էթիկայի խախտումներ կան: Հետաքրքիր էր, թե այս նստաշրջանի ընթացքում եղե՞լ են միջադեպեր, որ նման իրավասություն ունենալու դեպքում հանձնաժողովը քննության կառներ:
«Որպես հանձնաժողովի նախագահ զերծ կմնամ տեսակետ հայտնելուց, բայց որպես պատգամավոր կասեմ, որ, այո, եղել են իրավիճակներ, որոնցում էթիկայի կանոնների խախտում կարելի կլիներ արձանագրել: Սա իմ տեսակետն է, բայց անուններ խնդրում եմ մի պահանջեք: Սա պարզապես իմ դիտարկումն է ՝ հիմնված ԱԺ կանոնակարգ օրենքում ամրագրված կանոնների ուսումնասիրության վրա»:




